Շաբաթ , 29 Օգոստոսի 2026

Այսօր մեզ պակասում է ոչ թե նոր թշնամի, այլ՝ ազգային համերաշխություն

Այսօր մեզ պակասում է ոչ թե նոր թշնամի, այլ՝ ազգային համերաշխություն

Sat, 29 Aug 2026 15:15:21 +0400


«Հրապարակի» զրուցակիցն է «Ապահով երիտասարդ» հասարակական նախաձեռնության հիմնադիր ղեկավար, Գուգարաց թեմի անդամ Սմբատ Պողոսյանը

– Նիկոլ Փաշինյանի՝ մեր պետությանը հասցրած վնասների հետևանքները դեռ երկար ենք քաղելու․ համաձա՞յն եք այս գնահատականի հետ։

– Իհարկե համաձայն եմ: Վերջին տարիների մի շարք որոշումների իրական գինը, իմ համոզմամբ, ամբողջությամբ կարող է երևալ միայն ապագայում։ Խոսքը միայն մեկ ոլորտի մասին չէ։ Խոսքը պետական ինստիտուտների նկատմամբ վստահության, անվտանգության, արտաքին քաղաքական հավասարակշռության, հասարակության համախմբվածության, Սփյուռքի հետ հարաբերությունների և, ընդհանրապես, ազգային ինքնագիտակցության մասին է։ Ինձ հատկապես մտահոգում է հասարակության խորացող պառակտումը։ Երբ քաղաքական իշխանությունը հասարակությանը բաժանում է «մերոնք»-ի և «հակառակորդների», այդ բաժանումները մեկ իշխանության հեռանալով չեն վերանալու։ Դրանք կարող են երկար ժամանակ մնալ հասարակության ներսում և թուլացնել պետությունը։
Մյուս կարևոր խնդիրը անվտանգային և արտաքին քաղաքական ռիսկերն են։ Հայաստանը փոքր պետություն է և չի կարող իրեն թույլ տալ որևէ ուղղությամբ փակել դռները։ Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունները պետք է իրականացվեն հաշվարկված, պետական շահից բխող և երկարաժամկետ տեսլականով, որպեսզի մի կախվածությունից դուրս գալով՝ չհայտնվենք մեկ այլ կախվածության մեջ։ Եվ վերջապես՝ ամենամեծ գինը կարող է լինել վստահության կորուստը։ Տնտեսությունը կարելի է զարգացնել, ճանապարհներ կառուցել, բազմաթիվ խնդիրներ լուծել, բայց հասարակության, պետության և ազգային կառույցների միջև կորցրած վստահությունը վերականգնելը տարիներ և մեծ ջանքեր է պահանջում։ Այդ պատճառով կարծում եմ՝ այսօրվա քաղաքական որոշումների ամբողջ «հաշիվը» մենք դեռ չենք փակել։

– Վերջին շրջանում հատկապես սրվել են իշխանություն–Եկեղեցի հարաբերությունները։ Ինչպե՞ս եք գնահատում վարչապետի հայտարարությունները Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին։

– Կարծում եմ՝ այստեղ արդեն պարզապես քաղաքական բանավեճի մասին չէ խոսքը։ Երբ երկրի վարչապետը Ազգային ժողովի ամբիոնից թիրախավորում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին, մենք գործ ունենք իշխանության և Հայ Առաքելական Եկեղեցու հարաբերությունների շատ վտանգավոր սրման հետ։ Ես կարող եմ քաղաքականապես համաձայն չլինել Կաթողիկոսի կամ որևէ հոգևորականի որևէ դիրքորոշման հետ։ Բայց պետական իշխանության գործելաոճը պետք է լինի իրավական, պետական և արժանապատիվ։ Կաթողիկոսի անձը քաղաքական պայքարի կենտրոն դարձնելը չի ուժեղացնում Հայաստանը։ Ընդհակառակը՝ դա խորացնում է հասարակության պառակտումը։
Հայ Առաքելական Եկեղեցին Հայաստանի համար պարզապես հերթական հասարակական կառույցը չէ։ Դարեր շարունակ այն եղել է մեր ժողովրդի ինքնության, մշակույթի և ազգային հիշողության պահպանման կարևորագույն հենասյուներից մեկը։ Հետևաբար, իշխանությունը պետք է առավել զգույշ և պատասխանատու լինի Եկեղեցու հետ հարաբերություններում։
Ես նաև չեմ ընդունում այն մոտեցումը, թե իշխանությունը կարող է պարզապես հայտարարել, որ «այս Կաթողիկոսին չի ճանաչում»։ Պետական համակարգում անձնական համակրանքն ու հակակրանքը չեն կարող փոխարինել իրավական կարգին։ Կաթողիկոսի հետ կապված հարցերը պետք է լուծվեն Եկեղեցու կանոնական և իրավական գործընթացներով, ոչ թե իշխանական ամբիոնից։
Իմ դիրքորոշումը պարզ է՝ Հայաստանը պետք է ունենա ուժեղ պետություն և ուժեղ Եկեղեցի, որոնք միմյանց չեն փոխարինում և չեն պատերազմում միմյանց դեմ։ Այսօր մեզ պակասում է ոչ թե նոր թշնամի, այլ ազգային համերաշխություն։

– Ի՞նչ մոտեցում պետք է որդեգրի Հայաստանը Սփյուռքի նկատմամբ։

– Սփյուռքը Հայաստանի համար ոչ բեռ է, ոչ էլ անցյալի հիշողություն։ Ես չեմ ընդունում այն, թե Հայաստանը պետք է Սփյուռքին ասի՝ «դուք այնտեղ եք, մենք այստեղ ենք, և ձեր կարծիքը մեզ չի հետաքրքրում»։
Իհարկե, ՀՀ-ն ինքնիշխան պետություն է, և պետական որոշումները պետք է ընդունվեն Հայաստանում։ Բայց դա չի նշանակում, որ աշխարհի տարբեր երկրներում ապրող միլիոնավոր հայերի հետ պետք է խզել քաղաքական, մշակութային, տնտեսական և հասարակական կապերը։
Սփյուռքում կան գիտնականներ, մասնագետներ, գործարարներ, մշակույթի գործիչներ, լրագրողներ և հասարակական կառույցներ, որոնց ներուժը կարող է ծառայել Հայաստանին՝ ներդրումների, կրթական ծրագրերի, միջազգային կապերի և դիվանագիտական աջակցության միջոցով։
Միաժամանակ Սփյուռքը չպետք է լինի Հայաստանի փոխարեն որոշող։ Բայց Հայաստանը նույնպես չպետք է Սփյուռքին դուրս մղի իր ազգային օրակարգից։ Մենք պետք է ստեղծենք հարաբերությունների նոր մոդել՝ առանց ենթարկվելու և առանց միմյանցից երես թեքելու։
Իմ պատկերացրած Հայաստանը Սփյուռքին ասում է ոչ թե՝ «մեզ պետք չեք», այլ՝ «եկեք միասին աշխատենք՝ հստակ կանոններով և փոխադարձ հարգանքով»։ Ուժեղ Հայաստանը և ուժեղ Սփյուռքը միմյանց հակասող հասկացություններ չեն։

– Իսկ ի՞նչ պետք է անել այս իրավիճակից դուրս գալու և ազգային համերաշխությունը վերականգնելու համար։

– Պետք է դադարեցնել այն քաղաքական մշակույթը, որտեղ ցանկացած այլակարծություն ներկայացվում է որպես թշնամություն։ Կարելի է ունենալ տարբեր քաղաքական դիրքորոշում, տարբեր պատկերացումներ պետության ապագայի մասին, բայց չպետք է միմյանց ընկալենք որպես թշնամիներ։ Մեզ անհրաժեշտ է ոչ թե հակադրություն, այլ համագործակցության հստակ և արժանապատիվ համակարգ։ Ուժեղ պետությունը չի վախենում ուժեղ Եկեղեցուց, իսկ ուժեղ Հայաստանը չի վախենում ուժեղ Սփյուռքից։
Ես հավատում եմ, որ Հայաստանը կարող է դուրս գալ այս ծանր շրջանից, եթե կարողանանք պետական շահը վեր դասել անձնական և կուսակցական հակասություններից։ Մեզ անհրաժեշտ է երկարաժամկետ մտածողություն, ազգային համերաշխություն և պատասխանատվություն ոչ միայն այսօրվա, այլև հաջորդ սերունդների առաջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանը վստահ չէ և ժամանակ է շահում․․․

Փաշինյանը վստահ չէ և ժամանակ է շահում․․․ Sat, 29 Aug 2026 14:15:35 +0400 Ամենայն Հայոց …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով