Երեքշաբթի , 10 Դեկտեմբերի 2024

Վարչապետի չարագույժ խոստովանությունը. պատերազմն անխուսափելի է


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ուշագրավ մանրամասներ է հայտել Նիկոլ Փաշինանի՝ Տավուշի մարզ կատարած այցելությունից՝ կոնկրետացնելով, թե հիմնականում ինչի մասին է երկրի ղեկավարը խոսել բնակիչների հետ տեղի ունեցած փակ հանդիպմանը:
Ըստ պատգամավորի՝ Փաշինյանը տավուշցիներին հայտնել է, որ գյուղերը պետք է անհապաղ հանձնել Ադրբեջանին, այլապես պատերազմ կլինի։ Ընդ որում՝ հանդիպմանը, որը անցել է բավական թեժ մթնոլորտում, բնակիչները հարց են բարձրացրել՝ եթե գյուղերը տան, իշխանությունները երաշխավորո՞ւմ են, որ պատերազմ չի լինի, ինչին ի պատասխան լսել են բացասական արձագանք. Փաշինյանը ասել է, որ կարող է ընդամենը հուսալ, որ չի լինի պատերազմ, ինչպես նաև կփորձի այնպես անել, որ Հայաստանի համար ստրատեգիական նշանակության կարևոր ճանապարհներն անվտանգ լինեն:
Բավական հետաքրքիր ու միևնույն ժամանակ արկածախնդիր տակտիկա է որդեգրել իշխանությունը՝ խաղալով ժողովրդի հոգու նուրբ լարերի, վախերի վրա: Հարց՝ եթե չկա ոչ մի երաշխիք, որ պատերազմ չի սկսվի, ապա ո՞րն է 4 գյուղը հենց այնպես թուրքերին տալու իմաստը: Ստացվում է, որ պատերազմ սկսելու մտայնություն ունեցող թշնամին սանձազերծելիք պատերազմի համար ձեռք է բերելու շատ լավ ելակետային պայմաններ: Կգրավեն այսպես կոչված անկլավները, կգրավեն կարևորագույն բարձունքները, իսկ շատ կարճ ժամանակ անց կսկսեն պատերազմ՝ հեշտորեն գրավելով Հայաստանի առնվազը կեսը:
Մյուս կողմից՝ եթե իշխանություններն այդքան վախենում են պատերազմից, ապա է՛լ ինչո՞ւ են բանակ պահում՝ պարբերաբար հայտարարելով, թե ամեն ինչ անում են՝ այն արագորեն վերականգնելու ու մարտական բարձր վիճակի բերելու, առաջնագիծը կահավորելու, զինվելու և այլնի համար:
Նիկոլ Փաշինյանը, հիմնավորելու համար, թե գյուղերը պետք է տալ, ասել է գյուղացիներին, թե չենք կարող չտալ, քանի որ Թուրքիան Ադրբեջանի հետ է: Տրամաբանական հարց՝ իսկ Հայաստանի հետ ո՞վ է, ովքե՞ր են մեր դաշնակիցները, կա՞ն այդպիսիք, թե՞ ՔՊ-ն հետպատերազմյան շրջանում արեց ամեն բան, որպեսզի այսօր Հայաստանից երես թեքեն բոլոր դաշնակիցները: Իշխանությունները հայտարարում են, թե Արևմուտքը Հայաստանին տալիս է անվտանգային երաշխիքներ կամ տալու է: Այդ դեպքում հարց՝ ո՞ւր են այդ երաշխիքները, ինչո՞ւ դրանք չեն աշխատում, թե՞ որևիցե երաշխիք էլ չկա, այլ ընդամենը գործ ունենք քարոզչական փուչիկի հետ՝ արդարացնելու ներկայումս վարվող արտաքին քաղաքականությունը, որը Հայաստանը լավ տեղ չի տանում:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի

Կա ձևավորված մի պատկերացում, ըստ որի՝ Դոնալդ Թրամփի ընտրությունն ԱՄՆ նախագահի պաշտոնում կարող է լավ …