ԱՄՆ-ն ու Իսրայելը թերագնահատեցին Իրանին ու պատժվելու են դրա համար

ԱՄՆ-ն ու Իսրայելը թերագնահատեցին Իրանին ու պատժվելու են դրա համար

Sat, 14 Mar 2026 20:45:50 +0400


«Հրապարակի» զրուցակիցն է միջազգայնագետ Գրիգորի Բալասանյանը:

-Թրամփը բավականին յուրահատուկ հայտարարություն է արել. նա ասել է՝ ինձ Ջարեդը, Ռուբիոն և մյուսները այնպես են ներկայացրել, որ Իրանը պատրաստվում է հարվածել մեզ համար՝ դրա համար էլ սկսեցինք այս պատերազմը: Ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը: Միացյալ Նահանգները Վիետնամի նման ծուղա՞կն է ընկել Իրանի դեմ պատերազմում:

-Ես կարծում եմ, այո, և պատահական չի Թրամփը հիշեցնում իր փեսայի մասին, ով ազգությամբ հրեա է: Թրամփն, ըստ էության, այս պահին քարը նետում է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի պարտեզը և նրան է հանելու հիմնական մեղավոր: Բայց քանի որ անունը չի ուզում տալ, որովհետև ամեն դեպքում երկրի ղեկավար է և իր դաշնակիցը, հիմա ասում է՝ ես մեղավոր չեմ, ինձ մոլորեցրեցին, ինձ սխալ տվյալներ տվեցին, ես չգիտեի, ես եթե իմանայի այսպես է՝ չէի հարձակվի: Բայց Թարմփն ըստ էության ստում է, Թրամփը ստում է, որովհետև պատճառներն այն չեն, որ նրան սխալ տվյալներ են տվել: Իմ կարծիքով, Թրամփն ուղղակի տարբերակ չուներ չհարձակվելու Իրանի վրա, քանի որ Էպշտեյնի ցուցակը պարբերաբար թարմացվում է, և պարբերաբար նոր լուսանկարներ ու փաստեր են ի հայտ գալիս Թրամփի և Թրամփի ընտանիքի մասին: Այդ ամենը կա Նեթանյահուի ձեռքին և կարծում եմ, այստեղ մենք գործ ունենք սովորական շանտաժի հետ: Այսինքն, եթե Թրամփը չէր համաձայնում հարվածել Իրանին, ապա այդ նկարները գալու էին լույս աշխարհ և միջանկյալ միջկուսակցական ընտրությունների նախաշեմին սա լինելու էր տհաճ անակնկալ նույն Թրամփի համար»,-ասաց քաղաքագետը:

Սակայն, կա նաև երկրորդ հանգամանքը, Թրամփին Նեթանյահուն, նաև իր փեսան, Ռուբիոն, Ութկոֆը իրեն վստահեցրել էին, որ Իրանում ընդամենը պետք է մեկ-երկու կետային հարված, պետք է Այաթոլլային վերացնել և Իրանի ժողովուրդը իրենց փոխարեն ողջ գործը կանի, չէ որ այնտեղ կան քրդերն ու բելուջները, որոնք անհամբերությամբ սպասում են ազատարար ամերիկյան բանակի երևալուն և նրանք անմիջապես ռազմական գործողություններ կսկսեն Իրանի դեմ և մեկ-երկու օրում Թեհրանը կընկնի: Սա այն սխալն էր, որ ԱՄՆ-ն ժամանակին թույլ տվեց Վիետնամում, սա այն սխալն էր, որ ժամանակին թույլ տվեց Հյուսիսային և Հարավային Կորեաներում՝ առհասարակ Կորեայում:

«Սա այն սխալն էր, որ Խորհրդային Միությունը թույլ տվեց Աֆղանստանում, այսինքն գերտերությունների սխալներ կան, որոնք ճակատագրական են լինում, և կարծում եմ, սա Միացյալ Նահանգների համար կարող է ճակատագրական լինել նաև, որովհետև նա զրկվելու է այն ամեն ինչից, ինչպես ասում է Կենտրոնական հետախուզական վարչության նախկին վերլուծաբան Մաքգրեգորը, յոթանասուն տարիների ընթացքում ստեղծվել էր Միացյալ Նահանգների կողմից Մերձավոր Արևելքում, Թրամփը չորս օրում դա հողին հավասարեցրեց: Խոսքը բազաների մասին է, հետախուզական ցանցի մասին է, ազդեցության գործակալների սերունդների մասին է, որոնք իրար հետևից պաշտոններ էին զբաղեցնում Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում՝ ապահովելով ամերիկյան քաղաքականության առաջխաղացումը: Այսինքն, ամբողջը Թրամփը իր փառասիրության, անելանելի վիճակից ելնելով և միգուցե դյուրահավատության շնորհիվ ուղղակի ոչնչացրեց մի քանի օրվա ընթացքում:

-Ռազմական փորձագետներն ասում են, որ Իրանն այս անգամ ասիմետրիկ հարվածով հաջողեց՝ ոչնչացնելով Իսրայելին պաշտպանող Մերձավոր Արևելքում տեղակայված ՀՕՊ համակարգերը և միֆ է, որ Երկաթյա Գմբեթն էր անձեռնմխելի ու այդպիսով Իրանը ոչնչացրեց Իսրայելի գլխավոր պաշտպանական գիծը:

-Այն, որ երկաթե գմբեթն ուռճացված ծրագիր է և նրա գերհզոր հատկանիշների մասին ուղղակի խոսվել է մարդկանց աչքին թող փչելու համար, դա ակնհայտ երևաց տասներկուօրյա պատերազմի ժամանակ: Երկաթե գունդը հնարավորություն չունի միաժամանակ մի քանի հարյուր բալիստիկ հրթիռներ որսալ: Այն կարող է, օրինակ, Քասամ տիպի ինքնաշեն հրթիռներ որսալ, որոնք իննսունականներին օգտագործվում էին Հեզբոլլահի կողմից: Բայց այդ երկաթե գմբեթը չի արդիականացվել, որովհետև, ինչպես Դուք նշեցիք, Իսրայելում վստահ են եղել, որ արաբական աշխարհում գտնվող ամերիկյան բազաները կպաշտպանեն իրենց: Երկրորդը, վստահ են եղել, որ Իրանը չի համարձակվի բացահայտ պատերազմի մեջ մտնել միաժամանակ Միացյալ Նահանգների և Իսրայելի դեմ: Եվ երրորդ, իրենք վստահ են եղել, որ պատերազմի դեպքում Իրանում տեղի կունենան անդառնալի իրադարձություններ և իշխանափոխություն: Նեթանյահուի և ողջ Իսրայել պետության ռազմավարությունը՝ տասնամյակներ չի փոխվել և նրանք դարձել էին չափից դուրս կանխատեսելի Իրանի համար: Իսկ Իրանն անընդհատ զարգացրել է և ռազմարդյունաբերությունը, և հրթիռաշինությունը, և միջուկային էներգիայի ոլորտում, և միջուկային բժշկության ոլորտում է հասել շատ լուրջ ձեռքբերումների: Իրենք, ըստ էության, թերագնահատեցին Իրանին և իրենք կարծես թե դրա համար պատժվելու են:

-Պատերազմը մաշում է պատերազմող բոլոր կողմերին էլ: Պատերազմից հետո ինչպիսի՞ Իրան ենք ունենալու:

-Մի փոքր բարդ է պատասխանել այդ հարցին և մի փոքր անշնորհակալ գործ է կանխատեսում անելը, բայց մինչև այս պահը պիտի ֆիքսենք, որ Իրանը ոչ միայն դիմանում է, այլև Իրանը քառասունմեկերորդ ալիքն է հրթիռների արձակում: Իրանում հայտարարում են, որ Մերձավոր Արևելքում ոչ մի ամերիկացի չպետք է լինի, արդեն սա պլան մաքսիմում է, որ Իրանի ղեկավարությունը դրել է իր առջև: Եվ եթե այս պատերազմում Իրանը հաղթեց վերջնական և ամերիկացիները դուրս եկան այդտեղից, ապա մենք ունենալու ենք տարածաշրջանում շատ ուժեղ Իրան, նաև մեր մոտ, ունենալու ենք ավելի թուլացած Թուրքիա և Ադրբեջան, քանի որ նրանք արդեն, ինչպես ժողովուրդն է ասում ՝ լեզուներն իրենց են քաշելու և չեն համարձակվելու քայլեր անել, որոնք Իրանը որակում է կարմիր գիծ: Մենք ունենալու ենք հայկական Սյունիք, մենք չենք ունեա ԹՐԻՓՓ, որը ևս բխում է հայկական շահից, որովհետև ԹՐԻՓՓ–ը հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության շահերին առհասարակ չի համապատասխանում: Միգուցե դա համապատասխանում է ինչ-որ նեղ շրջանակների շահերին, բայց դա ոչ մի կերպ չի համապատասխանում հայ ժողովրդի շահերին և կարծես թե վարչապետի հայտարարությունը, որ ԹՐԻՓՓ-ն այս պահին անորոշ ժամանակով հետաձգվել է, բայց մենք ամեն դեպքում դա անելու ենք, խոսում է այն մասին, որ բոլորն էլ հասկանում են, որ ԹՐԻՓՓ-ը չստեղծված՝ կնքեց իր մահկանացուն: Եթե Իրանը հարվածում է Օմանին, որը ազգակցական առումով շատ մոտ է իրենց, քանի որ այնտեղ էթնիկ պարսիկներ են բնակվում, բայց այնտեղ կա ամերիկյան բազա ու ինքը հարվածում է, ապա ես չեմ կարծում, թե ԹՐԻՓՓ-ին ինչ-ինչ պատճառներով Իրանը խնայելու է:

-Հայաստանի իշխանությունները Ադրբեջանին երկու անգամ ճանապարհ առաջարկեցին՝ Նախիջևանին կապվելու համար, քանի որ Ադրբեջանը դադարեցրել էր բեռնատարների երթևեկությունը Իրանի տարածքով անցնող ճանապարհով: Արդյոք Իրանում ՀՀ իշխանությունների այս քայլը որակելու են որպես հակաիրանական քայլ , թե տարբերակում են հստակ դնում ՀՀ իշխանությունների, հայ ժողովրդի ու Հայաստանի պետականության միջև:

-Եվ, և…այդ ամեն ինչը իհարկե հասկանալի է, վերլուծվում է, և Հայաստանը, հայ ժողովուրդն ու Հայաստանի իշխանությունները տարբեր բաներ են, բոլորն էլ շատ լավ հասկանում են: Ինչ վերաբերվում է ճանապարհ տալուն, ես այստեղ շատ լուրջ վտանգներ եմ տեսնում, քանզի սա կարող է բացել Ալիևի ախորժակը և նա փորձի այդ երեք հարյուր հազար ադրբեջանցիների գաղափարը և Արևմտյան Ադրբեջանի գաղափարը բերել և հիմա սկսել օգտագործել ինչ-որ փախստականների անվան տակ, Իրանից հոսքի անվան տակ այդ ճանապարհի օգտագործման պարագայում Հայաստան ներթափանցեն անհասկանալի էլեմենտներ, որորնք հետո մեզ համար խնդիր են դառնալու: Բացի այդ, իսկ ո՞վ է արգելում Ադրբեջանին օգտվել Իրանի տարածքից, չէ որ Իրանը չի փակել սահմանը, սահմանը փակել է Ադրբեջանը: Հետևաբար, Ադրբեջանն այս պահին տրանզիտի հարցում հաշվարկել է իր բոլոր ռիսկերը և օգնության կարիք չունի: Այ եթե Հայաստանը փակեր սահմանը, Հայաստանը առաջարկեր իր ճանապարհով տրանզիտ տար, ինչ-որ տեղ՝ երևակայությանը զոռ տալով, կարելի կլիներ հասկանալ, բայց Ադրբեջանն է փակել սահմանը: Այդ դեպքում մենք Ադրբեջանին ճանապարհ ենք տալիս, որ ի՞նչ անենք, հետո ինչ ենք ասելու Իրանին: Իրանն ասելու է, բայց ո՞վ էր խանգարում Ադրբեջանին իմ տարածքով գնալ գալ: Ինչպե՞ս ենք մենք սա փորձելու հիմնավորել , մեկնաբանել և հուսալ, որ իրանցիները սա կընդունեն ի գիտություն: Սա շատ վտանգավոր գործ կարող է լինել, բացի այդ, ո՞վ է դա վերահսկելու: Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա սահմանային անցման հետ կապված որևէ պայմանագիր, Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա բեռների փոխադարձ զննության հետ կապված պայմանագիր, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, հետևաբար այնտեղ գործում է ԵԱՏՄ տնտեսական ռեժիմն ու ՀԱՊԿ-ի անվտանգային ռեժիմը: Ադրբեջանական ապրանքները դիտարկվելու են որպես երրորդ կողմից ներմուծված ապրանքներ Հայաստանով տրանզիտ, Հայաստանը ըստ ԵԱՏՄ մասին օրենքի, այդ տրանզիտից պիտի գումար վերցնի և վճարի բյուջե: Ադրբեջանը ոչ մի գումար չի տալու, քանի որ նման առաջարկով, ըստ էության, Հայաստանն է հանդես եկել: Հայաստա՞նն է իր բյուջեից այդ գումարները տալու Ադրբեջանի փոխարեն Ո՞վ է հաշվարկել այս բոլոր ռիսկերը, ինչ է, Ալիևը կամ ադրբեջանցիները մեր հորեղբոր տղանե՞րն են, որ մենք պատրաստ ենք մեր հարկատուների գումարներով վճարել ադրբեջանցիների տրանզիտների համար… իսկ այդ ռիսկերի գնահատումն ինչպե՞ս է իրականացվելու, սա հարցերի հարցն է, որին չպետք է էմոցիոնալ մոտենալ և լավամարդկություն ցույց տալ: Սա ազգային անվտանգության հարց է և սրան ամենայն լրջությամբ պետք է մոտենալ: Միջազգային հարաբերություններում ավանդաբար գործում է փոխադարձությունները: Եթե իրենք ասում են, որ իրենք օրհասական պահին , դժվար պահին կարող ենք Արդբեջանին օգնել: Բա Արդբեջանն ինչո՞վ է մեզ օգնել, բա այդ նույն եղբայր Արդբեջանն ինչո՞ւ էր բլոկադայի ենթարկել արցախահայությանը, ինչո՞ւ չէր թողնում գեթ մի բուռ ալյուր հասնի Արցախ, եթե այդքան հումանիտար և այդքան եղբայրական Ադրբեջանի հետ մենք գործ ունենք:
Սրանք հարցեր են, որոնց պատասխանները դեռևս չկան, բայց մեզ թվում է, մեզ ասելով նկատի ունեմ այդ ծրագրի հեղինակներին, որ արագ-արագ խոսելով լուրջ մարդու տպավորություն են թողնելու և ոչ ոք չի հասկանալու, թե ինչ է կատարվում…Դա ճիշտ չի, դա ընդունելի չի, դրանք քայլեր են, որոնց սերունդներով կարող ենք ստեղծված լինել դրանց պատասխանել: Այսինքն, սերունդներով չկարողանանք դրա հիմնավորումն ու պատասխանը տալ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչու է Նիկոլն ավելի խոր խոնարհվում Ադրբեջանի եվ Թուրքիայի առաջ

Ինչու է Նիկոլն ավելի խոր խոնարհվում Ադրբեջանի եվ Թուրքիայի առաջ Sat, 14 Mar 2026 18:15:47 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով