Չորեքշաբթի , 9 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ». Փաշինյանը Ղազախստանին եւ Ղրղզստանին սպասում է TRIPP-ո՞ւմ․ արձագանք Աստանայից

«Հրապարակ». Փաշինյանը Ղազախստանին եւ Ղրղզստանին սպասում է TRIPP-ո՞ւմ․ արձագանք Աստանայից

Wed, 09 Sep 2026 11:45:32 +0400


Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւի հետ օգոստոսի վերջին կայացած հեռախոսազրույցից մի քանի օր անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց՝ Աստանայի հետ քննարկում է եղել TRIPP նախագծին Ղազախստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ: Նա նաեւ հիշեցրեց, որ երրորդ երկրների մասնակցության համար, Երեւանից բացի, անհրաժեշտ է նաեւ Վաշինգտոնի համաձայնությունը:

«Ղազախստանի մասով, TRIPP-ի մասով քննարկվել է հարցը, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ TRIPP-ում մասնակցությունը, ներգրավվածությունը ներդրումային… Իհարկե, էնտեղ ներդրումային հնարավորություններ լինելու են, հստակ սահմանված է, որ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների համաձայնությամբ, այսինքն՝ երրորդ կողմերը կարող են ներգրավվել Հայաստանի եւ Միացյալ Նահանգների համաձայնությամբ, հիմա տարբեր երկրներ ցուցաբերում են էլի հետաքրքրություն, բնականաբար, մենք ցուցաբերված հետաքրքրությունը ողջունում ենք»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Փաշինյանը:

Հայտնի է նաեւ, որ Ղազախստանի ղեկավարը ցանկություն է հայտնել հոկտեմբերին այցելել Հայաստան։ Կարելի է ենթադրել, որ TRIPP-ին վերաբերող Փաշինյանի առաջարկը կարող է դառնալ հայաստանյան բանակցությունների թեմաներից մեկը։ Զրույցից հետո ղրղզական լրատվամիջոցներից մեկում հրապարակում եղավ, թե Հայաստանի վարչապետը Տոկաեւին առաջարկել է, որ Ղազախստանն ու Ղրղզստանը TRIPP նախագծի բաժնետեր դառնան: Մասնավորապես, ըստ աղբյուրի, Երեւանն առաջարկել է այս նախագծում 26 տոկոս իր մասնաբաժնից 5-ական տոկոս փոխանցել Աստանային եւ Բիշքեկին՝ ներդրումների դիմաց:

Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում, սակայն, որեւէ կողմից չկա։ Ղազախստանում եւս անդրադարձել են այս թեմային։ The Astana Times-ին տված հարցազրույցում ղազախ փորձագետ, տնտեսագիտության եւ իրավագիտության դոկտոր Դամիր Կայումովը նշել է, որ TRIPP-ը եւ տարածաշրջանում նոր երթուղիների ցանցի զարգացումը կարող են ընդլայնել Ղազախստանի հնարավորությունները: Նա նշել է, որ Ղազախստանը հետաքրքրված է նախագծին մասնակցելու եւ այն Միջին միջանցքին միացնելու հարցում։ «Տրանսկասպյան երթուղու համար TRIPP-ը լրացուցիչ հնարավորություն է տալիս՝ Կասպից ծովից այն կողմ բեռներ տեղափոխել դեպի Թուրքիա եւ Եվրոպա: Որքան շատ լինեն նման ճյուղեր, այնքան ավելի կայուն եւ գրավիչ կդառնա ամբողջ միջանցքը»,- ասել է Կայումովը։ Փորձագետը նշել է, որ Աստանայի հետաքրքրությունը TRIPP նախագծի նկատմամբ հիմնականում պրագմատիկ է, քանի որ երկրին անհրաժեշտ են մի քանի հուսալի երթուղիներ՝ խոշոր շուկաներ մուտք գործելու համար: Այնուամենայնիվ, նախագծի արժեքը Ղազախստանի համար կախված կլինի նրանից, թե որքան արդյունավետ է այն ինտեգրվելու երկրում առկա տրանսպորտային ցանցին։

«Մեզ համար նախագծին պաշտոնական մասնակցությունն այնքան կարեւոր չէ, որքան դրա ինտեգրումը մեր գործող տրանսպորտային հանգույցի հետ։ Սա նշանակում է միասնական սակագներ, թվային սահմաններ, թվային փաստաթղթերի կառավարում եւ հստակ, կանխատեսելի առաքման ժամկետներ։ Որքան ավելի հուսալի են երթուղիները Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ կապում Ղազախստանի միջոցով, այնքան մեծ է մեր աշխարհագրության տնտեսական եւ քաղաքական արժեքը եւ մեր դերը տարբեր շուկաներ կապելու գործում», – հավելել է նա։ Ի դեպ, ոչ պաշտոնական տեղեկություններով՝ Երեւանը ղազախական կողմին առաջարկել է ստանձնել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարումը, հարց, որը նոր գլուխկոտրուկ է դարձել Երեւանի ու Մոսկվայի միջեւ՝ միաժամանակ դառնալով հակասական հայտարարությունների պատճառ։

Ավելի վաղ Փաշինյանը կոչ էր արել ռուսական կողմին՝ բարեկամաբար խնդիրը լուծել եւ ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարումը հանձնել մեկ այլ երկրի։ Նրա պնդմամբ, հարցը քննարկվել է նաեւ Պուտինի հետ։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն իր հերթին օրերս հայտարարել էր, որ իրենք Երեւանից պաշտոնական հարցում չեն ստացել ՀԿԵ-ի կոնցեսիան հանձնելու հետ կապված։ Արձագանքելով ՌԴ փոխվարչապետի հայտարարությանը՝ Փաշինյանն էլ հակադարձել է, թե Օվերչուկի ասածը չի արտահայտում այն մթնոլորտը, որը եղել է հարցի քննարկման ժամանակ․ «Կարծում եմ՝ Հայաստանում էլ, Ռուսաստանում էլ կա էդ ըմբռնումը, որ խնդրի լուծման տարբերակներից մեկը կոնցեսիայի իրավունքի վաճառքն է երրորդ եւ Հայաստանի ու Ռուսաստանի համար ընդունելի կողմի։ Ես կարծում եմ՝ դա լավագույն լուծումն է։ Մյուս տարբերակներն ինձ ուղղակի իրատեսական չեն թվում»։

Թե ինչ հանգրվանի են բերելու Հայաստանին փաշինյանական հայտնի արկածախնդրությունները՝ հին ու նոր դաշնակիցների հետ խաղերում, եւ որ կողմի խաղադրույքն է առավել ազդեցիկ լինելու, պետք է մի փոքր էլ սպասել, վախենամ՝ կրկին կարող ենք հանգել «չարյաց փոքրագույնին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանը՝ Փարիզ, քաղաքացիները՝ խցանման մեջ

Փաշինյանը՝ Փարիզ, քաղաքացիները՝ խցանման մեջ Wed, 09 Sep 2026 10:36:04 +0400 Գրել էինք, որ Նիկոլ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով