Երեքշաբթի , 10 Մարտի 2026

Ողբալի վիճակում է հայտնվել իշխանությունը

Ողբալի վիճակում է հայտնվել իշխանությունը

Mon, 09 Mar 2026 23:19:00 +0400


Ողբալի վիճակում է հայտնվել իշխանությունը՝ «հետեւը սուր, առաջը՝ ջուր» վիճակ է։ Մի կողմից հասկանում է, որ պետք է ակտիվ քարոզչություն անի, որ մի քիչ բարձրացնի վարկանիշը եւ հաղթելու շանս ունենա ընտրություններում։ Բայց ընտրություններից 3 ամիս առաջ քարոզարշավ սկսելը հղի է վտանգներով` ֆալստարտից սկսած վերջացրած նրանով, որ ներկուսակցական քարոզարշավի քողի տակ Արթիկի ու Մարալիկի փողոցներն ընկնելն արդեն վկայում է այն մասին, որ վիճակը վատ է, ու իրենց հարցումներն ու ինքնավստահությունը կեղծ են:

Մյուս կողմից՝ ամբողջ 3 ամիս դժվար կլինի՝ ցուպը ձեռն առած, մարզից մարզ թրեւ գալը։ Եւ արդեն ակնհայտ է, որ այդ «թրեւ գալն» էլ առանձնապես չի բարելավելու վիճակը, եթե չասենք` ավելի է վատացնելու, որովհետեւ քարոզարշավն էլ մի փայտ է, որը երկու ծայր ունի։ Իհարկե, մարզերում ապրող ժողովրդի մի մասը հուզվում-հալվում է պաշտոնյա եւ հատկապես՝ վարչապետ տեսնելիս։ Եվ բնական է, որ սելֆի-գրկախառնություն- «ջանիդ մեռնեմներով» է դիմավորում, բայց արդեն սկսել են նաեւ շշպռել, հակադարձել։
Ինչքան էլ այդ այցելությունները նախապես մարզպետով-համայնքապետով- ոստիկանով մանրակրկիտ նախապատրաստեն՝ չեն կարող ամբողջ ընթացքը կանխատեսել։ Եւ հազար գրկախառնության կողքին մեկ էլ մի համարձակ մարդ դուռը շրխկացնում է երեսին, երկրորդը տարրական բաներ է բացատրում, թե` «Վեհափառը նախարարդ չի, որ գործից հանես» կամ մի միամիտ կին ասում է` խոստացիր, որ քվեաթերթիկները հաշվելուց լույսերը չես մարելու… չորրորդը ներողություն խնդրելով` ուղղում է, թե` էս ասֆալտը քեզնից առաջ էին արել…

Ու եթե անգամ մի 100 պաչ-պռոշտի են բեմականացրել, մի շշպռոցը զրոյացնում է այս թատրոնը, ջուրը գցում դերասանների ողջ աշխատանքը և ի լուր աշխարհի ազդարարում` «իսկ արքան մերկ է»: Հետո, քանի որ շշպռողներին էլ չեն կարող պատժել՝ այս փուլում դա ճիշտ չի հասկացվի, առայժմ պետք է «ժողովրդավարի» կերպարի մեջ մնան, թե՝ տեսա՞ք` խանութից Փաշինյանին վռնդած մարդուն չկերանք-չհոշոտեցինք, կաթողիկոսի մասին խրատ կարդացող քաղաքացուն բանտ չնստեցրինք, Արցախի մասին խոսողին էլ թողեցինք՝ հանգիստ գնա իր գործերով: Եւ այս պարտադրված դեմոկրատիան իր «սեւ գործն» անում է: Մարդիկ տեսնում են, որ կարելի է հակաճառել, դիտողություն անել, դժգոհություն արտահայտել և…ողջ մնալ…И пошло поехало…

Այդ ձնագնդին այլևս հնարավոր չի կանգնեցնել` ամեն հաջորդ այցելության հանդիմանող-քննադատողների բանակը համալրվելու է, մարդիկ տեսնելու են, որ կարող են նաեւ երկրում ահուսարսափի, վախի մթնոլորտ տարածող Փաշինյանին քննադատել: «Որ սատանան այնքան սարսափելի չէ, որքան թվում է»…

Իսկ խոսքի ազատությունն անխուսափելիորեն բերելու է ընտրության ազատության։ Մարդիկ հասկանալու են, որ այն միֆը, որ Փաշինյանը մեծամասնություն ունի` հատկապես մարզերում, փուչ է, որ իրականում խիստ նվազել են Փաշինյանին պաշտողներն ու նրա սրտիկներից հուզվողները։ Որ այս տարօրինակ գլխարկով, ամեն ինչից բռնկվող անհավասարակշիռ մարդը վստահ չէ իր հաղթանակի վրա և ամենակարևորը` նրան չի կարելի երրորդ անգամ երկիր վստահել` երբ աշխարհն այսքան անկայուն և տուրբուլենտ փուլում է գտնվում…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչպես կարող են բնակության վայրում հաշվառում չունեցող անձինք մասնակցել ԱԺ ընտրություններին

Ինչպես կարող են բնակության վայրում հաշվառում չունեցող անձինք մասնակցել ԱԺ ընտրություններին Mon, 09 Mar 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով