Հինգշաբթի , 30 Մայիսի 2024

Զարեհ Սինանյանը չի հասկացել գլխավոր խնդիրը

Հայաստան հայերի ներհոսքի բացակայությունը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը պայմանավորել է հայերենի չիմացությամբ: Սինանյանը հայտնել է, որ իրենք սկսել են գործընթաց, որը կոչված է լինելու օգնել սփյուռքահայերին հաղթահարել լեզվական խոչընդոտներն ու վերադառնալ Հայաստան՝ դարձնելով կյանքը հայրենիքում ավելի գայթակղիչ:

Սինանյանի մատնանշած խնդիրը, իհարկե, արհեստածին չէ, և իսկապես, բոլոր այն երկրները, որոնք ունեն սփյուռք, և որոնք ցանկացել են, որպեսզի ապահովվի հայրենադարձություն, բախվել են այդ խնդրին՝ խթանելով մայրենի լեզվի ուսուցանումը սփյուռքում:
Սակայն արդյոք դա այն հիմնական խոչընդո՞տն է կամ էր, որի պատճառով նորանկախ Հայաստանը երբեք հայկական սփյուռքի համար չի եղել գրավիչ երկիր:
Երբ տեղի էր ունենում հեղափոխություն, Սփյուռքում Նիկոլ Փաշինյանի աջակիցները հույս ունեին, որ Հայաստանը վերջապես կդառնա հայակենտրոն, իսկ Սփյուռքն էլ կունենա հնարավորություն՝ մասնակցելու ներհայաստանյան կյանքին: Միով բանիվ՝ հույս կար, որ Հայաստանը վերջապես իսկապես կդառնա բոլոր հայերի հայրենիքը, այլ ոչ թե գլխավորապես նախկին սովետահայերի: Բայց չանցած երկար ժամանակ՝ պարզ դարձավ, որ լեզվական խոչընդոտը, եթե այն ընդհանրապես կա էլ, ամենամեծը չէ, չնչին ռուբիկոն է. հիմնական խոչընդոտն ուրիշ է:
Գլխավոր խնդիրը ոչ թե լեզվական խոչընդոտներն են, այլ «նոր Հայաստան» պրոյեկտի լիարժեք ձախողումը:
Այս 5 տարում ներգաղթի փոխարեն եղել է միայն արտագաղթ այն պարզ պատճառով, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, Հայաստանում մարդն ինքն իրեն չի գտնում, չկան ինքնադրսևորվելու բավարար պայմաններ, չկա անվտանգություն ու արդարություն, չկա դատաիրավական այնպիսի համակարգ, որը կդառնա հասարակության հենարանը: Չկա ոչինչ, իսկ ինչ էլ կար, քանդվեց: Եթե մի երկիր չի կարողանում լուծել արտագաղթի խնդիրը, չի կարողանում նույնիսկ նորմալ հարկային դաշտ ձևավորել, ապա ինչպե՞ս կարելի է երազել, թե սփյուռքահայերը կարող են գալ ու մշտական բնակություն հաստատել այդտեղ: Հեղափոխությունից ոգեևորված որոշ սփյուռքահայեր փորձեցին վերահաստատվել Հայաստանում, փող բերեցին, ներդրումներ արեցին, բայց կարճ ժամանակ անց փոշմանեցին ու փախան՝ երդվելով մոռանալ Հայաստանի տեղն էլ, անունն էլ: Հիմա այս իրավիճակում Սինանյանն ո՞ւմ է ուզում հայերեն սովորեցնել:
Նախ պետք է նորմալ երկիր ունենալ ու հետո միայն մտածել հայրենադարձության մասին, մինչդեռ մենք նույնիսկ անվտանգային հարցեր չենք կարողանում լուծել՝ դառնալով թուրք-ադրբեջանական տանդեմի գերին:

 

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Զարեհ Սինանյանը սին հույսերով է ապրում

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ապրիլի 24-ին ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում փորձելով հիմնավորել, թե …