Փետրվարի 1-ին կայանալիք Դավիթ Ամալյանի մենահամերգը խոստանում է անմոռանալի լինել

Հայ մարդու տոկունության, դժվարությունները հաղթահարելու ու տառապանքն անտեսելու ունակության ֆենոմենը դեռ մնում է լիովին չուսունասիրված, թերբացահայտված: Զարմանում ես՝ ինչպես ենք կարողանում նույնիսկ այսքան տառապանքից հետո շարունակել հավատալ ապագային, կյանքին ու դեռ հուսալ, որ վաղն ամեն ինչ լավ է լինելու: Այս իմաստով դժվար է թերագնահատել իսկական արվեստի դերը. հենց հայի հոգուց բխող արարչական ջիղն է, որ մեզ կյանք է տալիս, օգնում ապրել ու չվհատվել, չծնկել չարի առաջ:

Իսկական արվեստի մի յուրօրինակ նմուշ էր հունվարի 20-ին, Փասադենայի «Վաչե և Թամար Մանուկյան» սրահում կայացած սիրված արտիստ Դավիթ Ամալյանի մենահամերգը: Այն ավելին էր, քան պարզապես համերգը. այն հավերժականի ու դեպի հավիտենականություն ձգտող անցավորի միջև երկխոսություն լիներ ասես՝ ունկնդրի հոգու ամենանուրբ լարերը շոյող, մինչև հոգու խորքը ներթափանցող ու կյանքի նոր՝ մինչ այդ գուցե չբացահայտված իմաստ հաղորդող:
Ամալյանի արվեստի բարձրությունից ապշած հանդիսատեսը, ինչպես և կարելի էր սպասել, ցանկություն է հայտնել՝ կրկին ունկնդրելու արտիստին՝ նրա հետ միասին մեկ անգամ ևս ընկղմվելու հավերժի հունը:
Լոսանջելեսահայ համայնքի մաս հանդիսացող արվեստագերներն ու հանրային դաշտի այլ երևելիներ չէին կարողացել զսպել համերգից ստացած իրենց էմոցիաներն ու դրական էներգիան՝ իրենց խոսքում շատ բարձր գնահատելով Դավիթ Ամալյանի հոգու այդ ճիչը:
Եվ, ահա, ընդառաջելով լոսանջելեսահայությանը՝ «GRAND PARTY» ընկերությունը իր վրա է վերցրել նոր համերգի կազմակերպման պատասխանատվությունը՝ փետրվարի 1-ին ևս մեկ անգամ շանս ընձեռելով Դավիթ Ամալյանի երկրպագուներին՝ ըմբոշխնելու նրա արվեստը Բըրբենքի «THE STAGE»-ում: Ի դեպ փետրվարի 1-ը նաև արտիստի ծննդյան օրն է՝ նրա 50-ամյակը, ինչը կարելի է իսկապես խորհրդանշական համարել:
Այնպես որ՝ իսկապես արժե մասնակցել սիրված երգչի համերգին՝ լիցքավորվելու այն դրական ու ապրեցնող հույզերով, որոնցով թաթախված են թե՛ ապրեցնող ստեղծագործությունները, թե՛ նրա անձը՝ սեփական սերն ու գնահատանքը փոխանցելու վաստակավոր արտիստին՝ նրա մատուցած արվեստին արժանին մատուցելով:
Գայանե Մանուկյան

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com