Հինգշաբթի , 13 Օգոստոսի 2026

«Հրապարակ». Մենք թիրախավորվում ենք ոչ միայն իշխանության, այլեւ իրենց ընդդիմադիր համարող որոշ ուժերի կողմից

«Հրապարակ». Մենք թիրախավորվում ենք ոչ միայն իշխանության, այլեւ իրենց ընդդիմադիր համարող որոշ ուժերի կողմից

Thu, 13 Aug 2026 10:45:50 +0400


ՀՀԿ-ն թեեւ ընտրություններին չմասնակցեց եւ ակտիվ քաղաքական գործունեություն էլ չի ծավալում, սակայն ՀՀԿ-ականները շարունակում են մնալ իշխանությունների թիրախում: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նախ կալանավորված էր, ապա տնային կալանքի տակ է: Նրան ընտրությունների անմիջապես նախօրեին մեղադրանք առաջադրվեց` մի մոռացված գործի շրջանակներում՝ Բրյուսովի անվան համալսարանի մասնաշենքերից մեկի մի հատվածի վաճառքի հետ կապված: Իսկ այս երկուշաբթի օրն էլ տեղեկացանք, որ նախկին պատգամավոր Աննա Մկրտչյանի հոր` Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանին են կալանավորել:

ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով իր թիմակիցներին բռնաճնշումների ենթարկելու հանգամանքին, նկատում է. «Արդեն ութ տարուց ավելի է անցել, որ մենք իշխանություն չենք, սակայն Հանրապետական կուսակցությանը թիրախավորելը որոշ ուժերի համար գերնպատակ է մնացել: Տարիների ընթացքում որեւէ պահ չի գրանցվել, որ մեզ չանհանգստացնեն: Ես չեմ հասկանում, թե որն է պատճառը, սակայն, ինչպես արձանագրեցիք, մենք պառլամենտական ընտրություններին չենք մասնակցել, որոշեցինք, որ ավելի մեծ ուժեր պետք է մասնակցեն ընտրություններին, ամեն բան արեցինք, որպեսզի ընդդիմությունը կարողանա գրանցել մեծ արդյունքներ, բայց, ինչպես տեսնում եք, մենք թիրախավորվում ենք ոչ միայն իշխանության կողմից, այլեւ՝ իրենց ընդդիմադիր համարող որոշ ուժերի: Չեն դադարում մեր մասին սխալ տեղեկություններ հրապարակել, չեն դադարում մեզ մեղադրել, անվերջ մեղադրում են երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, անգամ նախագահի ընտանիքի անդամներին են ենթարկում բռնաճնշումների, եւ այսպես շարունակ: Սա կարծես անվերջանալի մի պրոցես է, որի վերջը չի երեւում: Արմեն Աշոտյանի գործն ուղղակի զավեշտալի է: Իրավաբանները մեզ հետ զրույցներում ասում են, որ գործ ունենք քաղաքական հաշվեհարդարի հետ: Եվրոպական մի քանի կառույց եւս դա արձանագրել է: Գործի իրավական կողմի մասին խոսելը, ըստ իրավաբանների, անիմաստ է, քանի որ չկան հիմքեր: Տարիներ շարունակ պրոցես է ընթանում, սակայն հիմքեր չկան, միեւնույն ժամանակ Աշոտյանը կալանավորվեց, իսկ հիմա էլ տնային կալանքի տակ է: Ասեմ Ձեզ, որ մեր կուսակցությունից շատերն են այսօր դատարանների առաջ կանգնած, եւ այդ ամենը, միանշանակ, ունի քաղաքական ենթատեքստ: ՀՀԿ-ին լռեցնելու համար են այս քայլերն արվում, բայց մեր կուսակցությունը կայացած կուսակցություն է: Մենք ապրում ենք երկու ծայրահեղ իրականության մեջ: Հայաստանը կանգնած է մի շարք խնդիրների առաջ, բայց օրվա իշխանությունները զբաղված են չգիտես ինչով: Միայն Ադրբեջանի նախագահին լսելը բավական է՝ հասկանալու համար, թե Հայաստանին ինչ է սպասվում: ՔՊ-ական խմբակը հիմա էլ խոսում է Սահմանադրությունը փոխելու մասին: Արդյունքում ստացվում է, որ կորցնում ենք հայկականությունը՝ չգիտես թե որ ուղղությամբ գնալով»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ գործի շրջանակում է ձերբակալվել Մարտուն Գրիգորյանը

Ինչ գործի շրջանակում է ձերբակալվել Մարտուն Գրիգորյանը Thu, 13 Aug 2026 10:40:33 +0400 Ինչպես ավելի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով