«Հրապարակ». Ինչքան շատ են արգելում խոսել Արցախի մասին, այնքան ըմբոստություն է արթնանում

«Հրապարակ». Ինչքան շատ են արգելում խոսել Արցախի մասին, այնքան ըմբոստություն է արթնանում

Tue, 17 Mar 2026 11:45:09 +0400


Փետրվարի 25-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում կայացավ «Բլոկադա» ներկայացման առաջնախաղը, որի հիմքում արցախյան բլոկադան է։ Արցախցի մի ընտանիքի հյուր է գալիս երեւանցի մի ընտանիք, եւ սկսվում է բլոկադան: Այս երկու՝ առաջին հայացքից միմյանցից տարբեր ընտանիքները պետք է, ամբողջ աշխարհից կտրված, գոյատեւեն մեկ տան մեջ, եւ ոչ ոք չգիտի, թե ինչով կավարտվի ամեն ինչ։ Ներկայացման բեմադրող ռեժիսորը Սեդրակ Գոջամանյանն է, պիեսի հեղինակը՝ Անի Մաղաքյանը։ ««Բլոկադայի» սկզբնական գաղափարն առաջացել է պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի մոտ, մի գեղեցիկ օր ես եւ Արմենը մտքերի փոխանակման արդյունքում հասանք այն եզրակացությանը, որ արժե Արցախի բլոկադայի թեմայով ներկայացում անել: Քննարկեցինք, թե ում հետ կյանքի կոչենք գաղափարը, թե ով կարող է լավ սցենար գրել, ովքեր լավագույնս կմարմնավորեն հերոսներին… Արմենը հրավիրեց նաեւ մեր սիրելի Սոֆյա Ղուլյանին՝ որպես համապրոդյուսեր, ու սկսվեց ամեն ինչ»,- պատմեց ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանը։ Սցենարիստ Անի Մաղաքյանը, որը հայտնի է հեռուստատեսային մի շարք նախագծերից, առաջին անգամ է պիես գրել եւ խոստովանում է, որ շատ բարդ ու պատասխանատու մոտեցում է ցուցաբերել թեմային: Զրուցել ենք ներկայացման գլխավոր հերոսներից մեկին մարմնավորած դերասանուհի Մարջան Ավետիսյանի հետ։

– Քանի որ այսօր իշխանություններն արգելում են անգամ «Արցախ» բառն արտասանել, Արցախի մասին ներկայացում բեմադրելը մեծ ճոխություն է, կպատմե՞ք պիեսի մասին։

– Նախ ասեմ, որ լավ է, որ իշխանությունն արդեն չի էլ թաքցնում իրականությունը եւ չի խոստանում, որ դե մի օր ամեն ինչ լավ կլինի․․․․ ուղիղ ասում են՝ Արցախի մասին չենք խոսելու, իսկ նրանք, ովքեր կխոսեն, Ցեղասպանության թանգարանի տնօրենի ճակատագրին կարժանանան։ Ինչ վերաբերում է ներկայացմանը, ապա այն գրեթե քաղաքական թեմաներ չի շոշափում, առանձնապես քաղաքական բնույթի ներկայացում անելու միտում չի եղել։ Ռեժիսորի, պրոդյուսերի ցանկությունը շատ մեծ էր, որ ուղղակի այն մարդիկ, ովքեր զրկվել են իրենց տնից-տեղից, հայրենիքից, ամեն ինչից, պիեսը լինի հենց նրանց ապրումների մասին։ Շատ ուրախ եմ, որ ներկայացումը կա, չգիտեմ, թե դեռ որքան կլինի հայ թատրոնի բեմում, սակայն գաղափարը շատ լավն է։ Ներկայացումը, բնականաբար, կոմերցիոն է, պետական որեւէ հովանավորություն չկա, արձագանքները շատ լավն են։ Ես շատ եմ ուզում, որ այն դիտեն ոչ միայն Արցախի հայերը, այլեւ՝ Հայաստանի Հանրապետության հայերը, թեպետ դիտում են, եւ ես նրանցից շատ եմ լսել, որ գոհ են պիեսից, ուրախ են, որ նման ներկայացումներ են բեմադրվում։ Մարդիկ ասում են՝ լավ է, որ գոնե Արցախ անունը չենք մոռանում եւ չենք մոռանում, որ մեջ են ապրում այս մարդիկ, ովքեր ունեն հոգատարության կարիք։ Արցախցիները շատ դժվարությամբ, բայց մեծագույն ցանկությամբ են գալիս ներկայացումը դիտելու։ Ներկայացումը ստեղծելու նպատակն այդ մարդկանց ճակատագրին անդրադառնալն է, որպեսզի նրանք անտարբերության չարժանանան․․․․

– Իսկ վտանգ չե՞ք տեսնում, որ մի օր էլ թատրոններին կարգելեն՝ Արցախի մասին ներկայացումներ բեմադրել։

– Ցեղասպանության թանգարանի տնօրենն ուղղակի գիրք նվիրելով ունե՞ր մտավախություն, որ իրեն կարող են աշխատանքից հեռացնել, անշուշտ՝ ոչ, ուստի որեւիցե մեկս չգիտենք, թե վաղն ում մտքին ինչ կարող է փչել, եւ ինչ կարող է անել։ Շատ անկանխատեսելի ժամանակներում ենք ապրում, գուցե Արցախի անունն էլ չտանք, բայց մեզ լռեցնելու մի առիթ գտնեն։ Չեմ կասկածում, որ կարող են ե՛ւ վնասել մեզ, ե՛ւ լռեցնելու փորձեր կատարել։

– Բայց մենք անկախ երկրում ենք ապրում, որտեղ ասում են՝ ժողովրդավարություն է, գոնե արվեստը չպե՞տք է ազատ լինի՝ թատրոնն ու գրականությունը ներառյալ։

– Մենք նախքան 2018-ը դեմոկրատիայից գրեթե չէինք խոսում, այդ մասին խոսեց նոր իշխանությունը, որը երիտասարդներից էր կազմված եւ դեմոկրատիայի հարցում ամենաշահագրգիռը պետք է լիներ։ Բայց մենք տեսնում ենք, որ այս մարդկանց արարքները չեն համապատասխանում իրական դեմոկրատիային։ Բացի այդ, մենք տեսնում ենք, որ այն ամբողջ աշխարհում է փուչ երեւույթ, այնպես չէ, որ միայն Հայաստանում է այդպես։ Դեմոկրատիայի անվան տակ ասվում է մի բան, արվում է լրիվ այլ բան։ Մենք էլ, որպես պետություն, անմասն չենք մնում այդ ամենից։ Անունը դրել են դեմոկրատիա, բայց մենք տեսնում ենք, որ ինչ ուզում՝ անում են։

– Իշխանությունները փորձում են իմիտացիա ստեղծել, որ հասարակության մեծ մասին Արցախի հարցը չի հետաքրքրում, ավելին՝ հանրությունը չի սիրում Արցախն ու արցախցուն։ «Բլոկադա» ներկայացումն ովքե՞ր են գալիս դիտելու, արդյո՞ք հայ մարդուն իսկապես չի հետաքրքրում Արցախը։

– Անգամ այն մարդիկ, ովքեր երբեմն իրենց լայն շրջապատում ձեւացնում են, թե Արցախով հետաքրքրված չեն, իրականում՝ նրանց հոգու խորքում այլ բան է կատարվում։ Անգամ ամենաանտարբեր մարդը հասկանում է, որ ինչ-որ բան այնպես չէ, եւ իշխանական հեռուստաալիքները չեն արտացոլում իրականությունը։ Որքան շատ են արգելում մարդկանց խոսել Արցախի մասին, մարդկանց ներսում ըմբոստությունն ավելի շատ է արթնանում։ Մարդիկ պարզ հարց են տալիս՝ ինչո՞ւ չի կարելի խոսել մի պետության մասին, որը գրեթե 30 տարի եղել է հայկական, էլ չենք խոսում անցյալի մասին, որտեղ հազարավոր տարիներ Արցախը եղել է հայերինը։ Մարդկանց անհնար է լռեցնել, մեր հիշողությունից մեր պատմությունը հնարավոր չէ հանել։ Մարդիկ շատ են գալիս «Բլոկադա» ներկայացումը դիտելու, հետաքրքրությունը մեծ է։ Արցախը, բլոկադայի թեման մարդկանց համար անչափ կարեւոր են։ Ես այդ ներկայացումը եւ այն կերպարը, որը խաղում եմ, շատ եմ սիրում։ Այն դաժան ճակատագրով մարդկանց մասին է, ովքեր չեն կորցնում ապրելու ցանկությունը, երազելու ունակությունը։ Այն մարդկանց մասին է, ովքեր փուլ չեն գալիս արհավիրքից հետո եւ հիշում են իրենց տունը՝ անկախ ամեն ինչից։

– «Վերջին սպարապետը» ֆիլմում էլ գլխավոր դերակատարներից մեկը Դուք եք։ Ի՞նչ եք կարծում՝ այսօր հայրենասիրական ֆիլմերն ի՞նչ դեր ունեն մեր իրականության մեջ։

– Դրանք եւս մեկ անգամ հիշեցնում են մարդկանց, որ մենք կանք ու լինելու ենք։ Նոր սերնդի համար Վազգեն Սարգսյանին խորությամբ ճանաչելը շատ կարեւոր է։ Հատկապես նոր սերունդը պետք է իմանա, թե ով ենք եղել մենք՝ 30 տարի շարունակ, եւ ինչի ենք վերածվել այսօր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պատերազմ սկսել- չսկսելը որևէ կապ չունի Փաշինյանի հռետորաբանության հետ

Պատերազմ սկսել- չսկսելը որևէ կապ չունի Փաշինյանի հռետորաբանության հետ Sat, 21 Mar 2026 13:15:22 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով