Պարզապես բառերն են փոխել
Fri, 13 Mar 2026 19:15:00 +0400

Գրել էինք, որ հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել են Հակակոռուպցիոն դատարանի շենքի մոտ, որտեղ սկսվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի փոփոխության վերաբերյալ դատական նիստը։
Արամ Վարդևանյանի խոսքով, դատական նիստը սկսվել է ժամը 12։00-ին, սակայն դատարանը ընդմիջում է հայտարարել, և գործընթացը կշարունակվի երեկոյան՝ ժամը 20։00-ին։
Վարդևանյանը նշել է, որ ներկայացված միջնորդության հիմքերն ու հիմնավորումները, ըստ էության, նույնն են, ինչ նախկինում ներկայացված կալանքի միջնորդության դեպքում։ Նրա խոսքով՝ տարբերությունն այն է, որ այժմ պարզապես օգտագործվում է «տնային կալանք» ձևակերպումը։
Փաստաբանը պնդել է, որ թե՛ յոթ ամիս տևած կալանքը, թե՛ դրանից հետո կիրառված երկու ամիս տնային կալանքը, իր գնահատմամբ, բավարար իրավական հիմնավորում չեն ունեցել։ Նա ընդգծել է, որ նման խիստ խափանման միջոցը չի կարող կիրառվել իրավաչափության շրջանակներում։
Վարդևանյանի համոզմամբ՝ տվյալ քրեական վարույթը պետք է կարճվի, իսկ ներկայացված միջնորդությունը արդեն առնչվում է ոչ միայն իրավական հարցերի, այլ նաև Հայաստանում քաղաքական գործընթացների հավասարության և արդարության խնդրին։ Նրա կարծիքով՝ տնային կալանքի երկարաձգման պահանջվող ժամկետը կարող է դիտարկվել որպես միջամտություն քաղաքական գործընթացներին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր