Ազատ խոսքը շարունակում է միֆ մնալ. ովքե՞ր են արտոնյալները

Մամուլի ազատության միջազգային օրն առավելապես տոն է համարվում ժողովրդավար երկրներում, քանի որ հենց այդ երկրներն են, ըստ էության, ազատ մամուլի հիմնադիրներն ու խոսքի ազատության ջատագովները:

Լրագրողի մասնագիտությունն ու աշխատանքը մեծապես կարևորվում է այդ երկրների իշխանությունների ու հասարակությունների կողմից, իսկ լրագրողներն էլ համարվում են հասարակության սերուցքի կարևոր բաղկացուցիչ: Ազատ խոսքի շնորհիվ է նաև, որ զարգացած ժողովրդավարությունները հասել են իրենց համար ցանկալի հանգրվանի:
Հայաստանը, սակայն, այդ երկրների շարքին չի դասվում, ու չնայած իշխանությունները չեն դադարում ամեն անգամ Հայաստանը որպես ժողովրդավարության բաստիոն ներկայացնել ու դրա միջոցով իրենց իշխանությունը լեգիտիմացնել:
Անվիճելի փաստն այն է, որ տարեցտարի Հայաստանը ժողովրդավարական ինդեքսներում կայուն հետընթաց է գրանցում: Այս պայմաններում «ազատ խոսք» ասվածը խիստ հարաբերական երևույթ է դարձել: Ազատ արտահայտվելու ու գործելու իրավունք են ձեռք բերել գրեթե բացառապես այն ԶԼՄ-ները, որոնք իրենց կարողացել են տեղավորել իշխանական քարոզչության ծիրում, իսկ այն ԶԼՄ-ներն ու լրագրողները, որոնք փորձում են հանրությանը պատմել Հայաստանում տիրող իրական վիճակի մասին, դատ-դատարններից շունչ չեն քաշում:
Այսօր բազմաթիվ են այն ընդդիմադիր ԶԼՄ-ները, որոնց գլխավոր խմբագիրները ստիպված են իրենց լրատվամիջոցի իրավուքները պաշտպանել դատարաններում: Երբեք իշխանություններն այսքան մեծ թվով դատական հայցեր չեն ներկայացրել որևիցե ԶԼՄ-ի դեմ, ինչը թերևս լավագույն ցուցիչն է այն բանի, թե իրականում ինչ իրավիճակ է Հայաստանում խոսքի ազատության բնագավառում:
Այս իրավիճակում է, որ առաջնային խնդիր է դառնում լրագրողական համքարության միաբանությունն ու մասնագիտական սոլիդարությունը, որը, ցավոք, հաճախ խաթարված է: Բոլորին չէ, որ հավասար չափով են նայում նույնիսկ ընդդիմադիր դաշտում, ինչը խորացնում է առանց այն էլ բարդ իրավիճակը ազատ խոսքի ոլորտում՝ առանձին ԶԼՄ-ներին մեն-մենակ թողնելով ազատ խոսքի թշնամի իշխանությունների հետ դեմ առ դեմ պայքարում:
Հայաստանում ազատ խոսքը երբեք այսքան արհամարհված ու ճնշված, լրագրողներն էլ այսքան մերժված չեն եղել, նման պատկեր չի եղել անգամ նախկինների օրոք՝ չնայած հանուն արդարության պետք է արձանագրենք, որ նրանք էլ մի բարի պտուղ չէին, և նույն վովայական ոստիկանությունը ժամանակին ծառայում էր նաև որպես ազատ խոսքը լռեցնելու կույր գործիք՝ տարբեր միջոցներով ու տարբեր հարթակներում թիրախավորելով իրենց ոչ ձեռնտու ճշմարտությունն ասող ԶԼՄ-ներին ու դրանց գլխավոր խմբագիրներին:
Այս առումով ոչ միայն ոչինչ չի փոխվել, այլև, ցավոք, վիճակն է՛լ ավելի է վատացել, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է հեղափոխական խոստումների ու իրականության միջև եղած անջրպետի անհաղթահարելիությունը:
Գ.Մանուկյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Սասունը կրկին ապացուցեց, որ իրական երկրապահների թշնամին է

Մինչ ՔՊ-ականները, մեկը մյուսին հերթ չտալով, քարոզչական դաշտում փորձում են ապացուցել Նիկոլ Փաշինանի ծրագրին իրենց …