Մի բան է երբ Թուրքիային և Ադրբեջանին հակադրվում է 3 միլիոն հայ, այլ բան` երբ 10 միլիոն
Mon, 17 Aug 2026 19:15:24 +0400

Ցանկանո՞ւմ եք հասկանալ և գիտակցել այն անգրագիտության և թշվառության ողջ խորությունը, որը տիրում է իշխանությունը ներկայացնող քաղաքական դաշտում։
Ես հիմա չեմ թվարկի այն հակահայկական տարաբնույթ մաrազմները, որոնք ամեն օր հնչեցնում են տարբեր «կալիբրի» փաշինյանականները։
Պարզապես ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ են նրանք կրկին որոշել հիշել հայկական սփյուռքի մասին, երբ բացարձակ անհեթեթություն են ասում, թե ուժեղ հայկական Սփյուռքը չի կարող որևէ առնչություն ունենալ Հայաստանի հզորացման հետ, և թե Սփյուռքն ուժեղ է այն ժամանակ, երբ Հայաստանից մարդիկ հեռանում են արտերկիր։
Ո՛չ, ժողովուրդ ջան, սա խելագարի զառանցանք չէ․ սա իշխանամերձ պատգամավորների դիրքորոշումն է։
Անշուշտ, հայկական Սփյուռքը միշտ խաղացել է և միշտ էլ խաղալու է վճռորոշ դեր մեր երկրի անվտանգության և տնտեսական անվտանգության ապահովման գործում։
Եվ դա միանգամայն նորմալ է, քանի որ եթե արտերկրում ապրող մարդն իրեն հայ է համարում, միանգամայն բնական է, որ նա շահագրգռված է Հայաստանի հզորացմամբ։
Երկրորդ՝ Սփյուռքի ուժը մարդկանց թվաքանակի մեջ չէ, այլ նրանց ազդեցության, հնարավորությունների և հաջողության մեջ։ Եվ այս ամենը փոխկապակցված է։
Եվ, ի վերջո, փաշինյանական իշխանությունների կողմից սփյուռքահայերի նկատմամբ դրսևորվող ատելությունը հստակորեն համապատասխանում է Հայաստանը հայկական Սփյուռքից հեռացնելու թուրքական ՊԵՏԱԿԱՆ հայեցակարգին։
Չէ՞ որ տարրական մաթեմատիկա է․ երբ Թուրքիային և Ադրբեջանին հակադրվում է Հայաստանում ապրող երեք միլիոն հայ՝ դա մի բան է, իսկ երբ նրանց հակադրվում է ամբողջ աշխարհում ապրող տասը միլիոն հայ՝ դա բոլորովին այլ պատմություն է։
Հետևությունները թողնում եմ ձեզ հարգելիներս։
Արման Աբովյան
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր