Իրանի հետ գործարքն անհնար էր․ Ուիտկոֆ
Tue, 03 Mar 2026 16:30:04 +0400

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտնել է, որ ԱՄՆ ներկայացուցիչները գիտակցել են Իրանի հետ գործարքի անհնարինությունը Թեհրանի հետ բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում։ Երրորդ հանդիպումը Վաշինգտոնը դիտարկում էր որպես վերջին հնարավորություն։
«Մենք գնացինք այնտեղ, փորձեցինք արդար գործարք կնքել նրանց հետ։ Եվ լրիվ պարզ էր, որ դա անհնար է, հավանաբար երկրորդ հանդիպման ավարտին։ Սակայն մենք հետո վերադարձանք երրորդ հանդիպման համար՝ պարզապես նրանց վերջին հնարավորություն տալու», – Fox News հեռուստաալիքին ասել է Ուիտկոֆը։
Նա հայտարարել է, որ ինքը և ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, շփոթված էին, երբ իրանական պատվիրակությունը նրանց տեղեկացրել է ուրանը հարստացնելու իրենց անքակտելի իրավունքի մասին։
Ընդ որում, ավելի վաղ Axios-ը, հղում անելով անանուն իսրայելցի պաշտոնյայի, գրել էր, որ ԱՄՆ-ն օգտագործել է Իրանի հետ Ժնևյան բանակցությունները՝ Թեհրանի զգոնությունը թուլացնելու համար՝ Իսրայելի հետ համատեղ ռազմական գործողություն սկսելուց առաջ։
Շաբաթ ԱՄՆ-ն և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանում գտնվող թիրախներին, այդ թվում՝ Թեհրանին, հաղորդումներ ստացվեցին ավերածությունների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին: Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր