Հինգշաբթի , 10 Սեպտեմբերի 2026

«Չղջիկների» «կռիշը» ԱԱԾ-ն է, իսկ այդ վարույթի հետ ես կապ չունեմ․ Սիլվա Համբարձումյան

«Չղջիկների» «կռիշը» ԱԱԾ-ն է, իսկ այդ վարույթի հետ ես կապ չունեմ․ Սիլվա Համբարձումյան

Thu, 10 Sep 2026 21:15:27 +0400


«Հրապարակ»-ին է դիմել գործարար Սիլվա Համբարձումյանը՝ պատմելով, որ վերջին օրերում սոցհարթակներում տարածված տեղեկատվությունը, թե ինքը կապ ունի Մեղրիի քաղաքապետի, Էկոպարեկային ծառայության Սյունիքի բաժնի ղեկավար Սասուն Մանուկյանի և այլ անձանց վերաբերյալ քրեական գործի հետ, չի համապատասխանում իրականությանը։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ իրավապահները կասկածներ ունեն, որ շուրջ երկու տարի Սիլվա Համբարձումյանի ընկերությունն առանց համապատասխան լիցենզիայի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը՝ կաշառելով մի շարք պաշտոնյաների, այդ թվում` Էկոպարեկային ծառայության աշխատակիցներին։

Սիլվա Համբարձումյանը հերքում է այդ տեղեկությունները և ասում է, որ ինքը Տերտերասարի հանքը չի շահագործել։ Հանքի տարածքում «Սիփան 1» ընկերությանը պատկանող գույք կա, որի տնօրենը ինքն է եղել ժամանակին. «Ես «Սիփան 1»-ի տնօրենն եմ եղել, այնտեղ գույքեր կան, լիցենզիան 24 թվականին ավարտվել է, ես չեմ շահագործել»,- ասում է Համբարձումյանը։

Նրա խոսքով՝ վերջերս Տերտերասարի տարածքում հայտնվել են, իր բնորոշմամբ՝ «չղջիկները», որոնք, ըստ նրա, նախ փորձել են գողանալ ընկերությանը պատկանող գույքը՝ օդամղիչ և այլ սարքավորումներ։ Համբարձումյանը պատմում է, որ այդ մասին էկոպարեկներից մեկը նկատել է և զանգահարել է իր ընկերության տնօրենին՝ հայտնելով, որ իրենց գույքն են գողանում։

Սակայն, երբ իր ընկերության աշխատակիցները գնացել են տարածք, պարզվել է, ըստ Համբարձումյանի, որ խոսքը միայն գույքի գողության մասին չէ` այդ անձինք հանքաքար են հանում թունելից. «Երբ իրենք էկոպարեկների մեքենան են տեսնում, փախչում են՝ դվիժոկն ու մեքենան թողնում են այնտեղ։

Համբարձումյանի փոխանցմամբ՝ ինքը դեպքից հետո զանգահարել է ոստիկանապետին, նաև ԱԱԾ, սակայն որևէ արձագանք չի ստացել։ Նրա խոսքով՝ էկոպարեկներն ու ոստիկանները մինչև առավոտ մնացել են տարածքում, այնուհետև դեպքի վայր է գնացել քննիչը, արձանագրել տեղի ունեցածը, իսկ այնտեղ թողնված մեքենան տեղափոխվել է Մեղրիի բաժին։

«Ես զանգահարել եմ ոստիկանապետին, զանգել եմ ԿԳԲ, ոչ մի արձագանք։ Մեր էկոպարեկները, ոստիկանությունը մինչև առավոտ մնում են այնտեղ, քննիչը գնում է, արձանագրում է, տանում են մեքենան Մեղրիի բաժին, և մինչև հիմա ոչ մի արձագանք չկա»,- ասում է գործարարը։ Նաև պատմում է, որ դեպքից մոտ մեկ ամիս առաջ դիմել էր տեղի էկոպարեկների պետին՝ իրեն պատկանող գույքը տարածքից դուրս բերելու թույլտվություն ստանալու համար։ Համբարձումյանի խոսքով՝ գույքը պետք է դուրս բերվեր «Արևիկ» արգելոցի միջով, քանի որ մեքենաները հենց այդ ճանապարհով են անցնում։ Նրան խորհուրդ են տվել` դիմել Կապանի վարչության պետ Սասուն Մանուկյանին, ինքը զանգել է Մանուկյանին, վերջինս ասել է`գրություն գրեք Վլադիմիր Կիրակոսյանին՝ Էկոպարեկների ծառայության պետին: Ապա Համբարձումյանը գրություն է ուղարկել Վլադիմիր Կիրակոսյանին՝ խնդրելով թույլ տան, որ ընկերության գույքը տարածքից դուրս բերեն, սակայն գրությունը փոխանցել են տարածքային նախարարություն, որտեղից պատասխանել են` «դա մեր գործը չէ»։ «Մենք հետ ենք ուղարկել իրենց, ու մինչև հիմա` այսօր, Վլադիմիր Կիրակոսյանն ինձ չի պատասխանում»,- ասում է նա։

Համբարձումյանը միաժամանակ պնդում է, որ եթե տվյալ քրեական գործի շրջանակում արդեն այլ անձինք են ձերբակալվել, ապա, իր համոզմամբ, պետք է պատասխանատվության ենթարկվի նաև Վլադիմիր Կիրակոսյանը.
«Էս որ բոլորին բռնել են, իրեն էլ պետք է բռնեն»։ Տերտերասարի տարածք «չղջիկների»` գողերի ժամանելու մասին խոսելիս Համբարձումյանը պնդում է, որ նրանք չէին կարող այնտեղ հայտնվել առանց ԱԱԾ-ի աջակցության եւ վստահ է, որ դա երկար պլանավորված գործընթաց է եւ այդ անձանց մուտքը տարածք որևէ մեկի կողմից ապահովվել է։

««Չղջիկները» առանց ԱԱԾ-ի չեն կարող մտնել, հին ժամանակներով եկած բան է՝ ԱԱԾ-ն է «կռիշը»։ Այդ «չղջիկները» հիմնականում Վարդենիսից են լինում»։ Համբարձումյանի փոխանցմամբ՝ այդ դեպքից հետո նույն անձինք կրկին այցելել են տարածք։ Նրա խոսքով, երբ էկոպարեկները գնացել են այնտեղ, նրանք կրկին փախել են՝ «13 պարկ հանքաքար թողել են և փախել»։

Սիլվա Համբարձումյանը կրկին հերքում է իր կապը շրջանառվող քրեական վարույթի հետ և ընդգծում, որ այդ գործի շրջանակում իրեն որևէ մեկը չի զանգահարել, չի դիմել և որևէ գործողության չի հրավիրել։ «Այս քրեական վարույթի հետ ես կապ չունեմ, ոչ ինձ զանգել են, ոչ մի բան։ Ես կապ չունեմ»,- ասում է նա։
Նրա խոսքով՝ ինքը պետական մարմիններին դիմել է բացառապես ընկերությանը պատկանող գույքը տարածքից դուրս բերելու նպատակով. «Ինձ իմ տրանսֆորմատերն էր պետք, ես դրա համար եմ զանգել, որ թույլ տան։ Ես իմ կյանքում անօրինական ոչինչ չեմ արել»։

Համբարձումյանը մեկ այլ դրվագ էլ է ներկայացնում՝ կապված Տերտերասարի հանքի շահագործման համար մեկ այլ ընկերության կողմից ներկայացված դիմումի հետ։ Նրա խոսքով՝ Վարդենիսից մի ընկերություն դիմել է Տերտերասարի հանքի շահագործման համար և մասնակցել է հանրային լսումներին։ Եւ այդ ընկերությունը, չնայած չի ունեցել համապատասխան լիցենզիա, սակայն տարածք մուտք գործելու հնարավորություն է ստացել։ Համբարձումյանի պնդմամբ՝ համայնքապետը պարեկներին թույլտվություն է ուղարկել, որ տվյալ ընկերության ներկայացուցիչները կարող են մուտք գործել տարածք։

Գործարարը նշում է. «Ես զանգեցի էկոպարեկների պետին, համայնքապետին, ասացի՝ ի՞նչ իրավունք ունեք թույլ տալու, դա ընդամենը հանրային լսումներ է․․․ Հիմա ես ուզում եմ գնալ Հակակոռուպցիոն կոմիտե։ Վլադիմիր Կիրակոսյանի մատն էլ խառը կլինի»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մեր խեղճացված ժողովուրդը

Մեր խեղճացված ժողովուրդը Wed, 09 Sep 2026 21:15:58 +0400 «Հրապարակ»-ը հայտնում է, որ Բաքու մեկնող …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով