Ոչ թե խոշտանգողին են պատժում, այլ տեսանկարողին
Mon, 02 Mar 2026 21:45:00 +0400

ՀՀ քննչական կոմիտեՆ հաղորդում է, որ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ոստիկանի կողմից անձին խոշտանգելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
Խոսքը լրագրող Սյուզի Բադոյանի հրապարակած՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ աշխատակցի կողմից քաղաքացու խոշտանգումը պատկերող տեսանյութի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի մասին է:
Սակայն ուշագրավ է, որ քրեական հետապնդում է հարուցվել ոչ միայն խոշտանգումն իրականացրած ոստիկանի, այլ այդ դեպքը տեսագրած ոստիկանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու մեղադրանքով, «քանի որ նկարահանելու փոխարեն պարտավոր էր կանխել և հանցանքի մասին հաղորդում ներկայացնել»։
Սրա իմաստը մեկն է` այնպես անել, որ այլեւս ոչ մեկը նման խոշտանգման փաստը չտեսանկարահանեն եւ տեղեկատվությունը դուրս չբերեն, որ Հ.Հ.-ի նմանները, որոնք ձեռք են բարձրացնում ոստիկանությունում հայտնված քաղաքացիների վրա, այսուհետ եւս անարգել ու անպատիժ շարունակեն խոշտանգել մարդկանց:
Եւ սա արվում է մի երկրում, որտեղ անանուն ազդարարողների ինստիտուտ են ներդրել, կոչ են անում մարդկանց անանուն տեղեկացնել կոռուպցիոն հանցագործությունների եւ անգամ երթեւեկության կանոնների խախտումների մասին` խոստանալով չհրապարակել հաղորդում տվողների տվյալները: Պարզվում է` մարդուն խոշտանգած ոստիկանը, որն ընդամենը տեսագրել է այդ հանցագործությունը եւ այդ տեսանյութն ինչ ինչ ճանապարհով հայտնվել է լրագրողի ձեռքում ու հրապարակվել, հիմա ավելի խստորեն է պատժվելու, քան խոշտանգումն իրականացրած հանցագործ ոստիկանը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր