Պատրաստվում եմ մասնակցել համաշխարհային օլիմպիադային, սպասելիքներս մեծ են․ Ռոբերտ Հովհաննիսյան
Tue, 28 Jul 2026 21:00:12 +0400

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ, ՀՀ առաջնության եռակի հաղթող (2011, 2024, 2025) Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է Ֆրանսիայում կայացած «Dole Open 2026» միջազգային մրցաշարի հաղթող։ «Հրապարակը» մի քանի հարց է ուղղել տիտղոսակիր գրոսմայստերին։
– Դուք և մեր շախմատային ազգային ընտրանու մեր մյուս անդամ Հայկ Մարտիրոսյանը մրցաշարում ոչ մի պարտություն չկրեցիք, իսկ վճռրորոշ փուլում՝ թայմ-բրեյքով 2։0 հաշվով առավելությունն ու վերջնական հաղթանակը ձերն էր։ Ինչպե՞ս կգնահատեք ընդհանուր առմամբ ձեր խաղացած պարտիանները և ո՞րն էր դրանցից, ըստ ձեզ, ամենատվապորիչն ու դրամատիկը։
– Մրցաշարը հաջող ստացվեց ինձ համար, գոհ եմ նաև իմ ցուցադրած խաղի որակից։ Ամենահիշարժանը, երևի, 2-րդ տուրում խաղացած պարտիայից Թեոդորա Ինյացի դեմ էր, որում ստացել էի շատ վատ դիրք ու ամեն գնով փորձում էի բարդացնել դիրքը, որն այդքան էլ բնորոշ չէ իմ խաղաոճին։ Ի վերջո, կարողացա հաղթել այդ պարտիան։
– Փաստորեն միջազգային մրցասպարեզում Հայաստանը շարունակում է «տոն տալ» և հիշեցնել մեր փոքրիկ երկրի շախմատային գերտերություն լինելու մասին։ Հետաքրքիր է, ձեզնից և Հայկից բացի՝ մեր այլ հայրենակիցներ մասնակցու՞մ էին իմաստուն խաղի միջազգային ստուգատեսին։
– Մրցաշարում խաղում էին նաև մի շարք մեր հայրենակիցներ։ Մասնավորապես ուզում եմ առանձնացնել Սերգեյ Սկլոկին-Բագիյանին (Հայաստանը ներկայացնող շախմատիստ է, միջազգային վարպետ-խմբ․), ով տաղանդավոր երիտասարդ շախմատիստ է և մեծ հույսեր ենք կապում նրա հետ։
– Կնկարագրե՞ք ինչո՞վ է հայտնի, ի՞նչ առանձնահատկություն ունի «Dole Open 2026» մրցաշարը։ Ի՞նչ մասնակիցների կազմ էր հավաքել այն այս անգամ։
– «Dole Open»-ը մի շարք մրցաշարերից է, որոնք FIDE Circuit մրցաշարերի ցանկում են, և շախմատիստները կարողանում են միավորներ հավաքել հավակնորդների մրցաշարի համար պայքարելու համար։ Պատահական չէ, որ խաղում էին այնպիսի ուժեղ շախմատիստներ, ինչպիսիք են՝ Նեպոնյաշչին, Տաբատաբային, Մաղսուդլոն և այլն։
– Առաջիկայում ո՞րն է ձեր հաջորդ մրցահարթակը և ի՞նչ սպասելիքներ ունեք։ Գիտենք, օրինակ, այս տարի չմասնակցեցիք ՀՀ առաջնությանը՝ գործող չեմպիոն լինելով հանդերձ։
– Առաջիկայում պատրաստվում եմ մասնակցել Հայաստանի հավաքականի կազմում սեպտեմբերին Ուզբեկստանում անցկացելիք համաշխարհային օլիմպիադային։ Սպասելիքները մեծ են, տեսնենք՝ ինչ կստացվի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր