Իրանի շուրջ պատերազմը, ռուսական փորձը և Հայաստանի առնելիք դասերը
Wed, 04 Mar 2026 20:15:00 +0400

Իսրայելա-ամերիկյան հարձակման և իրանյան նոր պատերազմի շուրջ առկա են մի շարք հանգամանքներ, որոնք, ցավոք, մնում են ստվերում։ Դրանք հանիրավի անտեսվում են ոչ միայն մեր երկրի բարձրագույն իշխանությունների և դիվանագետների կողմից (ինչը, թերևս, կարելի է ինչ-որ չափով հասկանալ), այլև միջազգայնագետների ու վերլուծաբանների շրջանում։ Այդ հարցերի մասին չխոսելն ու դրանք հաշվի չառնելը առնվազն անհեռատեսություն է, առավել ևս՝ վտանգավոր կարճատեսություն։
Անակնկալ հարձակմամբ ամերիկացիներն ու իսրայելցիները՝ ի դեմս նրանց առաջնորդներ համարվող Դոնալդ Թրամպի և Նեթանյահուի, բացահայտեցին քաղաքական նենգության մի ոճ, որը դժվար է համադրել միջազգային հարաբերությունների ընդունված կանոնների հետ։ Բանակցությունների գործընթացը ընթացքի մեջ էր, ներկայացվում էր որպես ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղի։ Իրանի ղեկավարությունը, արձագանքելով ամերիկյան առաջարկին, մասնակցում էր բազմափուլ բանակցություններին։ Վերջին փուլում, կողմերի հավաստմամբ, արձանագրվել էին որոշակի ձեռքբերումներ, և պայմանավորվածություն էր ձեռք բերվել հաջորդ հանդիպման շուրջ, որը կարող էր դառնալ վերջնական ու արդյունավետ։ Հենց դրանից էլ նենգաբար օգտվեց ԱՄՆ-ը: Եվ դա՝ երկրորդ անգամ:
Նրա ծրագրած դիվային զարգացումները գնացին հետևյալ ուղղությամբ. Իրանի բարձրագույն ղեկավարությունը, գտնվելով կառավարական նստավայրում (որքան միամիտ էին, ինչպես հավատացին Թրամփի խոսքերին ու չթաքնվեցին) և քննարկելով ձեռքբերված պայմանավորվածությունները, պատրաստվում էր ամերիկյան կողմին ներկայացնել վերջնական առաջարկներն ու համաձայնությունները։ Հենց այդ փուլում էլ տեղի ունեցան աղետալի ռմբահարումները։ Հարվածը հասցվեց այն պահին, երբ աշխարհիկ ղեկավարները ավարտել էին խորհրդակցությունը երկրի հոգևոր առաջնորդի հետ, և քննարկմանը ներգրավված էին բարձրաստիճան զինվորականները։ Ժամանակի ընտրությունը խոսուն էր։ Այն ոչ միայն ռազմական, այլև քաղաքական ուղերձ էր։ Եթե ռազմական գործողությունը իրականացվել է այն պահին, երբ կողմերը բանակցային փուլում էին և հրապարակայնորեն խոսում էին առաջընթացի մասին, ապա դա դիվանագիտական վստահության կոպիտ խախտում է և միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքների ոտնահարում։ Փաստը խոսում է այն մասին, թե որքանով է իրատեսական հավատալ հզոր երկրի առաջնորդի խոսքերին ու խաղաղասիրական հավաստիացումներին:
Դժվար չէ նկատել, որ նման սցենարը նոր չէ։ Պատմությունը բազմիցս արձանագրել է դեպքեր, երբ բանակցությունների սեղանի շուրջ ձեռքսեղմումներին հաջորդել են «գոտկատեղից ներքև» հարվածներ։ Իրանը նախկինում ևս առերեսվել է նման գործելաոճի հետ և, թերևս, չափազանց մեծ վստահություն է ցուցաբերել ամերիկյան խոստումների նկատմամբ։ Մինչդեռ միջազգային քաղաքականությունը բազմիցս ապացուցել է, որ մեծ տերությունների շահերն առավել հաճախ վեր են հռչակված սկզբունքներից։
Ակնկալվում էր, որ արագ ու գլխատող հարվածով հնարավոր կլինի կազմալուծել Իրանի ղեկավարությունը, սասանել պետական կառույցները, խթանել ներքին ցնցումներ և ճանապարհ հարթել արտաքին վերահսկողության համար։ Հաշվարկը պարզ էր՝ փոխել իշխանությունը, վերահսկելի վարչակարգ ձևավորել և դրանով ապահովել էներգակիրների ու ռազմավարական տարածքների հասանելիությունը։ Սակայն հաշվարկը չարդարացավ։ Իրանը՝ լինելով հազարամյակների պատմություն ու քաղաքակրթական ինքնագիտակցություն ունեցող պետություն, չընկրկեց։ Պատասխան հարվածները եղան կոշտ և շարունակական, ցույց տալով, որ խոսքը գոյամարտի մասին է։
Հարց է ծագում՝ ինչո՞ւ է Իրանը հարվածներ հասցնում նաև հարևան արաբական երկրներին։ Պատասխանը պարզ է․ այդ երկրներում տեղակայված են ամերիկյան ռազմաբազաներ, որոնք դիտարկվում են որպես անմիջական սպառնալիք։ Ռազմական ենթակառուցվածքները՝ զինամթերքով, տեխնիկայով և անձնակազմով, ընկալվում են ոչ թե որպես չեզոք օբյեկտներ, այլ որպես գործող ուժեր հակամարտության տրամաբանության մեջ։ Նավթային ենթակառուցվածքների և լոգիստիկ հանգույցների թիրախավորումը ևս դիտարկվում է որպես ռազմավարական քայլ։ Նույն տրամաբանության շրջանակում է նաև Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակի սրացումը, որը համաշխարհային էներգետիկ շուկայի առանցքային ուղիներից է։
Իսկ ինչու Իրանը չի հարվածում Թուրքիային կամ Ադրբեջանին։ Թեև նման հարցադրումները շրջանառվում են, ակնհայտ է, որ Իրանը գործում է հաշվարկված ռազմավարությամբ՝ փորձելով խուսափել հակամարտության անվերահսկելի ընդլայնումից։ Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ տարածաշրջանային ցանկացած երկիր, որը իր տարածքը կտրամադրի հակաիրանական ռազմական գործողությունների համար, ինքնաբերաբար կդառնա հավանական թիրախ։
Այս համատեքստում չի կարելի անտեսել նաև ռուս-ուկրաինական պատերազմը։ Արևմուտքը Ռուսաստանին մեղադրում է ագրեսիայի մեջ, սակայն Ռուսաստանի դիրքորոշման հիմքում դրված է անվտանգության գոտիների և ազդեցության ոլորտների նույն հարցը: Երբ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքները մոտենում էին Ռուսաստանի սահմաններին, Մոսկվան դա դիտարկեց որպես գոյաբանական սպառնալիք։ Նմանատիպ տրամաբանություն է գործում նաև Իրանի պարագայում։ Ահա ինչու է հարվածում: Անվտանգության ընկալումը մեծ տերությունների համար հաճախ գերակա է իրավական կամ բարոյական հարթություններից։
Հայաստանի համար այս զարգացումները ունեն անմիջական նշանակություն։ Մեր տարածաշրջանը մեծ տերությունների շահերի խաչմերուկում է։ Հայաստանի հարավային հատվածը՝ Սյունիքը, Իրանի համար ունի ռազմավարական նշանակություն՝ որպես կապի և հավասարակշռության առանցք։ «Անխոչընդոտ ճանապարհների» և «միջանցքների» գաղափարները պետք է դիտարկվեն ոչ թե զուտ տնտեսական, այլ նաև անվտանգային հարթությունում։ Ցանկացած որոշում, որը կարող է փոխել տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը, ենթադրում է երկարաժամկետ հետևանքներ։ Եթե Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկեր, ստանում է ուղիղ վերահսկող կամ ազդեցիկ դեր այդ ճանապարհների նկատմամբ, ապա դա չի կարող ընկալվել որպես չեզոք տնտեսական նախագիծ։ Դա անվտանգության հարց է։ Իսկ անվտանգությունը մեծ պետությունների համար երբեք երկրորդական չէ։ Իրանի համար հարցը ուղղակի առաջնային է:
Այս պատերազմը ցույց է տալիս, որ «խաղաղություն» կոչվածը երբեմն կարող է դառնալ քաղաքական գործիք՝ ժամանակ շահելու կամ հարմար պահ ընտրելու համար։ Ուստի Հայաստանի քաղաքական ղեկավարությունը պարտավոր է սթափ գնահատել իրադրությունը, հասկանալ ուժերի իրական դասավորությունը և առաջնորդվել բացառապես ազգային շահերով։ Մեծ տերությունների միջև հակամարտությունները երբեք չեն մնում տեղային․ դրանք վերաձևում են ամբողջ տարածաշրջանները։
Հայաստանի հարավը՝ Սյունիքը, այո, ունի բացառիկ ռազմավարական նշանակություն թե՛ Իրանի, թե՛ այլ դերակատարների համար։ Ցանկացած «միջանցքային» լուծում կամ արտաքին ուժերի ռազմական ներգրավվածություն կարող է փոխել տարածաշրջանային հավասարակշռությունը։ Իսկ մեծ տերությունների հակամարտության պայմաններում հավասարակշռության խախտումը հազվադեպ է լինում առանց ծանր հետևանքների։
Իրանը, լինելով այս հակամարտության անմիջական մասնակից, իր գործողությունները ներկայացնում է որպես ինքնապաշտպանություն և գոյամարտ։ Անկախ գնահատականներից, մի բան ակնհայտ է՝ Մերձավոր Արևելքում ձևավորվում է նոր ուժային հավասարակշռություն, և յուրաքանչյուր պետություն, այդ թվում՝ Հայաստանը, պարտավոր է այդ իրողությունից բխող դասերը քաղել։
Այս պայմաններում Հայաստանի իշխանությունների յուրաքանչյուր քայլ պետք է չափված լինի ոչ թե կարճաժամկետ քաղաքական շահերով, այլ երկարաժամկետ գոյաբանական հաշվարկով։ Պատմությունը ցույց է տվել՝ փոքր պետությունները ամենամեծ գինը վճարում են այն ժամանակ, երբ չեն հասկանում մեծ խաղի կանոնները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր