Կիրակի , 28 Սեպտեմբերի 2025

Նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը

Իշխանությունները հերթական աղմկահարույց քայլն են որոշել անել. Նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը: Մեկնաբանելով եղելությունը՝ ՔՊ-ականներից ոմանք հայտարարել են, թե նպատակ ունեն՝ կնիքները համապատասխանեցնելու «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը: Ավելին՝ հայտնի էր դարձել, որ Մեծ Հայքի քարտեզը հանվել է մետրոյի Հանրապետության հրապարակ կայարանից՝ իբր վերանորոգման աշխատանքների պատճառով, որպեսզի այն չվնասվի։ Բայց թե արդյոք այն վերանորոգումից հետո հետ կբերվի, թե՝ ոչ, մեծ հարցական է. եթե Արարատը դեմ է «Իրական Հայաստանի» մասին գաղափարախոսությանը, ապա ինչո՞ւ պետք է վերոհիշյալ քարտեզը դրան չհակասի:

Սա խայտառակություն է և խոսում է այն մասին, որ Հայաստանի ինքնաոչնչացմանը տանող այն ծրագիրը, որը Նիկոլ Փաշինյանի կառավարոթյանը թելադրվել է դրսից, գտնվում է ռեալիզացման ամենաթեժ փուլում, երբ դեն են շպրտվում բոլոր դիմակները:
Արարատը հայ ազգի համար ոչ միայն աշխարհագրական կետ է, այլև ազգային խորհրդանիշ, պատմական հիշողություն և ինքնություն։ Դարեր շարունակ այն եղել է մեր ցավի, կարոտի և հույսի կենդանի մարմնավորումը։ Այս լեռը միշտ եղել է Հայաստանի սիրտը, նույնիսկ եթե ֆիզիկապես այն գտնվել է Թուրքիայի տարածքում։ Հենց այս հիշողության և պատմականության պատճառով էր, որ Արարատի պատկերը տեղ էր գտել մեր պետական խորհրդանիշների և պաշտոնական փաստաթղթերի վրա։
Կառավարության այս քայլն ակնհայտորեն նպատակ ունի՝ կոտրելու պատմական հիշողության և ազգային ինքնության այն շերտերը, որոնք դուրս են այսպես կոչված իրական՝ 29743քկմ-անոց բզկտված ՀՀ-ի ներկայիս սահմաններից։ Արարատ լեռը, Մեծ Հայքի քարտեզն իշխանությունների կողմից ընկալվում են ոչ թե որպես ազգային ինքնության անբաժան մաս, այլ որպես խանգարիչ գործոն՝ Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ կառուցելու նոր հարաբերություններ:
Այսպիսով՝ իշխանությունը փորձում է վերաշարադրել հանրային գիտակցությունը՝ հարմարեցնելով այն իր հայադավ գաղափարական կաղապարին: Այս ամենը բացահայտորեն վտանգում է ազգային ինքնության հիմքերը, քանի որ պատմական հիշողության և խորհրդանիշների ջնջումը կամ աղավաղումը չի կարող բերել անվտանգություն ու բարեկեցություն, ընդհակառակը՝ այն խորացնում է հասարակության բաժանումը և թուլացնում ազգային միասնականությունը մի դեպքում, երբ հատկապես այս փուլում հայ ժողովուրդն իսկապես համախմբվելու կարիք ունի։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ազգայնականության պատրանքը Հայաստանում.Ինչու «ազգային արժեքների» մասին խոսող հասարակությունը չունի ազգային ուղեգիծ

Հայաստանում շատ են խոսում «ազգային արժեքներից», «ազգային ինքնությունից», «ազգային շահերից»։ Այս բառերը կան ամենուր՝ քաղաքական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով