Նիկոլին վերցնեն՝ Պետրոսը կշահի (Լրագրային շանսոն)
Thu, 06 Aug 2026 19:45:36 +0400

Առավոտյան մի այնպիսի նախազգացում ունեի` իբր ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները մտել են Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակ եւ խուզարկում են: Ինչ են փնտրում՝ հայտնի չէ: Այս մասին ԱԱԾ-ն նախապես հայտարարություն չէր տարածել: Ինքը՝ Փաշինյանը, աշխատասենյակում չէ: Քարտուղարուհուն դեմ են տվել պատին, բերանը «սկոչով» փակել, որ ծպտուն չհանի: Շենքի միջանցքներում մեռելային լռություն է, տարհանել են բոլորին: Ներքեւում՝ փողկապով ու կաստում-շլվարով քաղաքացիների մեջ, ես նշմարում եմ սփրթնած պահակին եւ, մի կողմ քաշելով, հարցնում.
– Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ պաշտոնյաները տեղում չեն, ինչո՞ւ են ցույց անում…
– Ցույց չի, «օբլավ» ա, ԱԱԾ-ն մեծարգո պարոն Փաշինյանին ա փնտրում:
– Ո՞նց թե…
– Հա, ինձ էլ հարցրին, ասի՝ չեմ տեսել, ոչինչ չեմ կարող ասել:
– Բա հետո՞…
– Էլ ինչ հետո, լցվեցին ներս, էս հարիֆներին հանեցին դուրս եւ հիմա մեծարգո պարոն Փաշինյանի աշխատասենյակն են ստուգում:
– Ի՞նչ են փնտրում՝ թղթեր, ձայնագրություններ, նոր «լայվեր»… փող:
– Չգիտեմ:
– Նիկոլը, փաստորեն, թռած է, հա՞:
– Չգիտեմ, չեմ կարող ասել:
– Իսկ կարող ա՞ տարածքում ա՝ զուգարանում, հանգստի սենյակում…
– Չգիտեմ, չեմ կարող ասել:
Փորձում եմ ԱԱԾ աշխատակիցներից մեկից ճշտել, թե բարձր պաշտոնյայի բացակայությամբ ինչ իրավունքով են խուզարկում նրա աշխատասենյակը: Սա ինձ մի տեսակ է նայում.
– Իսկ դու ի՞նչ գիտես, որ խուզարկությունն առանց Նիկոլ Փաշինյանի է ընթանում:
– Ենթադրում եմ:
– Ինչի՞ց ես ենթադրում:
– Այս լռությունից… Եթե Նիկոլը վերեւում լիներ, հիմա նրա ճղճղոցը աշխարհ էր բռնել:
– Տրամաբանական է: Բայց Դուք, քաղաքացի, գնացեք այստեղից, կարիք չկա, որ քիթներդ մտցնեք Նիկոլի գործերի մեջ:
– Բայց, ախր, նա մեր երկրի վարչապետն է, չիմանա՞նք, թե ինչ է պատահել, ինչու են նրա աշխատասենյակը խուզարկում:
– Եթե ոտքդ կախ գցես, քեզ էլ կխուզարկենք: Ավելի լավ է՝ գնա, քանի դեռ ես բարի եմ:
Այդ պահին շենքին մի սեւ մեքենա է մոտենում: Բարձրաստիճան սպան հենց մեքենայից կարգադրում է. «Ատբոյ, օպերացիայի ավարտ, կլիենտին վերցրել ենք դաչեքում»:
– Լսում եմ, պարոն գնդապետ, ատբոյ,- ձգվում է իմ «ծանոթ» ԱԱԾ-ականը եւ բարձրանում վերեւ՝ լուրը Նիկոլի աշխատասենյակը խուզարկողներին տանելու:
Ես մինչեւ իրար կկապեի «ատբոյ», «օպերացիա», «կլիենտ», «վերցնել», «դաչեք» բառերը, որ հասկանամ, թե ինչ է պատահել, կաստում-շլվարով «ցուցարարները» թռնում են կառավարության շենքի բակից՝ որը մեքենայով է ճողոպրում, որը՝ ոտով, որը՝ հանրային տրանսպորտով: Մնում ենք ես ու սփրթնած պահակը:
– Փաստորեն, մեծարգո պարոն Փաշինյանին վերցրել են,- ասում է նա ցածրաձայն:
– Ինչի՞ց ենթադրեցիր:
– Այս լռությունից… Տեսա՞ր պաշտոնյաները ոնց փախան…
– Տեսա… Բայց դու չփախար:
– Ե՞ս ինչու պետք է փախչեմ: Գործից պետք է հանե՞ն, թող հանեն: Պահակի գործ ինչքան ասես կա:
Նա մտնում է ներս: Ես, դրսում կանգնած, հետեւում եմ մարդկանց անցուդարձին: Ոչ ոք լուր չունի տեղի ունեցածից: Իրենց համար գնում-գալիս են, ամեն մեկն իր գործով է զբաղված: Զբոսաշրջիկների մի խումբ է մոտենում ինձ.
– Կներեք, ա՞յս շենքում է նստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
– Այո,- ինքնաբերաբար ասում եմ ես եւ իսկույն էլ ճշտում,- այստեղ էր նստում, բայց նրան այսօր վերցրել են, աշխատանքի չի եկել:
Քայլում եմ դեպի մետրո: Մտքերս ինձ տանում են Պետրոս Ղազարյանի մոտ… Էլի էդ «կռիսը» շահեց, մարդիկ այսօր Հ1-ի «Հատուկ հաղորդագրություններից» բացի ոչինչ չեն նայելու:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր