Շաբաթ , 14 Դեկտեմբերի 2024

Վազգենի 65-ամյակին


Սովորաբար մարդկանց հոբելյանը շնորհավորելիս կամ այդ առթիվ խոսք ասելիս ընդունված է նախ մի փոքր ներկայացնել անհատի անցած ճանապարհը, գործերն ու այն հետքը, որ նա հասցրել է թողնել այս կամ այն բնագավառի կամ թեկուզ սեփական ընտանիքի ու ընկերական շրջապատի կյանքում, իսկ ոմանց դեպքում՝ սեփական ժողովրդի ու պետության:
Սպարապետ Վազգեն Սարգսյանի պարագան, սակայն, լրիվ այլ է. այս մարդը հավելյալ ներկայացման կարիք չունի, քանի որ նա պարզապես Վազգենն է, որ վաղուց վերածվել է ազգային արժեքի, որի անցած ճանապարհն ու հայոց պատմության մեջ թողած հետքը դեռ երկար պետք է վերլուծվեն՝ անընդհատ վերաարժևորելու այն ժառանգությունը, որ, ցավոք, այսօր մսխվում է անընդհատ. Արցախ է՛լ չկա, Հայաստանն էլ կագնած է Արցախի տխուր ճակատագրին արժանանալու հստակ հեռանկարի առաջ:
Վազգենը մարտի 5-ին դառնում է 65 տարեկան: Ասում ենք՝ դառնում է, քանի որ նա իրականում կենդանի է, նա չի կարող անցյալում մնալ: Այն պահին, երբ Վազգենը համարվի անցյալ, կգա Հայաստաի վախճանը՝ առանց վերածնման հեռանկարի: Վազգենի անունը ոսկե տառերով է գրված հայոց պատմության մեջ այնպես, ինչպես Նժդեհինը, Անդրանիկինն ու Մոնթեինը, ինչպես Մխիթար Սպարապետինն ու Դավիթ Բեկինը: Վազգենը եղել ու մնալու է այս կարգի մեծությունների շարքում ոչ միայն այն պատճառով, որ անջնջելի հետք է թողել հայոց նորանկախ պատմության մեջ, այլև՝ այն, որ շարունակում է ներշնչանքի աղբյուր լինել իր գործերով ու թևավոր խոսքերով, որոնցից մեկը, օրինակ ասում է. «Ոչ մի ծրագիր, որքան էլ այն փայլուն լինի, չի կարող իրականություն դառնալ, եթե չկա հավատք, նպատակին հասնելու համախմբվածություն, եթե մեզանից յուրաքանչյուրը չի մտածում, որ այս երկրի ճակատագիրը կախված է մի մարդուց, և այդ մարդը հենց ինքն է»:
Թերևս հենց այդ հավատի անման ու անձնական պատասխանատվության պակասի հետևանքով է Հայաստանը հասել այս օրվան: Սպարապետի պատգամները չլսելն է, որ պատճառ դարձավ Արցախի կորստյան, Վազգենի հանդեպ ոմանց «աբիժնիկությունն» է, որ հասցրեց հայ ժողովրդին ազատ անկման:
Բայց սա վերջը չէ, ու, անկասկած, հայ ժողովուրդը դեռ հառնելու է՝ վազգենների թևերին բազմած, իսկ որպեսզի այդ օրը շատ չուշանա, ամեն մեկը նախ ինքն իրեն պետք է պատասխանատու համարի այս երկրի ճակատագրի համար՝թուլ չտալու շնագայլերին մսխել մեծերի ժառանգությունն ու Հայաստանը տալ թշնամիներին:
Գայանե Մանուկյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը չի ընկալել հարցի խորքը

Կառավարության նիստում խոսելով Հայաստանի ժողովրդագրական խնդիրների մասին՝ Նիկոլ Փաշինյանը կիսահռետորական հարց է բարձրացրել՝ ինչո՞ւ պետք …