«Հրապարակ»․ ԹՐԻՓ-ի ճակատագիրը կախված է Իրանական պատերազմից

«Հրապարակ»․ ԹՐԻՓ-ի ճակատագիրը կախված է Իրանական պատերազմից

Thu, 05 Mar 2026 11:45:39 +0400


ԹՐԻՓ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումներն ուղղակիորեն կախված են Իրանում մոլեգնող պատերազմից, թե ինչպիսին է լինելու դրա ավարտը՝ կարծում է քաղաքագետ Հակոբ Բադալյանը: «Ըստ այդմ, հնարավոր կլինի հասկանալ, թե ինչպիսի զարգացումներ սպասել կոնկրետ Թրամփի ուղու ճակատագրի վերաբերյալ: Եթե Իրանի վարչակազմը կարողանա պահպանել իր դիրքերը եւ պահպանել այնպես, որ շարունակի ռեգիոնալ պատկերի վերաբերյալ իր քաղաքականությունը, ապա այդտեղ մի տարբերակի հետ գործ կունենանք: Եթե Իրանում պահպանվի վարչակարգը, բայց գործնականում տեղի ունենա քաղաքականության էական մեղմացում, ապա այդ դեպքում այլ տարբերակ կունենանք եւ, բնականաբար, լրիվ այլ պատկեր, եթե Իրանում լինի կառավարման համակարգի եւ կայունության փլուզում: Այսինքն, բոլոր դեպքերում կախված է այն բանից, թե ինչպես կավարտվի այդ պատերազմը»,- նկատեց Բադալյանը:

Մեր հարցին, որ եթե ԹՐԻՓ-ն արդեն կյանքի կոչված լիներ, այդ դեպքում Հայաստա՞նն էլ կլիներ թիրախներից մեկը, քաղաքագետը դժվարացավ պատասխանել, քանի որ ամեն ինչ կախված կլիներ այն բանից, թե կյանքի կոչված լինելու պարագայում ԹՐԻՓ-ը որքանով կսպառնար Իրանին, եւ, ըստ այդմ, որքանով հրատապ կլիներ այդտեղ ինչ-որ բան վերացնելը, ոչնչացնելը: «Ինքնին, ամերիկյան ենթակառուցվածքներ կան, օրինակ, Թուրքիայում կան իսրայելական հենակետեր, օրինակ` Ադրբեջանում, ավելին, դա հանրահայտ ճշմարտություն է, եւ Իրանը նույնիսկ 12-օրյա պատերազմից հետո բաց տեքստով Ադրբեջանի հետ խոսեց այդ մասին: Բայց մենք տեսնում ենք, որ այնպես չէ, թե միարժեք ինչ-որ ներկայություն կամ առկայություն Իրանի համար թիրախ է դառնում: Սա շատ էական է, եւ, հետեւաբար, այդպես միարժեք ասել, թե ԹՐԻՓ-ն իրականություն լինելու դեպքում կդառնար Իրանի համար հարվածի ուղղություն, ես չէի ասի: Դա կախված կլիներ, թե ԹՐԻՓ-ը որքան կծառայեր Իրանի դեմ ամերիկյան եւ իսրայելական պատերազմի անմիջական խնդիրներ կամ նպատակներ լուծելուն»,- նկատեց քաղաքագետը:

Իրանն ինքնանպատակ չի հարվածում բոլոր այն ուղղություններին, որտեղ կա ամերիկյան ներկայություն՝ շեշտում է Բադալյանն ու հավելում, որ Ծոցի երկրներին ուղղված Իրանի այդ հարվածները թիրախային են եւ միտված են այն բոլոր տեղերին, որտեղից անմիջականորեն ինչ-որ մասնակցություն է լինում Իրանի դեմ ընթացող պատերազմին՝ հարվածների կազմակերպում, համակարգում եւ այլն, եւ այլն: «Եթե Իրանում կառավարումը կազմալուծվի, ապա դա կբերի անկայունության եւ գործնականում՝ անխուսափելի քաոսի: Գլխավոր խնդիրը, իմ գնահատմամբ, կառավարման ներկայիս համակարգը կազմալուծելն է եւ Իրանը՝ որպես քաղաքական սուբյեկտ, որպես քաղաքական միավոր, այսպես ասած, մեջտեղից դուրս բերելը: Իրանը չի ուզում ենթարկվել ամերիկյան եւ իսրայելական քաղաքական պատկերացումներին, փորձում է լինել ինքնուրույն խաղացող՝ մի ռեգիոնում, որտեղ Միացյալ Նահանգները, ռազմավարական իմաստով, մեծ խաղադրույք է կատարում, եւ առավել եւս, երբ կա արդեն Իրանի՝ Չինաստանի եւ Ռուսաստանի հետ հարաբերության խնդիրը, որը չի ենթարկվում ամերիկյան քաղաքական պատկերացումներին։ Իմ գնահատմամբ, խնդիր է դրված՝ լուծել այս հարցը»,- ասաց Բադալյանը։ Իսկ դրանից հետո Իրանում կայունություն կլինի, թե ոչ, քաղաքագետի կարծիքով, ԱՄՆ-ին կամ Իսրայելին այդքան էլ չի հետաքրքրում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երբ թշնամիդ տեսնում է, որ դու չես հարգում քո Սահմանադրությունը

Երբ թշնամիդ տեսնում է, որ դու չես հարգում քո Սահմանադրությունը Sun, 05 Jul 2026 11:58:26 …