Բացահայտվել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դեմ ադրբեջանական արշավ՝ ՀՀ ԱԺ պատգամավորի ներգրավմամբ
Wed, 11 Mar 2026 15:03:46 +0400

Լոնդոնում տեղակայված “Apollo Strategic Communications” կազմակերպությունը 2026թ․ մարտի 2-ին, ամերիկյան լրատվամիջոցներին ուղարկված նամակով վերջիններիս խմբագիրներին առաջարկել է «ոչ հրապարակային քննարկումներ»՝ նպատակ ունենալով արատավորել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբին, արժեզրկել ու վարկաբեկել դրա գործունեությունը։ Ամերիկյան լրատվամիջոցներին ուղարկված փակ նամակը հայտնվել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի մոտ։ Ուշագրավ է՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի վերաբերյալ խոստացվող «տեղեկատվությունն» ամբողջությամբ համապատասխանում է Հայ դատի համակարգի դեմ
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ “Apollo Strategic Communications” –ի մայր ընկերությանը՝ “RSK Group”-ին է պատկանում “Azerbaijan Environment and Technology Centre” Ltd» դուստր ընկերությունը, որը լայնածավալ ծրագրեր է իրականացնում Ադրբեջանում, մասնավորապես Կասպյան տարածաշրջանում, իսկ “Apollo”-ն իր գրանցումից ի վեր՝ 2009 թվականից, գործել է մի քանի անվանումներով՝ “Red Public Relations Limited” և “Apollo Public Relations Limited”։
Ցավոք, ադրբեջանական ակնհայտ ուղղորդմամբ այս արշավին են միացել նաև ազգությամբ հայեր և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, այդ թվում ՀՀ ԱԺ պատգամավոր։ Մասնավորապես, մարտի 2-ի նամակով ամերիկյան մամուլի պատասխանատուներին առաջարկվում է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբին վարկաբեկող տեղեկատվության փոխանցում հետևյալ անձանց հետ հանդիպումների միջոցով․
1. Եվրոպայում անվտանգության և համագործակցության կոնգրեսական հանձնաժողովի անանուն աշխատակից,
2. ՀՀ ԱԺ «Քացաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյան,
3. Պատմաբան Նժդեհ Հովսեփյան,
4. «Քարնեգի» հիմնադրամի այցելու-գիտաշխատող Կարո Փալյան։
Ավելի ուշ, X-ի իր միկրոբլոգում Կարո Փալյանը հրաժարվել է այդ արշավին մասնակցությունից՝ գրելով․ «լրագրողներին իմ անունից ուղարկվել են հաղորդագրություններ Հայաստանի վերաբերյալ, որոնք ես չեմ լիազորել»։
Հատկանշական է նաև, որ այս արտահոսքից հետո “Apollo Strategic Communications”-ը փակել է իր X-ի իր օգտահաշիվը, իսկ աշխատակիցների ցանկից հեռացրել է հրապարակված նամակը ստորագրած աշխատակից Դենիել Բլեյք-Մարտինի տվյալները։
Կատարվածի վերաբերյալ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը “Apollo Strategic Communications”-ից պահանջում է հետևյալ հարցերի պատասխանը․
Ո՞վ է վարձել “Apollo”-ին՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դեմ արշավ իրականացնելու համար և որքա՞ն գումար է վճարվել։
Եթե “Apollo”-ն Ամերիկայում գործել է օտար պատվիրատուի անունից՝ ամերիկյան կազմակերպության դեմ, ապա ինչո՞ւ չի գրանցվել ԱՄՆ Արդարադատության նախարարությունում՝ Foreign Agents Registration Act (FARA) օրենքի համաձայն։
Ինչպե՞ս և ինչո՞ւ են այս գաղտնի արշավում ներգրավվել Մարիա Կարապետյանը, Նժդեհ Հովսեփյանը և Կարո Փայլանը։
Ի՞նչ կապեր ունի “Apollo” –ի մայր ընկերությունը՝ RSK Groupը, Ադրբեջանի, Ալիևների ընտանիքի և Կասպյան տարածաշրջանի էներգետիկ ընկերությունների հետ։
Կից ներկայացվում է ամերիկյան լրատվամիջոցներին գաղտնի կերպով ուղարկված նամակը։
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր