Պուտինը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հստակ ասել է… մանրամասներ հանդիպումից
Tue, 01 Sep 2026 21:39:07 +0400

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
Բանակցությունների ընթացքում Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Հայաստանի եվրաինտեգրմանը՝ մասնավորապես նշելով, որ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումը երկրի օրինական իրավունքն է, սակայն այն որոշակի դժվարություններ է առաջացնում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ պայմանավորված։
Պուտինը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նաև հստակ ասել է՝ «Մեկ այլ կազմակերպությանը միանալու ընթացակարգի մեկնարկի մասին օրենքի ընդունումը նշանակում է Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին հայտարարություն»:
Նա առաջարկել է հայ ժողովրդին ընտրության հնարավորություն տալ ԵՄ-ին անդամակցելու հարցում և հարցնել նրանց, թե ինչ են ուզում։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, Պուտինը Փաշինյանին ասել է․
«Որքան շուտ Հայաստանը որոշակիություն մտցնի ԵՄ-ին անդամակցելու հարցում, այնքան լավ: Մոսկվային հարկավոր է հասկանալ, թե ինչպես զարգացնել հարաբերություններն այսուհետ։
ԵԱՏՄ-ին անդամակցության ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է երեք անգամ, իսկ արտահանումը միության երկրներ՝ 10 անգամ։
Պուտինը Ռուսաստանն անվանել է Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերը։ 2026 թվականի սկզբից երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2,6 միլիարդ դոլար։
Հայաստանի ձգտումը դեպի ԵՄ երկրի օրինական իրավունքն է, սակայն դա դժվարություններ է ստեղծում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ում գտնվելով պայմանավորված։
Պուտինը նշել է խաղաղ ատոմի, տրանսպորտի և թվային տնտեսության ոլորտներում համատեղ նախագծերը։
Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա պատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի հիմնարար շահերին։
Փաշինյանի հետ հանդիպմանը Պուտինը նշել է, որ իրենք բազմիցս քննարկել են Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու մտադրության հարցը։
Ռուսական ընկերությունները ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը և երկրի բյուջեի խոշորագույն հարկատուներն են»։
Նիկոլ Փաշինյանն իր հերթին հանդիպմանը հայտարարեց․
«Հակամարտության ժամանակ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները այլ իմաստ ունեին։ Այժմ, երբ տարածաշրջանում խաղաղություն է հաստատվել, անհրաժեշտ է նորովի նայել իրավիճակին։
Հայկական կողմը վերանայել է իրավական շրջանակը և որևէ խախտում չի հայտնաբերել ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ ԵԱՏՄ-ի նկատմամբ՝ կապված ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի մտադրության մասին օրենքի ընդունման հետ։
Հայաստանը չի հայտարարել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին։ Պայմանագիրը հստակ սահմանում է դուրս գալու ընթացակարգը. պետությունը պետք է վեց ամիս առաջ տեղեկացնի։
Պայմանագիրը չի պարունակում որևէ դրույթ, որը թույլ կտա անդամ պետությանը հեռացնել ԵԱՏՄ-ից։
ԵՄ-ին անդամակցելու մտադրության մասին օրենքն ընդունելով՝ իշխանությունները փաստացի հրաժարվել են այս փուլում հանրաքվե անցկացնելու գաղափարից, քանի որ հարցը դեռևս հասունացած չէ»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր