Այդ հավերժական երկիրը՝ Իրան
Wed, 26 Aug 2026 19:15:01 +0400

Առավոտյան իմ սովորական վարժություններն անելիս պատահաբար վնասեցի ոտքս եւ մինչ այսօր ցավիս հետ հաշտ ու օտար՝ տանն եմ, նույնիսկ չնկատեցի էլ, թե երբ չվեցին այս տարվա ծիծեռնակները։ Հիմա տան մեջ տեղաշարժվում եմ դժվարությամբ եւ չպատճառաբանված տխուր եմ։ Աշխատասենյակումս նստած՝ շարունակ մտածում եմ, որ չկարողացա մեկնել Վաղարշապատ։ Մտածում եմ նաեւ դատավոր Հակոբ Մանուկյանի մասին, ով չցանկացավ դատել Ամենայն հայոց կաթողիկոսին եւ ինքնաբացարկ հայտնեց։ Մտածում եմ. ի՞նչ է արժանապատվությունը, ի՞նչ է քաջությունը, ա՞յն է, որ անսպասելի հանդուգն եւ ըմբոստ քայլ ես անում, թե՞ հաղթահարում ես քո վախերն ու նպատակային արժանապատվությամբ գնում առաջ։
Նայելով գրասեղանիս թափված նոր գրքիս սեւագիր էջերին՝ տխրում էի իմ սիրելի Եվրոպայի համար, որ օր-օրի կորցնում է իր դասական դեմքը, զգում էի, թե ինչպես անտանելի են դառնում ինձ համար մի ժամանակ երեւելի երկրների այսօրվա դիմազուրկ ղեկավարները, շարունակ անբնական ժպտում ու համբուրում են իրար՝ միաժամանակ չմոռանալով զինել ու հրահրել Ուկրաինային՝ շարունակել պատերազմը, որ իբրեւ հաղթի Ռուսաստանին։ Ափսոս հրաշալի Ուկրաինան, որ կուլ տվեց այդ ստապատիր խայծը՝ շարունակելով կռվել իր արյունակից եղբոր դեմ, Նապոլեոնից մինչեւ երկու համաշխարհային պատերազմներում հաղթանակած, անպարտելի եւ հզոր Ռուսաստանի դեմ։
Մտածում էի ու դարձյալ վերադառնում մարդու եւ ազգերի՝ իրենց դեմքը պահելու արժանապատվությանը, եւ անմիջապես էլ իմ դեմ հայտնվեց հազարամյակների մեր հարեւան Իրանը, որի հետ պատմության ընթացքում մենք բազում անգամներ կռվել, բայց միշտ մնացել ենք բարեկամ։ Մեր միջեւ չի եղել ցեղասպանություն, եւ պատահական չէր, որ երբ ռուսական բանակը 200 տարի առաջ գրավեց Արեւելյան Հայաստանը, ես կասեի՝ ազատագրեց, Երեւանում կար պարսկական մեծ համայնք, որը ռուսների հայտնությունից հետո հեռացավ-գնաց իր երկիր, որովհետեւ նրանք հինգհազարամյա հայրենիք ունեին՝ Կյուրոս Մեծի կողմից հիմնադրված պետություն․․․ Այո, նրանք գնացին, որովհետեւ գիտեին, որ Հայաստանում իրենց գտնվելը ժամանակավոր է, իսկ թյուրքացեղ քոչվորները մնացին, որովհետեւ գնալու տեղ չունեին։ Մնացին, որ հետո ցեղասպանություն գործեն ու հափշտակեն ուրիշի հայրենիքը եւ դարձնեն իրենց վաթան։
Այո, Իրանը, շարունակում էի կրկնել իմ մտքում, արժանապատվություն, չխոնարհվելու, չհանձնվելու աներեր կամք ունի։ Ինչպիսի՜ փայլուն օրինակ մյուս ազգերի, այդ թվում՝ նաեւ մեզ համար: Կանգնել մենմենակ աշխարհի հզորագույն տերություններից մեկի դեմ, որն իրեն հռչակել է մարդկության կարգադրիչ, եւ չհաշտվելով ահռելի ճնշումներին՝ ձեռնոց նետել նրան եւ նրա թիկունքում թաքնված՝ բորենու ախորժակ ունեցող Իսրայել պետությանն ու նրա ցեղասպան իշխանավորներին։ Մտածում էի, մտածում ու որոշեցի, որ պետք է գրեմ այդ մասին ու մեր Էպոսի ոճով մեծարեմ նրանց․
Դառնամ փառաբանեմ Իրանի քաջ ժողովրդին, դառնամ փառաբանեմ Իրանի Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիին, ով սուրբ Հուսեյնի ավանդած՝ չխոնարհվելու, չհնազանդվելու դրոշը պարզած՝ առաջինը կամավոր ընդունեց նահատակությունը՝ օրինակ դառնալով սեփական ազգի համար։ Դառնամ փառաբանեմ Իրանի քնքուշ կանանց, որ կանգնեցին իրենց տղամարդկանց կողքին՝ չվախենալով ավերիչ ռմբակոծություններից։
Այո, Իրանը օրինակ է ցույց տալիս, թե ինչպես են իմացյալ նահատակությամբ պահում սեփական երկիրը։ Ասացի, ու իմ դեմ հառնեցին Արցախի պաշտպանության համար կամավոր մահվան գնացած մեր 5 հազար տղաները։ Դառնամ փառաբանեմ նրանց անուն առ անուն, դառնամ փառաբանեմ նրանց ծնողներին ու զավակներին եւ խոնարհվեմ Եռաբլուրի առջեւ․․․
Իրանի առաջնորդներն իրենց նահատակությամբ լուսավոր օրինակ դարձան եւ միավորեցին ամբողջ մի ազգ․․․ Իսկ ի՞նչ արեցինք մենք եւ մեր իշխանավորները՝ մեր դեմ ունենալով մեր նահատակ զավակների սուրբ օրինակը։ Մենք մոռացանք նրանց՝ հայրենիք փրկելու սրբազան երազանքը եւ պարտությունը հռչակեցինք հաղթանակ, խոնարհվելը՝ նվաճում, հանձնվելը՝ խաղաղություն․․․
Մոռանալով, սակայն, որ պարտությունները ժամանակավոր են։ Պարտված ժողովուրդները մի օր անպայման հավաքական ուժ կգտնեն իրենց մեջ եւ կվերադարձնեն իրենց կորուստներն ու ազատությունը։ Իսկ նրանք, ովքեր խոնարհվում են ու հանձնվում, կարող են անհետանալ երկրի երեսից։ Այո, քաջությունը պահի մեջ ցուցաբերված հանդգնությունը չէ, այլ սեփական վախերը հաղթահարելն ու միասնական եւ վստահ ազգովի ոտքի կանգնելն է, ինչը մշակվում է դարերով։ Այդ դարերը մենք մեր թիկունքում ունենք, մնում է մի պահ ետ նայել՝ թեկուզ միայն Սարդարապատը տեսնելու համար։
Ասացի եւ դեպի ետ, ավելի հեռուն գնացի՝ հիշելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքը, ով ասում է․ Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է, եւ ինքն իր մեջ բաժանված ամեն քաղաք կամ տուն կանգուն չի մնա։ Ինչքան պարզ են ու հանճարեղ այս խոսքերը, որոնք ամեն օր մեզ հետ լինելով՝ ցավոք, մեզ այսօր գործունեության կենսակերպ չեն դառնում։
Օրն իրիկնանում էր, եւ ես անսպասելի ցանկություն ունեցա այցելել Մաշտոցի պողոտա՝ պարսկական Կապույտ մզկիթ, որը մի քանի հարյուր մետր է հեռու մեր շենքից՝ իմ հարգանքը մատուցելու, բայց վնասված ոտքս թույլ չտվեց։ Թեեւ տարիներ առաջ այցելել էի մզկիթ, հայ քրիստոնյայի իմ հավատն իմ մեջ եւ իմ ներսի մոմը վառած, եւ այդ օրն էր, որ պատահաբար ծանոթացա այն ժամանակ Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Քոլեյնիին։ Արժանապատիվ մի մարդու, ով շատ լավ գիտեր հայոց պատմությունը եւ հազարամյակներով չափվող մեր ժողովուրդների երբեք չընդհատված առնչությունները։ Հիշեցի, որ նա ինձ հրավիրեց Իրան՝ տեղեկանալով, որ ես չեմ եղել իր հայրենիքում։
Այդ տարիներին ես ղեկավարում էի իմ ստեղծած ԱՐ հեռուստաընկերությունը եւ շատ էի ուզում փաստագրական ֆիլմ նկարահանել բեհիսթունյան ժայռին Դարեհ Առաջինի թողած եռալեզու արձանագրության մասին, որն ամիսներ շարունակ պատճենահանել էր անգլիացի Հենրի Ռոուլինսոնը, եւ որի պատճենահանած արձանագրությունները վերծանվելուց հետո բացահայտվեցին բազմաթիվ գաղտնիքներ, որոնցից մեկը վերաբերում էր մեզ՝ հայերիս։ Պարզվեց, որ Ուրարտու պետություն չի եղել, որ դա ընդամենը բաբելոներեն հնչող Հայաստանի անվանումն է։ Սակայն տեղի ունեցավ զարմանալի դիմադրություն՝ բազմաթիվ գիտնականների կողմից, մեծամասամբ՝ հայ, ովքեր ակադեմիկոս էին դարձել սուտ գիտության օգնությամբ…
Այնպես որ, մտածում էի՝ մենք Իրանին պարտական ենք բեհիսթունյան արձանագրության համար, ինչպես նաեւ՝ իրանական ծագում ունեցող մեր Արշակունյաց թագավորական հարստության համար։ Պատմությունն արձանագրում է նաեւ, որ Իրանն էլ է մեզ պարտական դեռեւս հնագույն ժամանակներում մեր՝ իրենց տված բրոնզի համար, երկաթի համար, իրենց գրեթե անպարտելի հեծելազորի ու մարտակառքերի համար, ինչը ստեղծվել եւ երկար ժամանակ կազմավորվում էր Արատտա-Հայաստանում՝ հայերի ձեռքով ու վարպետությամբ։
Մենք միայնակ ժողովուրդ ենք, մտածում էի, չունենք ոչ մի ազգակից ցեղ, մեր լեզվով ոչ ոք չի խոսում, բացի մեզնից, թերեւս միայն Տեր Աստված, ով նույնպես միայնակ է։ Մտքումս շարունակում էին կրկին պտտվել արժանապատվություն, ինքնազոհություն, քաջություն, իմացյալ նահատակություն, երախտագիտություն՝ իրարից առաջ ընկնող բառերը, որոնք, սակայն, բառեր չէին միայն, այլ ընտրություն էին, որ դառնում են ճակատագիր։ Այո, երախտագիտություն, քանզի երախտամոռությունը մարդու եւ ազգերի վատթարագույն արատներից է։
Պետք չէ երախտամոռ լինել, պետք է խոստովանել ճշմարտությունը։ Մենք պարտական ենք նաեւ ռուսներին, մտածում էի, այսօր, ուր մեր պետությունն է, եւ ուր մենք ապրում ենք, հազարամյակներ տեսած մեր մեծ հայրենիքի մի փոքրիկ փրկված կտորն է՝ ռուսների օգնությամբ։ Այո, երախտամոռությունը մարդու եւ ազգերի վատթարագույն արատներից է։ Ուստի կարծում եմ, որ ռուսները նույնպես պիտի խոստովանեն, որ իրենք էլ մեզ են պարտական՝ բարձրագույն գիտության, մշակույթի հայազգի երեւելիներով, հայազգի երեւելի ռազմական գործիչների եւ բազմաթիվ հերոսների համար։ Այո, մենք փոխադարձաբար պարտական ենք իրար, մնում է գիտակցենք, ընդունենք ու հարգենք։ Կրկնում եմ՝ մենք միայնակ ազգ ենք, եւ մեզ ուժեղ, ժամանակների մեջ փորձված բարեկամներ են պետք, որոնց պետք չէ հեռացնել մեզնից, օտարել այնքան, որ կորցնենք նրանց, պետք չէ նաեւ մոտենալ չափից ավել, որ մեզ կորցնենք։
Այո, երախտագիտությունը վախ չէ, երախտագիտությունն արժանապատվություն է։ Երախտամոռությունն է, որ վախկոտների ու ստահակների արդարացումն է։ Ժամանակները փոխվում են, բայց պատմությամբ հաստատված օրենքները չեն փոխվում։ Քանզի պատմությունը ոչ միայն մեծարում է, այլ նաեւ՝ պատժում։ Այո, ժամանակները փոխվում են, սակայն չի փոխվում նաեւ Աստծո հնչեցրած խոսքը․ մի դատիր, որ չդատվես։ Մտքումս կրկնեցի առարկություն չընդունող այդ քարագիր խոսքը եւ դարձյալ հիշեցի Վեհափառ Հայրապետի ամենատես, անվրդով հայացքն ու վեհությունը։ Հիշեցի Բագրատ սրբազանին ու Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, սրբակյաց ու լուսավոր այդ մարդկանց։ Նրանց հետ բազմաթիվ հետաքրքիր հոգեւոր զրույցներ եմ ունեցել, զրույցներ, որոնք միշտ կիսատ են մնացել եւ որոնք հիմա շարունակվում են իմ մեջ։
Չգիտեմ՝ ոտքիս ցավն էր պատճառը, թե անվերջ շարունակվող անհասցե դատավարություններն իմ երկրում, որ իջնող իրիկվա մեջ ինձ այցելեց հոգու անմխիթար ցավ, հատկապես Ազգային ժողովի մի քանի պատգամավորների ելույթներ հիշելով, պատգամավորներ, ովքեր պոեզիան շփոթելով պոեզի հետ, մի քանի օր խրախճանքի մեջ էին, երբ միտումնավոր հնչեցնում էին Վեհափառ Հայրապետի ավազանի անունը, ու ես իմ ներսում դիմեցի փախուստի այդ նսեմ իրականությունից։ Ու սկսեցի փրկության խարիսխ փնտրել, եւ որը հայտնվեց դարձյալ Իրանի տեսքով։ Ու այդպես էլ չկարողացա մեկնել Իրան, թեեւ սիրով ընդունել էի դեսպանի հրավերը։ Քանի որ այդ օրերին իմ իշխանուհի մայրն իր վերջին օրերն էր ապրում այս անցավոր աշխարհում։ Եվ բեհիսթունյան արձանագրության մասին ֆիլմ նկարահանելու իմ ցանկությունն այդպես էլ մնաց երազանք։ Եվ ես հոգու ճնշող ցավից ազատվելու համար սկսեցի մխիթարել ինձ, որ Իրանը հավերժական երկիր է, այսօր միայնակ ու հպարտ, աներեր կանգնած ահեղ հակառակորդների դեմ եւ վստահորեն հենվելով հազարամյակների փորձություն տեսած իր թիկունքին։ Իր մեծ մշակույթով, իր յոթ հանճարեղ բանաստեղծներով՝ Մեծն Խայամից, Ֆիրդուսուց մինչեւ Նիզամի։ Մտածում էի, որ ֆիլմ նկարելու ժամանակը հիմա է, երբ իր պատմության անցյալ հեռվում արձանագրությունը պահպանած երկիրը կանգնել է ոտքի եւ միայնակ հաղթում է ահեղ թշնամուն՝ պահպանելով իր՝ դարերով թրծված արժանապատվությունը։ Այո, հիմա է ֆիլմ նկարահանելու ժամանակը՝ մտածեցի։ Վերջին միտքս ինձ մխիթարության պես հնչեց, եւ ես նկատեցի իմ դիմաց՝ բազմոցին նստած Լեո թոռնիկիս, որ մի մեծ գիրք էր թերթում։ Հարցրի․ ի՞նչ ես կարդում, ասաց՝ հետաքրքիր գիրք է, պապո, ու կարդաց վերնագիրը՝ Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս։ Պարզվում է՝ մեր փոքրիկ Հայաստանում 850 տեսակի մոլախոտ կա․ բարձրացող, սողացող, փռվող, փաթաթվող եւ մագլցող, որոնք ավերում, ոչնչացնում են մշակաբույսերը, բարձրաձայն կարդաց թոռնիկս ու նայեց ինձ։ Թոռնիկիս զարմանքն ակամա ինձ փոխանցվեց։ Ես գիրքը վերցրի ձեռքս, Ռ․ Ս․ Կարապետյան՝ հեղինակի անունն անծանոթ էր՝ գունազարդ, խնամքով հրատարակված։ Մտածեցի՝ ինչո՞ւ մեր մամուլը-հեռուստատեսությունը չեն ժողովրդականացնում այդ պատվական հեղինակի տքնաջան աշխատանքը։ Հետո հասկացա, որ այդ ես պիտի գրեմ, գրեմ կոչի պես՝ դիմելով մարդկության հիշողությունը պահպանած մեր ազգի բոլոր զավակներին, որ Իրանի ժողովրդի օրինակով, ովքեր միավորվեցին հանուն իրենց երկրի ազատ կամքի, մենք նույնպես միավորվենք՝ մեր պետության ներսը մոլախոտերից ազատելու համար, մեր հնագույն երկիրը՝ սրբազան օրենքների Հայրենիքը մեր։
Մերուժան Տեր-Գուլանյան
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր