Չորեքշաբթի , 2 Սեպտեմբերի 2026

«Օնտարիոյից»՝ «Ամերիկա». Թրամփի հերթական խելահեղ հրամանագրերից մեկի հետքերով

«Օնտարիոյից»՝ «Ամերիկա». Թրամփի հերթական խելահեղ հրամանագրերից մեկի հետքերով

Wed, 02 Sep 2026 14:15:44 +0400


Օգոստոսի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով Մեծ լճերի համակարգի լճերից մեկը՝ Օնտարիոն, անվանափոխել է «Ամերիկա»։ Ամերիկյան կողմի համար այս անվանափոխությունը պարտադիր է լինելու, եթե ֆեդերալ կամ ավելի բարձր ատյանի դատարանը հրամանագիրն առոչինչ ճանաչող որոշում չկայացնի։ Կանադայի համար այդ անվանափոխությունը, մեղմ ասած, եղած-չեղածի հաշիվ է։

Հիշեցնենք, որ Օնտարիոն Հյուսիսային Ամերիկայի Մեծ լճերի համակարգի հինգ լճերից մեկն է։ Լճի անվանումը շատ ավելի հին պատմություն ունի, քան Միացյալ Նահանգների պետականության պատմությունն է։ «Օնտարիո» անվանումը ծագել է հյուսիս-ամերիկյան բնիկներից։ Բառն առաջացել է լճերի տարածքում ապրող հուրոնյան կամ վենդատյան ժողովուրդներից։ Լեզվաբանների համար դեռ պարզ չէ, թե ինչպես է հնչել բառի նախնական կամ բնիկների կողմից արտասանված բառը՝ Ontari’io, թե Ontario։ Ստուգաբանորեն այն նշանակում է «մեծ լիճ», «գեղեցիկ լիճ» կամ «պսպղուն ջրեր ունեցող լիճ»։ Ներկայիս անվանումը կարելի է համարել որպես հին անվանման ճշգրիտ թարգմանության վարիացիաներից մեկը։ Այսինքն՝ լճի «Օնտարիո» անվանումը կանադացիների կամ կանադական պետության կողմից չի ստեղծվել կամ դրվել շրջանառության մեջ։ Հետեւաբար՝ Թրամփի հակականադական դեմարշը, արտահայտված լճի անվանափոխությամբ, անհասկանալի է։ Եվրոպացի քարտեզագիրները դեռ 17-րդ դարում են այդ անվանումով նշել լիճը։ Իսկ 17-րդ դարում դեռ Միացյալ Նահանգներ կամ Կանադա պետություն պարզապես գոյություն չուներ։ Մինչդեռ հնագիտական վկայությունները ցույց են տալիս, որ Մեծ լճերի համակարգի եւ Օնտարիոյի շրջակայքը բնակեցված է եղել մարդու կողմից դեռ 11 հազար տարի առաջ։ Դարեր շարունակ այստեղ գոյություն է ունեցել բնակչություն, իրականացվել է առեւտուր, բնիկ ժողովուրդների միջեւ ձեւավորվել են քաղաքական համակարգեր, եղել է միգրացիա եւ այլն։ Լճերը եղել են որոշակիորեն կիզակետ մարդկային քաղաքակրթության ձեւավորման ու զարգացման համար։

Եվրոպացիներին Օնտարիոն հայտնի է դարձել 17-րդ դարի սկզբներին։ Առաջին եվրոպացիներից մեկը, որ հասել է այդ շրջան, եղել է ֆրանսիացի Էթյեն Բրյուլեն, որն Օնտարիոյի շրջանում եղել է 1615 թվականին։ Ընդ որում, եվրոպական այդ ժամանակվա քարտեզներում Օնտարիոն ունեցել է նաեւ այլ անվանումներ՝ Lac de St. Louis, Lacus Ontarius, Lac Ontario ou des Iroquois կամ Lac Frontenac։ Վերջին տարբերակն ի պատիվ Նոր Ֆրանսիայի առաջին նահանգապետ Լուի դե Բյուադ դե Ֆրոնտենի է։ Ժամանակի ընթացքում, սակայն, «Օնտարիո» անվանումը դարձել է տիրապետող թե՛ ֆրանսիական, թե՛ անգլիական քարտեզներում։

Լճի պատմության դրամատիկ փուլերը շարունակվել են նաեւ 18-րդ դարում, երբ լիճը հայտնվել է անգլիական եւ ֆրանսիական կայսրությունների սահմանագոտում եւ երկու կայսրությունների միջեւ դարձել մրցակցության առարկա։ Նույնիսկ այն բանից հետո, երբ լիճը դարձել է սահմանային Ամերիկայի եւ Կանադայի համար, միեւնույն է՝ աշխարհագրական տեղանունը պահպանվել է, եւ կողմերից ոչ մեկը չի արել այն, ինչ հիմա անում է Դոնալդ Թրամփը՝ իր ցնորամտության հերթական պոռթկման ժամանակ։ Բոլորն են հասկացել, որ գիտական անվանումները չի կարելի դարձնել քաղաքական թիրախավորման առարկա։ Սակայն նման էթիկական հարցերը կարծես ԱՄՆ գործող նախագահին այնքան էլ հետաքրքիր չեն։ Ի դեպ, լիճը ներշնչանքի աղբյուր է հանդիսացել ժամանակի նկարիչների, գրողների համար։ Օրինակ, անգլիացի նկարիչ Ջեյմս Փիչին ունի 18-րդ դարի կտավ՝ տեսարան Քինգսթոնից, այն ժամանակվա Կատարակիից, որը ներառում է նաեւ Օնտարիոյի տեսարանը։ 19-րդ դարում լիճը դառնում է բնապատկերներ նկարող նկարիչների համար առանձին գեղարվեստական թեմատիկա։ Հատկապես այս թեմայով կտավներ ունի Քորնելիուս Քրիգոֆը, որի անունը կապվում է Կանադայի 19-րդ դարի գեղանկարչության ավանդույթների բյուրեղացման հետ։ Նույնը շարունակվել է նաեւ 20-րդ դարում, եւ մեր ժամանակներում էլ այն դարձել է կանադական ինքնության մի մասը, եւ Թրամփի արածը նաեւ վիրավորանք է՝ հասցված կանադական ազգային ինքնությանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ձեր վերջն եկավ, ծաղրածունե՛ր․ Թրամփը՝ Կանադայի ղեկավարությանը

Ձեր վերջն եկավ, ծաղրածունե՛ր․ Թրամփը՝ Կանադայի ղեկավարությանը Tue, 25 Aug 2026 11:00:42 +0400 Միացյալ Նահանգները …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով