Կիրակի , 23 Օգոստոսի 2026

Սա էլ ու վերջ… բա հետո՞…

Սա էլ ու վերջ… բա հետո՞…

Fri, 21 Aug 2026 15:15:46 +0400


Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն ինձ հաճախ հիշեցնում է մանկությանս մի պատմություն։ Գորիսի շրջանի Վաղատուր գյուղում էինք ապրում՝ իմ մանկության գյուղում, որն այսօր, ցավոք, նույնպես թշնամու նշանակետի տակ է։ Հասակակիցներս երևի կհիշեն բարձիկ կոնֆետը՝ մեջը ջեմով։ Այդ տարիներին դա իսկական քաղցրություն էր, երազանք, ու հեշտ չէր ճարվում։

Տատս ինձ մի քանի կոպեկ տվեց, որ խանութից կոնֆետ գնեմ։ Գնեցի։ Վաճառողուհին հաստ կիլոգ թղթի մեջ փաթաթեց ու դրեց ձեռքս։ Ճանապարհին մտածեցի՝ մեկը ուտեմ, տատս ի՞նչ պիտի իմանա։ Հետո՝ երկրորդը։ Հետո՝ երրորդը։ Եվ ամեն անգամ ինքս ինձ ասում էի՝ «սա էլ ուտեմ ու վերջ»։

Կես ժամ անց ձեռքիս մնացել էր վերջին կոնֆետը։ Նայեցի ու մտածեցի. «Սա էլ ի՞նչ իմաստ ունի պահել, տատս մեկ է՝ իմանալու է»։ Շարունակությունը չեմ պատմի՝ միայն ասեմ, որ տատիս «դաստիարակության մեթոդը» շատ համոզիչ էր։

Այսօր, նայելով Հայաստանի պետական քաղաքականությանը, այդ պատմությունը նորից եմ հիշում։ Միայն մի տարբերությամբ՝ այն ժամանակ երեխայի ձեռքին բարձիկ կոնֆետ էր, այսօր՝ մի ամբողջ պետություն։

Մեկը վերցվեց, հետո՝ մյուսը։ Հերթում Տիգրանաշենն է։ Ամեն անգամ, կարծես, ասվում էր՝ «սա էլ, ու վերջ»։ Բայց երբ «վերջը» չի գալիս, սկսում ես հասկանալ, որ խնդիրը ոչ թե հերթական «կոնֆետն» է, այլ այն մտածելակերպը, որով պետության անվտանգությունը, տարածքները, հնարավորություններն ու ապագան կարելի է հերթով զիջել՝ սեփական քաղաքական գոյությունը մի փոքր էլ երկարացնելու համար։

Տասնամյակներ են անցել, բայց տատիս «թակը» չեմ մոռացել։ Եվ այսօր մի հարց անընդհատ վերադառնում է. երբ խոսքը մի ամբողջ պետության ճակատագրի մասին է, իսկապե՞ս կարելի է առաջնորդվել տասը տարեկան երեխայի տրամաբանությամբ՝ «սա էլ հանձնեմ, հետո կտեսնենք»։

Պետությունը կոնֆետ չէ։ Իսկ կորցրածը «սա էլ ու վերջ» ասելով հետ բերելը՝ մանկական խաղ չէ։
Երեխան կարող է մտածել՝ «սա էլ ուտեմ, ու վերջ»։ Պետություն ղեկավարող մարդը պարտավոր է մտածել՝ «բա հետո՞»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այն, ինչ պետք է իմանալ այս իշխանության մասին

Այն, ինչ պետք է իմանալ այս իշխանության մասին Fri, 21 Aug 2026 18:15:25 +0400 Հայաստանում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով