«Հրապարակ»․ AfD-ի ընտրողները դեմ են կառավարության ուժեղ ուկրաինամետ դիրքորոշմանը
Sat, 12 Sep 2026 12:15:56 +0400

«Հրապարակի» զրուցակիցը Վիադրինայի Եվրոպական համալսարանի դոկտոր (Ֆրանկֆուրտ, Գերմանիա), Գլոբալ հետազոտությունների բարձրագույն դպրոցի ավագ գիտաշխատող (Դոշիշայի համալսարան, Ճապոնիա) Գաուտամ Չակրաբարտին է։
– Սաքսոնիա-Անհալթում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները, կարծես, ցնցում են առաջացրել Գերմանիայի ներքաղաքական կյանքում, հատկապես՝ իշխանական համակարգում։ Համենայնդեպս, այդ մասին խոստովանել է Ֆրիդրիխ Մերցը, որն ընդունել է իր ղեկավարած ՔԴՄ-ի «դրամատիկ» պարտությունը AfD-ից («Այլընտրանք Գերմանիայի համար»): Կանցլերը նաեւ խոստովանել է, որ իրենք չեն կարողացել էմոցիոնալ կապ հաստատել ընտրողների հետ։ Այս արդյունքը սպասելի՞ էր։
– Այս արդյունքը սպասելի էր՝ հաշվի առնելով AfD-ի կայուն եւ արագացող աճն ամբողջ Գերմանիայում, հատկապես, այսպես կոչված, «նոր բունդեսլենդներում», այսինքն՝ նախկին Արեւելյան Գերմանիայում: Ընտրողների կարծիքի եւ տրամադրության վերաբերյալ տարբեր հուսալի հարցումներ նույնը կանխատեսում էին, նույնիսկ խոսվում էր այն մասին, որ AfD-ն բացարձակ մեծամասնություն կստանա Սաքսոնիա-Անհալթում: Այսպիսով, ընտրությունների արդյունքները «դրամատիկ» անվանելը կարող է մի փոքր մոլորեցնող թվալ, քանի որ սա, իրոք, սպասելի արդյունք էր: Ինչ վերաբերում է կանցլեր Մերցին, նա, կարծես, դեռեւս վերահսկում է դաշնային կառավարությունը, բայց չի կարող պարզապես անտեսել համակարգային թույլ կողմերը, թերությունները եւ քաղաքական հիմնական կուսակցությունների ուժը։
– Ընտրություններից առաջ գերմանացի մի խումբ փաստաբաններ դիմել էին Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ AfD-ին հանելու ընտրություններից՝ իբրեւ նեոնացիստական կուսակցություն: Սա իշխող կուսակցության ծպտյալ նախաձեռնությո՞ւնն էր՝ անկախ փաստաբանների անվան տակ, թե՞ իրապես այլընտրանքային դիրքորոշում էր։
– Այս հարցի հետ կապված՝ ես չեմ կարող եւ չէի ցանկանա մեկնաբանել, քանի որ պարզապես չգիտեմ. կան որոշ շրջանակներ, որոնք դա են ենթադրում, բայց ճշմարտությունը բացահայտելու համար հետաքննող լրագրողներ են անհրաժեշտ։ Բոլոր ժողովրդավարություններում նման մանեւրներ տեղի են ունենում. եթե դա ճիշտ է, ապա առաջին անգամը չի լինի։
– AfD-ի հաղթանակից հետո նրա համանախագահ Ալիս Վայդելը հայտարարել է, որ Մերցի օրերը՝ որպես Գերմանիայի կանցլերի, հաշված են։ Նրա խոսքով, իրենց քաղաքական ուժի առաջնահերթությունը Գերմանիայի շահերն են, այլ ոչ թե Ուկրաինայի կամ որեւէ այլ երկրի։ Նման տրամադրությունները գերիշխո՞ղ են Գերմանիայում։
– Անհերքելի է, որ Ուկրաինայի հետ հակամարտությունը բավականին բեւեռացրել է գերմանական հասարակական կարծիքը. մարդիկ շատ ուժեղ կարծիքներ ունեն երկու կողմից էլ։ AfD-ն, անկասկած, գրավել է այն հասարակական-քաղաքական տարածքը, որը դեմ է Ուկրաինային Գերմանիայի տնտեսական եւ ռազմական օգնությանը, եւ սա զգալի տարածք է։ Այնուամենայնիվ, հասարակության զգալի մասը նույնպես կողմ է Ուկրաինային աջակցելուն։ Կան մի քանի հետաքրքիր համադրություններ, որոնք ի հայտ են եկել. ուկրաինամետ եւ Իրանի դեմ, ուկրաինամետ, բայց ԱՄՆ-ի դեմ, Ուկրաինային եւ ԱՄՆ-ին հակադրվող, Ուկրաինայի նկատմամբ չեզոք եւ իրանամետ։ Ընդհանուր առմամբ, AfD-ի ընտրողները, կարծես, դեմ են կառավարության ուժեղ ուկրաինամետ դիրքորոշմանը։
– Իսկ կարո՞ղ ենք եզրակացնել, որ եթե այսօր Գերմանիայում համապետական ընտրություններ լինեին, ընտրողների մեծ մասը կրկին նախապատվություն կտար Եվրոպայում խաղաղություն քարոզող AfD-ին՝ մերժելով, ինչպես ընդունված է կարծել, Մերցի պրոամերիկյան եւ պրոպատերազմական քաղաքականությունը։
– Սա գրեթե անհնար է կանխատեսել. ըստ ներկայիս հարցումների՝ AfD-ի աջակցությունն արագորեն աճում է ամբողջ երկրում, բայց կա նաեւ կենտրոնական ձախերի, ծայրահեղ ձախերի եւ այլ ուժերի զգալի մոբիլիզացիա կուսակցության դեմ: Երկրորդ համաշխարհային պատերազմի եւ Հոլոքոստի պատմության պատճառով հասարակության շատ մեծ մասը սկզբունքորեն դեմ է աջակողմյան քաղաքականությանը կամ այն բանին, ինչը համարվում է այդպիսին: Հիմնական լրատվամիջոցները (բացի Bild-ից եւ նմանատիպ այլ հրատարակություններից) ակնհայտորեն ճնշում են գործադրել AfD-ի դեմ: Թվում է, թե՛ կուսակցությունը, թե՛ նրա հակառակորդներն առաքելության ռեժիմում են:
– ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ փակում է Գերմանիայի հյուպատոսությունը Պետերբուրգում եւ Գյոթեի ինստիտուտի մասնաճյուղերը՝ ի պատասխան Բոննում ՌԴ գլխավոր հյուպատոսության եւ Բեռլինում Գիտության եւ մշակույթի ռուսական տան փակման: Երկու երկրների լարվածության նոր փուլին նախորդել էր օգոստոսին Լայպցիգի օդանավակայանի վրա ԱԹՍ հարձակումը, որին, ըստ Բեռլինի, առնչություն ունի Ռուսաստանը: Որքա՞ն հեռու կգնա դիվանագիտական սկանդալը, եւ արդյո՞ք այստեղ գլխավոր գործոնը միայն Ուկրաինան է։
– Դե, Ուկրաինան 2022 թվականի փետրվարի վերջից ի վեր եվրասիական, գոնե եվրոպական աշխարհաքաղաքականության գլխավոր գործոնն է եղել։ Լայպցիգի անօդաչու թռչող սարքերի հարձակման վերաբերյալ դժվար է հաստատել Ռուսաստանի ներգրավվածության մասին պնդումների իսկությունը. որպես լուրերի սպառող՝ կարելի է միայն ընտրել, թե որ կողմին հավատալ։ Այնուամենայնիվ, ես այստեղ տեսնում եմ խորհրդանիշներ. նույնիսկ եթե հարձակման համար մեղավոր են ռուսական «ցածր մակարդակի գործակալները» (ինչպես ասում են` գերմանական կառավարության աղբյուրները), ինչպե՞ս է հյուպատոսության եւ հարգված ու այցելվող մշակութային կենտրոնի փակումն օգնում։ Եթե ինձ խնդրեին մեկ բառով նկարագրել այս գործողությունը, ես կասեի՝ «խորհրդանշական»… եւ կարծում եմ, որ դա ավելի կփչացնի ռուս-գերմանական հարաբերությունները, քան արդեն իսկ կան։ Սա ո՛չ Ուկրաինային կօգնի, ո՛չ էլ որեւէ կերպ կամրապնդի Գերմանիայի անվտանգությունը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր