Համագործակցության ինչ տարբերակ է քննարկվում
Fri, 13 Mar 2026 19:16:00 +0400

Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ իրենց քաղաքական ուժը քննարկում է արտախորհրդարանական ընդդիմության հետ կոնսոլիդացիայի հնարավորությունը։
Նրա խոսքով՝ համագործակցության նման տարբերակը դիտարկվում է նաև Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հետ։ Կարապետյանը նշեց, որ հնարավոր միավորման գործընթացը նախատեսվում է իրականացնել միայն արտախորհրդարանական ուժերի շրջանակում, մինչդեռ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ նման կոնսոլիդացիա չի նախատեսվում։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնվի իրենց ընտրական ցուցակում, Նարեկ Կարապետյանը պատասխանել է, որ այդ հարցերի վերաբերյալ վերջնական պարզաբանումներ կտրվեն ավելի ուշ՝ պաշտոնական հայտարարության և ընտրական ցուցակի հրապարակումից հետո։
Լրագրողների դիտարկմանը, թե Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի կառավարման ընթացքում զբաղեցրել է արտակարգ լիազորություններով դեսպանի պաշտոնը, և արդյոք դա կարող է խնդիրներ ստեղծել իրենց համար, Կարապետյանը նշել է, որ քաղաքական դաշտում այսօր երկու կարևոր խնդիր կա լուծելու։
Նրա խոսքով՝ առաջինը հասարակության պառակտման հաղթահարումն է և համախմբման ապահովումը։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ կա նաև «կարմիր գիծ», որը պետք է հաշվի առնել քաղաքական համագործակցության հարցում․ դա վերաբերում է Արցախի հիմնահարցի վերաբերյալ տարբեր գործիչների դիրքորոշումներին և վարքագծին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր