Հինգշաբթի , 6 Օգոստոսի 2026

«Անկլավ» հասկացությունը եւ Հայաստանի ինքնիշխանությունը

«Անկլավ» հասկացությունը եւ Հայաստանի ինքնիշխանությունը

Thu, 06 Aug 2026 19:15:14 +0400


Վերջին շրջանում տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի իշխանությունները դեմ չեն Ադրբեջանին հանձնել մեր հանրապետության որոշ տարածքներ ՝ դրանք անվանելով ադրբեջանական անկլավներ։ Օրինակ ՝ Տիգրանաշենը, որը ռազմավարական մեծ նշանակություն ունի մեր ազգային անվտանգության համար։

Պետության տարածքն ու պետական սահմանները չեն որոշվում քարտեզներով, հանրագիտարաններով կամ առանձին հեղինակների մեկնաբանություններով։ Դրանք սահմանվում են բացառապես միջազգային իրավունքի նորմերով և համապատասխան ներպետական իրավական ակտերով։ Պետությունների միջև սահմանների իրավական ամրագրումը կատարվում է միջպետական պայմանագրերով, իսկ զինված հակամարտություններից հետո՝ նաև խաղաղության պայմանագրերով։

Քարտեզները, այդ թվում՝ խորհրդային տարիներին կազմված վարչական քարտեզները, կարող են ծառայել որպես պատմական կամ տեխնիկական տեղեկատվության աղբյուր, սակայն ինքնին իրավական ուժ չունեն պետական սահմաններ որոշելու կամ փոփոխելու համար։ Դրանք կարող են օգտագործվել միայն որպես օժանդակ նյութ սահմանազատման (delimitation) և սահմանագծման (demarcation) գործընթացներում, եթե այդպիսի կիրառումը նախատեսված է կողմերի միջև ձեռք բերված իրավական համաձայնությամբ։

Հետևաբար, Հայաստանի Հանրապետության տարածքի որևէ հատվածի նկատմամբ «անկլավ» եզրույթի կիրառելիությունը չի կարող հիմնվել միայն քարտեզագրական կամ պատմական փաստաթղթերի վրա։ Այդ հարցը պետք է գնահատվի բացառապես գործող միջազգային իրավունքի, Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի և Հայաստանի ու հարևան պետությունների միջև իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող համաձայնագրերի համատեքստում։

Այս իրավական հիմքերից ելնելով՝ ստորև կանդրադառնանք այն տարածքներին, որոնք հանրային և քաղաքական քննարկումներում հաճախ անվանվում են «անկլավներ», ինչպես նաև Հայաստանի Հանրապետության այլ ինքնիշխան տարածքների իրավական կարգավիճակին։

Առաջին հերթին անհրաժեշտ է արձանագրել մի հիմնարար հանգամանք. Խորհրդային Միությունում իրավական առումով «անկլավներ» գոյություն չեն ունեցել։ Այդպիսի կարգավիճակ սահմանող կամ նույնիսկ «անկլավ» եզրույթն օգտագործող որևէ իրավական ակտ չի ընդունվել։ Այն հնարավոր չէ գտնել ոչ ԽՍՀՄ Սահմանադրություններում, ոչ միութենական հանրապետությունների սահմանադրություններում, ոչ էլ խորհրդային որևէ այլ նորմատիվ իրավական ակտում։

Հետևաբար, օրինակ, Տիգրանաշենը կամ այլ բնակավայրեր «անկլավ» անվանելը չունի իրավական հիմք։ Նման ձևակերպումները լավագույն դեպքում պայմանավորված են իրավական հարցերի ոչ լիարժեք ընկալմամբ, իսկ վատագույն դեպքում՝ հանրային կարծիքի վրա ազդելու նպատակ ունեցող քաղաքական մանիպուլյացիաներով։
Ավելին, Խորհրդային Միության սահմանադրական համակարգում միութենական հանրապետությունների տարածքային փոփոխությունները չէին կարող իրականացվել կամայականորեն։ Եթե մի հանրապետության տարածքի որևէ հատված պետք է փոխանցվեր մյուսին, ապա դրա համար անհրաժեշտ էր ոչ միայն համապատասխան հանրապետությունների համաձայնությունը, այլև ԽՍՀՄ բարձրագույն պետական մարմինների հաստատումը։
Դա բխում էր ԽՍՀՄ սահմանադրական կարգավորումներից։ 1924 և 1936 թվականների ԽՍՀՄ Սահմանադրությունները հանրապետությունների ինքնիշխանությունը սահմանափակում էին Միության իրավասություններով (համապատասխանաբար՝ 3-րդ և 15-րդ հոդվածներ)։ Իսկ 1977 թվականի ԽՍՀՄ Սահմանադրության 78-րդ հոդվածը հստակ սահմանում էր, որ միութենական հանրապետության տարածքը կարող է փոփոխվել միայն նրա համաձայնությամբ և ԽՍՀՄ կողմից համապատասխան հաստատումից հետո։ Այլ կերպ ասած՝ որևէ տարածքային փոփոխություն չէր կարող իրավական ուժ ստանալ առանց ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կամ օրենքով լիազորված միութենական մարմնի որոշման։

Մեր ուսումնասիրության ընթացքում չենք հայտնաբերել որևէ իրավական ակտ, որով ԽՍՀՄ սահմանադրական կարգով ստեղծվել կամ ամրագրվել են Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքում այսպես կոչված «անկլավներ»։ Հետևաբար, նման տարածքների գոյության մասին պնդումները հիմնված չեն խորհրդային իրավունքի վրա։
Սրա պատճառը պարզ է. ԽՍՀՄ իրավական համակարգում միութենական հանրապետության տարածքը դիտվում էր որպես Խորհրդային Միության միասնական պետական տարածքի բաղկացուցիչ մաս։ Հետևաբար, հանրապետությունների միջև սահմանների ցանկացած փոփոխություն համարվում էր համամիութենական նշանակության հարց և կարող էր իրականացվել միայն սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգով։
Երկրորդ, նույնիսկ այն դեպքերում, երբ խորհրդային իրավունքը թույլ էր տալիս որոշակի օբյեկտների կամ կառավարման գործառույթների փոխանցում միութենական հանրապետությունների միջև, դա որևէ կերպ չէր նշանակում տվյալ տարածքի իրավական պատկանելության փոփոխություն։

Մասնավորապես, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի 1979 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 940 որոշմամբ նախատեսվում էր, որ ձեռնարկությունների, միավորումների, կազմակերպությունների, հիմնարկների, ինչպես նաև շենքերի և կառույցների փոխանցումը մեկ միութենական հանրապետությունից մյուսին կարող էր իրականացվել համապատասխան հանրապետությունների նախարարների խորհուրդների որոշումներով։

Սակայն այդ որոշումը վերաբերում էր բացառապես գույքի և կառավարման համակարգին, այլ ոչ թե պետական տարածքին։ Եթե որևէ ձեռնարկություն, հիմնարկ կամ վարչական կառույց փոխանցվում էր մեկ հանրապետության ենթակայությունից մյուսին, դա չէր նշանակում, որ փոխվում էր նաև այն հողատարածքի կամ բնակավայրի իրավական պատկանելությունը, որտեղ այն գտնվում էր։

Նույն տրամաբանությունը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ առանձին բնակավայրերի կամ վարչական միավորների նկատմամբ վարչական կամ գերատեսչական գործառույթներ էին իրականացվում հարևան հանրապետության մարմինների կողմից։ Այդպիսի վարչական ենթակայությունը կամ կառավարումը չէր նշանակում տարածքի փոխանցում և չէր կարող փոխել հանրապետությունների միջև սահմանները։

Ինչպես արդեն նշվեց, միութենական հանրապետությունների տարածքների փոփոխությունը սահմանադրական նշանակության հարց էր և կարող էր իրականացվել միայն ԽՍՀՄ սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգով՝ համապատասխան համամիութենական իրավական ակտի ընդունմամբ։ Ուստի վարչական կամ տնտեսական բնույթի որոշումները չեն կարող դիտարկվել որպես Հայաստանի որևէ տարածքի՝ այլ հանրապետությանն իրավական փոխանցման ապացույց։

Երրորդ. Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող դիտարկվել որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի միակ կամ ինքնաբավ իրավական հիմք։
Վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները, հիմնավորելով այսպես կոչված «անկլավների» վերաբերյալ իրենց դիրքորոշումը, հաճախ հղում են կատարում 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի հռչակագրին՝ այն ներկայացնելով որպես Հայաստանի Հանրապետության տարածքի և հայ-ադրբեջանական պետական սահմանի որոշման հիմնական իրավական հիմք։ Ըստ այդ մեկնաբանության՝ ԽՍՀՄ միութենական հանրապետությունների վարչական սահմանները, իբր, ավտոմատ կերպով վերածվել են անկախ պետությունների միջպետական սահմանների։

Սակայն Ալմա-Աթայի հռչակագրի տեքստում նման դրույթ չկա։ Հռչակագիրը չի սահմանում պետական սահմանների որոշման կամ սահմանազատման իրավական ընթացակարգ և չի ամրագրում, որ խորհրդային վարչական սահմաններն ինքնաբերաբար դառնում են միջազգային սահմաններ։

Ավելին, հռչակագրի մասնակից պետությունները վերահաստատում են միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ստորագրման պահին գոյություն ունեցող սահմանների նկատմամբ հարգանքը։ Սակայն այդ ձևակերպումն ինքնին չի լուծում տարածքային պատկանելության կամ սահմանների ճշգրտման հետ կապված բոլոր իրավական հարցերը և չի փոխարինում միջպետական սահմանային պայմանագրերին։
Ալմա-Աթայի հռչակագրի իրավական նշանակությունը նախևառաջ այն է, որ դրա ստորագրողները հայտարարեցին երկու շաբաթ առաջ՝ 1991 թվականի դեկտեմբերի 8-ին, ստորագրված Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) ստեղծման մասին համաձայնագրին միանալու մասին։ Հետևաբար, հռչակագրի բովանդակությունը պետք է գնահատել նաև այդ համաձայնագրի և դրա վավերացման պայմանների համատեքստում։
Հատկանշական է, որ Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց «Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը վերապահումներով։ Այս հանգամանքը կարևոր է նաև այն պատճառով, որ ներկայիս պաշտոնական մեկնաբանություններում, որպես կանոն, հիշատակվում է միայն Ալմա-Աթայի հռչակագիրը, մինչդեռ անտեսվում են Հայաստանի կողմից նույն իրավական փաթեթի վավերացման ընթացքում կատարված վերապահումները։ Մինչդեռ միջազգային իրավունքում պայմանագրի վավերացման ժամանակ արված վերապահումները հանդիսանում են տվյալ պետության ստանձնած պարտավորությունների անբաժանելի մասը և պետք է հաշվի առնվեն համապատասխան փաստաթղթի իրավական բովանդակությունը մեկնաբանելիս։

Չորրորդ. Ադրբեջանի իրավաբանները, հասկանալով Ադրբեջանի տարածքային պահանջների փխրունությունը, փորձում են արդարացնել դրանք՝ մեջբերելով միջազգային իրավունքի uti possidetis սկզբունքը, որը նշանակում է «տիրապետել այն, ինչ ներկայումս ունեք»: Սակայն Ադրբեջանը չուներ այդ տարածքները, երբ անջատվեց ԽՍՀՄ-ից: Երկրորդ, այս սկզբունքը կիրառվեց նախկին լատինաամերիկյան և աֆրիկյան գաղութների նկատմամբ՝ անկախություն ձեռք բերելուց հետո, որի նպատակն է նորաստեղծ պետությունների միջև պահպանել անկախականալու պահին գոյություն ունեցող վարչական սահմանները՝ հետագայում տարածքային վեճերից խուսափելու համար։ Այս սկզբունքի կիրառումը հայ-ադրբեջանական հարաբերությունների նկատմամբ առնվազն վիճելի է մի քանի պատճառներով։

Նախ, uti possidetis juris-ը , ինչպես նշվեց, ձևավորվել և զարգացել է հիմնականում Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի ապագաղութացման գործընթացներում։ Խորհրդային Միության փլուզումն իր իրավական բնույթով էապես տարբերվում էր այդ գործընթացներից։ ԽՍՀՄ-ը գաղութային կայսրություն չէր, այլ բարդ դաշնային պետություն՝ բաղկացած միութենական հանրապետություններից, ինքնավար հանրապետություններից, ինքնավար մարզերից և ինքնավար օկրուգներից, որոնց իրավական կարգավիճակը կարգավորվում էր ԽՍՀՄ սահմանադրական համակարգով։

Երկրորդ, նույնիսկ եթե ընդունվի, որ uti possidetis juris-ը տեսականորեն կարող էր կիրառվել ԽՍՀՄ փլուզման համատեքստում, այն չէր կարող իրավունք ծնել այն տարածքների նկատմամբ, որոնք անկախության պահին փաստացի չէին գտնվում տվյալ պետության իրավազորության և վերահսկողության ներքո։ Հետևաբար, այդ սկզբունքն ինքնին չի կարող բավարար իրավական հիմք հանդիսանալ Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ պահանջներ ներկայացնելու համար։

Երրորդ. Ադրբեջանի սահմանադրական իրավունքն ինքն է հարցականի տակ դնում նման պահանջների իրավական հիմքերը։ 1991 թվականի «Ադրբեջանական Հանրապետության պետական անկախության մասին» սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածով Ադրբեջանը հայտարարեց իրեն 1918–1920 թվականներին գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը։ Միաժամանակ, նույն օրենքի 3-րդ հոդվածով նշվեց, որ 1922 թվականի դեկտեմբերի 30-ի ԽՍՀՄ կազմավորման մասին պայմանագիրը Ադրբեջանի նկատմամբ համարվում է անվավեր ստորագրման պահից, ինչից բխում է, որ Ադրբեջանական ԽՍՀ-ի ստեղծման իրավական հիմքը մերժվում է հենց Ադրբեջանի կողմից։

Այս հանգամանքը առաջացնում է լուրջ իրավական հարց. եթե ժամանակակից Ադրբեջանը հրաժարվում է խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից, ապա ինչպիսի՞ իրավական հիմքով կարող է իր տարածքային պահանջները հիմնել հենց խորհրդային ժամանակաշրջանի վարչական քարտեզների կամ վարչատարածքային կարգավորումների վրա։ Առնվազն այս հարցը պահանջում է հստակ և հետևողական իրավական հիմնավորում, որը մինչ օրս ներկայացված չէ։

Վերոգրյալից հետևում է, որ Հայաստանի Հանրապետության որևէ տարածք «ադրբեջանական անկլավ» որակելու համար բավարար իրավական հիմքեր առկա չեն։ Ընդհակառակը, նման պնդումները հիմնված են իրավականորեն վիճելի մեկնաբանությունների վրա, որոնք չեն կարող փոխարինել միջազգային պայմանագրերին, սահմանադրական ակտերին և սահմանների փոփոխության համար անհրաժեշտ իրավական ընթացակարգերին։

Նիկոլ Փաշինյանն ինքը մի անգամ հայտարարել է. «Մենք պետք է հասկանանք քարտեզի վրա գծված անկլավների իրավական հիմքը, անկախ նրանից՝ դրանց համար իրավական հիմք կա, թե ոչ։ Կամ դա պարզապես քարտեզի վրա ուրվագիծ է, թե, ասենք, երկու կոլտնտեսությունների որոշում՝ իրենց տարածքից հող նվիրաբերելու մեկ այլ՝ ադրբեջանականի։ Մենք լրջորեն կասկածում ենք, որ այս գործողություններն ունեն իրավական հիմք»։ https://shorturl.at/dAcW6 ։

Այս հայտարարությունը փաստում է, որ նույնիսկ պետական բարձրագույն մակարդակով նախկինում ընդունվել էր՝ «անկլավների» իրավական հիմքերի հարցը պահանջում է առանձին ուսումնասիրություն և չի կարող լուծվել միայն քարտեզներին հղում անելով։ Եթե այսօր որդեգրվում է այլ մոտեցում, ապա այն պետք է հիմնավորվի նոր, հրապարակային և իրավաբանորեն ստուգելի փաստարկներով։

Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ ցանկացած որոշում պետք է հիմնված լինի ոչ թե քաղաքական նպատակահարմարության կամ ընտրովի մեկնաբանությունների, այլ միջազգային իրավունքի, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և իրավական որոշակիության սկզբունքի վրա։ Հակառակ դեպքում վտանգվում է ոչ միայն առանձին տարածքների իրավական կարգավիճակը, այլև Հայաստանի պետականության հիմնարար շահերը։

Պետության տարածքային ամբողջականությանը վերաբերող ցանկացած որոշում պետք է հիմնված լինի բացառապես իրավական անվիճելի հիմքերի վրա։ Հակառակ դեպքում ստեղծվում է վտանգավոր նախադեպ, որը կարող է ունենալ երկարաժամկետ և անդառնալի հետևանքներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անվտանգության համար, ինչն անթույլատրելի է:

Միհրան Շահզադեյան
Ատոմ Մխիթարյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԲՏԱ փոխնախարարը հեռանում է

ԲՏԱ փոխնախարարը հեռանում է Thu, 06 Aug 2026 17:03:58 +0400 Սիրելի՛ հայրենակիցներ, Շուրջ երկուսուկես տարի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով