Երեքշաբթի , 11 Օգոստոսի 2026

«Հրապարակ». Հայաստանի իշխանություններն Իրանի հետ թշնամացման են գնում

«Հրապարակ». Հայաստանի իշխանություններն Իրանի հետ թշնամացման են գնում

Tue, 11 Aug 2026 11:45:59 +0400


Նիկոլ Փաշինյանը սկզբում հայտարարեց, որ եթե Ռուսաստանը չչեղարկի Հայաստանի դեմ տնտեսական սահմանափակումները, ապա դա կլինի ԵԱՏՄ-ի կործանման սկիզբը, ապա գնաց մասնակցելու ԵԱՏՄ նիստին, որտեղ հայտարարեց, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ պետությունների հետ հարաբերությունները խորացնելու ջատագով է: Դրանից հետո` օգոստոսի 8-ին, զանգահարեց Ալիեւին՝ շնորհավորելու անցած տարվա նույն օրը կնքված նախապայմանագրի առթիվ, ապա Թրամփը հեռախոսազրույց ունեցավ Ալիեւի, իսկ հետո` Փաշինյանի հետ: Թե այս քաղաքական ու միջազգային ասորտիի հետեւում իրականում ինչ զարգացումներ են տեղի ունենում, փորձեցինք հասկանալ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, դիվանագետ Ձյունիկ Աղաջանյանի հետ:

– Փաշինյանը մասնակցեց ԵԱՏՄ նիստին, հայտարարություններ հնչեցրեց: Ի վերջո, ինչո՞ւ գնաց այդ նիստին մասնակցելու, կարող էր Մհեր Գրիգորյանին գործուղել եւ ինչ արդյունքներով հետ եկավ:

– Նախ հասկանանք, որ այս իշխանությունները փաստացիորեն վարում են Հայաստանն Արեւմուտքի հովանու ներքո զետեղելու քաղաքականություն՝ ՆԱՏՕ-ի հովանու ներքո, բայց քանի որ դրա մասին հայտարարելը կարող է էական խնդիրներ առաջացնել, որպես գործիքակազմ ընտրվել է ԵՄ-ի անդամակցության ճանապարհը, ինչը նախկինում դիտարկվել է բացառապես տնտեսական, իրավական հարթությունում եւ շատ ավելի մարսելի էր նույն ռուսական կամ նույն իրանական կողմերի համար: Եվ մենք տեսել ենք այդ նույն ձեռագիրը թե՛ Ուկրաինայի, թե՛ Մոլդովայի պարագայում՝ նախկինում, որովհետեւ դա նվազագույն դիմադրության ճանապարհն էր, որով կարելի էր գնալ ու ինչ-որ մի պահի փաստի առաջ կանգնեցնել մեր դաշնակիցներին: Բայց ժամանակն իր ճշգրտումները մտցրեց, եւ այսօր որեւէ մեկը ԵՄ-ն չի ընկալում որպես զուտ քաղաքական կամ զուտ տնտեսական միություն, այլ շատ լավ հասկանում են, որ դա փաստացի ռազմաքաղաքական տրամադրություններով, հակառուսականությամբ տոգորված եւ ակտիվորեն զինվելով պատերազմի պատրաստվող քաղաքական կառույց է, որը տասնամյակներ շարունակ այդ քաղաքականությունն է որդեգրել եւ այսօր իրեն փակուղու մեջ դնելով այլ ելք չի տեսնում, քան այդ գործելակերպը շարունակելը: Հիմա ինչո՞ւ Փաշինյանն այս պահին գնաց ԵԱՏՄ, որովհետեւ ընտրություններն ավարտվել են:

– Նախկինում երբեմն իր փոխարեն Մհեր Գրիգորյանին էր ուղարկում, ինչո՞ւ հիմա ինքը գնաց:

– Նախկինում Մհեր Գրիգորյանին ուղարկելով փորձում էր ավելի չսրել հարաբերությունները` շատ լավ իմանալով մեր քաղաքացիների վերաբերմունքը Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների հետ բարդացման առումով եւ դրա անդրադարձն իրենց ակնկալվող քվեների վրա։ Եվ երկրորդը․ այսպիսի մի մտածելակերպ ունի, որի դրսեւորումը տեսանք նաեւ իրենց քարոզարշավի ժամանակ, որ ընտրության արդյունքները, այսպես թե այնպես, ստիպված են լինելու ընդունել, եւ որ դա կհարթի այսօր առկա խնդիրները: Բայց դա ցույց է տալիս, որ իրենք լավ չեն հասկանում, որ բոլոր գնացքներն արդեն գնացել են, եւ այն խաբեության ու ստի վարքագիծը, որ դրսեւորվել է մինչ օրս` Ռուսաստանի գլխի տակ փափուկ բարձ դնելով, այնտեղ մի բան ներկայացնելով, իրականում բոլորվին այլ` էլ ավելի հակառուսական քաղաքականություն իրականացնելով, իրենք ուղղակի սպառել են համբերության այն պաշարը, որ ռուսական կողմը կարող էր դրսեւորել: Հատկապես մի ժամանակահատվածում, երբ մտնում ենք կրիտիկական զարգացումների եւ որոշումների շրջան: Սա է պատճառը, որ ռուսական կողմը պաշտոնապես չի շնորհավորել՝ շատ լավ հասկանալով, թե ինչպիսի աղաղակող խախտումներով են ընտրությունները կայացել, եւ ինչպիսի ձայների գողությամբ է այս իշխանությունը վերարտադրվել եւ ստացել այն մեծամասնության դիրքերը, որն իրականում չի վաստակել որպես քաղաքական ուժ: Եվ երրորդը․ շատ լավ հասկանալով, որ այսպիսի քաղաքականություն վարելով նաեւ հնարավորություն է տալիս ժողովրդի կամքը խեղելով, սեփական ցանկություններն ու հանձնառությունները որպես ժողովրդի ցանկություն ներկայացնելով, Հայաստանը դարձնել հերթական պլացդարմ՝ արեւմտյան ռազմաքաղաքական շահերն առաջ տանելու համար, որը վնաս է ե՛ւ Ռուսաստանին, ե՛ւ Իրանին, եւ՛ նաեւ այսօր հստակ ձեւավորվող բազմաբեւեռ աշխարհի կայացմանը, որի ջատագովներից են թե՛ Ռուսաստանը, թե՛ Չինաստանը: Սրանով է պայմանավորված, որ նա փորձում է հարաբերությունների բարելավման պատրանք ստեղծող քայլեր անել եւ մյուս կողմից փորձել դա ներկայացնել իբրեւ թե ԵԱՏՄ գործիքակազմին ու քաղաքականությանը հակասող, որը բացարձակապես այդպես չէ: Այո, ԵԱՏՄ շրջանակներում դա կարելի է քննարկել, եւ, բնականաբար, յուրաքանչյուր պետության իրավունքն է՝ սեփական հայեցողությամբ դիտարկել եւ ներկայացնել, բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ այստեղ խնդիրները շատ ավելի խորքային են եւ ԵԱՏՄ կարգերի հետ առնչություն չունեն:

– Ղազախստանի հետ մտերմացման փորձերը ԵԱՏՄ-ի շրջանակներո՞ւմ են:

– Ղազախստանը խիստ պրոթուրքական է, նաեւ Արեւմուտքի հետ խաղեր տալու քաղաքականությունը հաշվի առնելով, Փաշինյանը փորձում է Ղազախստանի միջոցով ինչ-որ բարի խոսք փոխանցել Ռուսաստանի ղեկավարությանը` տնտեսական սահմանափակումների այս հորձանուտն ինչ-որ կերպ մեղմելու համար, որն ինքը շատ լավ հասկանում է, որ կարող է ուղղակի իր իշխանության կործանման դուռը բացել շատ կարճ ժամանակահատվածում:

– Անդրադառնանք Թրամփի հետ Փաշինյանի զրույցին, որը տեղի ունեցավ Թրամփ-Ալիեւ հեռախոսազրույցից հետո, եւ Փաշինյան-Ալիեւ զրույցին: Ի՞նչ է կատարվում:

– Մենք բեմադրված խաղաղության տեսլականի ներկայացմանն ենք ականատես․ փորձում են մեր ժողովրդին կերակրել գոյություն չունեցող խաղաղության պատկերով, եւ դրա շրջանակում ուղղակի պիտի դիտարկել այս զանգը՝ հաշվի առնելով, որ մեկ տարի է անցել այդ չարաբաստիկ փաստաթղթի ստորագրումից: Հայկական կողմի շահը հասկանալի է՝ Ալիեւի հանդեպ հանձնառություններ ունի եւ փորձում է այսպես ինչ-որ քայլերով հետաձգել այդ հանձնառությունների կատարումը, քանի որ հնարավորություն չունի ներքաղաքական դրվածքում դա իրականություն դարձնել: Ալիեւը, բնականաբար, որպես տարածաշրջանային առաջատար երկրի ղեկավարի պատմուճանը հագած անձնավորություն, դա ընդունում է, իսկ Թրամփի պարագայում չմոռանանք, որ մոտենում է ԱՄՆ միջանկյալ ընտրությունների շրջանը: Մի քանի օրից արդեն կսկսեն նախընտրական քարոզարշավը եւ հերթական մի դրոշակ թափ տալու` իր կողմից հորջորջված հաղթանակների եւ խաղաղության ցանկի առումով, բնականաբար՝ հույս ունի, որ ինչ-որ դրական արդյունք կտա դա` քվեներ ստանալու առումով:

– Որո՞նք էին այն հիմնական շեշտադրումները, որ նկատեցիք տարածված հաղորդագրություններում ու հնչած հայտարարություններում:

– Հայաստանի եւ Ադրբեջանի տարածած հաղորդագրությունները բացարձակապես նույնական են, սա եւս ցույց է տալիս նախապես մշակված եւ համաձայնեցված քայլերի մասին: Շեշտադրումները, հատկապես մեր կողմի եւ Թրամփի խոսակցության մասով, այն էին, որ այդ ծրագիրն առաջ է գնալու, եւ որ իրենք նախանձախնդիր են՝ մոտալուտ ժամանակներում դա մեկնարկելու: ԹՐԻՓՓ-ը, փաստացի, այս պահի դրությամբ, հատկապես հաշվի առնելով մերձավորարեւելյան զարգացումները, էլ ավելի է դիտարկվում Իրանի դեմ ցամաքային գործողությունների տրամաբանության ներքո, եւ ես չեմ զարմանա, որ շատ արագ ինչ-որ շինարարական աշխատանքներ այնտեղ սկսվեն իրականացվել: Բնականաբար, առանց հանրությանը տեղյակ պահելու թե՛ պայմանները, թե՛ պայմանագրի դրույթները: Խոսքս այն մասին է, որ բացարձակապես չեն բացահայտվել, թե՛ դրա լայնքի, թե՛ դրա շահագործման իրական պայմանների, թե՛ դրա կառավարման մանրամասների առումով: Մեզ ընդհանուր սկզբունքային դրույթներ են հրամցվում, որոնց բազում հարցեր են առաջացնում` թե՛ մեր երկրի ինքնիշխանության, թե՛ տարածքների անձեռնմխելիության առումով:

– Այսինքն, մենք գնում ենք Իրանի հետ թշնամացման ճանապարհո՞վ:

– Մենք վաղուց ենք այդ ճանապարհը սկսել, ուղղակի պարբերական դադարներով է դա ընթանում: Մեր հանրությանն ուզում եմ հիշեցնել, որ անգամ 2018-2019 թվականներին էր, որ լուրեր տարածվեցին, թե Իրանի քաղաքացիների բանկային հաշիվներում բարդություններ են առաջանում, եւ եթե հետահայաց նայենք, կտեսնենք, որ պարբերական սահմանափակումներով, խստացումներով, մեզ մոտ ամերիկյան պատժամիջոցներ ներդնելով, որը միջազգային պատժամիջոցների շարքին չի դասվում, եւ երբեւէ հայկական իշխանությունները դրան տուրք չեն տվել, չնայած ամերիկյան կողմի բազում պահանջներին, բայց այս իշխանություններն իրենց գալու օրվանից անմիջապես որդեգրեցին դրանք ամբողջովին ներդնելու խնդիրը, որը ցույց է տալիս նաեւ այդ միակողմանի ազդեցության եւ ճնշման տակ լինելու հանգամանքը: Այսօրվա վիճակով շատ ավելի զգայուն են դարձել այդ հարցերը, բնականաբար: Եթե նախկինում իրանական կողմը կարող էր աչք փակել կամ մտածել, որ դրանք հաղթահարելի խոչընդոտներ են, այսօր արդեն, ինչպես ասում են, ջրերը պարզվել են, ճամբարները հստակեցվել են, եւ շատ ավելի բարդ խնդիրների ու հարցերի առաջ է մեր պետությունը կանգնելու, եթե շարունակվի այս միանշանակ, Արեւմուտքի թելադրանքով դիրքավորման քաղաքականությունը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Որ ասի՝ տեսեք, թե ինչ ճնշումների տակ եմ, այս պահին չեմ կարող ոչ մի լուրջ քայլ անել դեպի ԵՄ

«Հրապարակ». Որ ասի՝ տեսեք, թե ինչ ճնշումների տակ եմ, այս պահին չեմ կարող ոչ մի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով