Էրիկ Ալեքսանյանը, Արուսյակ Ալեքսանյանը մեղավոր են ճանաչվել
Mon, 16 Mar 2026 15:22:58 +0400

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, այսօր հրապարակել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի, լիազորությունները կասեցված դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Գասպարյանի գործով վերդիկտը, ըստ որի` դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել։
Հիշեցնենք, որ 2022թ․ հոկտեմբերի 17-ին ԱԱԾ ծառայողները ներխուժել են դատարանի շենք և ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ Քրեական վարույթը վերաբերում է քրեական հեղինակությանն առնչվող գործին։
Մասնավորապես, դատարանը որոշել է գրավի դիմաց ազատ արձակել «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանին՝ բավարարելով վերջինիս պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած միջնորդությունը և այժմ ԱԱԾ-ն դատավորին մեղադրում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Նույն վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին, որին ԱԱԾ-ն մեղադրում է դատավոր Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։
Իսկ որպես «օժանդակություն», ըստ պաշտպանների, դիտարկվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կողմից իր փաստաբանական լիազորություններից օգտվելն ու իր իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու և այլընտրանքային խափանման միջոցը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելը։ Արուսյակ Ալեքսանյանը, դատավորի օգնական Թամարա Պետրոսյանը և Էրիկ Ալեքսանյանն իրենց ներկայացված մեղադրանքը չեն ընդունում։
Փորձեցինք զրուցել փաստաբանի հետ, սակայն նա մեր հեռախոսազանգը անջատեց։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր