Հինգշաբթի , 19 Մարտի 2026

Իրանի դեմ պատերազմը հասավ Եվրոպա

Իրանի դեմ պատերազմը հասավ Եվրոպա

Tue, 17 Mar 2026 20:15:00 +0400


Իրանի դեմ առաջին պատերազմը, որ սանձազերծվել էր ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից, բարեբախտաբար տևեց ընդամենը 12 օր: Մի քանի հարյուր հրթիռ Թեհրանում պայթեց, մի քանի հարյուր՝ Թել Ավիվում, եղան երկուստեք զոհեր, որից հետո ամեն ինչ, կարծես, խաղաղվեց: Ընդհուպ՝ իրանա-ամերիկյան բանակցություններ սկսվեցին: Ամեն ինչ նորմալ էր, Եվրոպայում կյանքի նույն խաղաղ ընթացքն էր, նույն անհոգ եվրոպացիները: Այսօր, սակայն, վիճակն այլ է: Ամերիկա-իսրայելա-իրանական պատերազմը վերսկսվել է նոր թափով ու սպառնում է ավելի մեծ նասշտաբներ ընդգրկել: ԱՄՆ-Իսրայել զույգը, որ մտածում էր վերջնական դաս տալ Իրանին և զրկել նրան Հորմուզի նեղուցի վերահսկողությունից, հայտնվել է անելանելի իրավիճակում՝ Իրանը չի հանձնվում: Բայց չհանձնվելը դեռ մի կողմ, Իրանը չի էլ համաձայնում նոր բանակցությունների, մինչև իր երկու պահանջները չկատարվեն: Առաջին՝ փոխհատուցում ավերածությունների և զոհերի համար և 2-րդ՝ ամերիկա-իսրայելական ներկայության բացառում պարսկական ջրերում և 100 տոկոսանոց երաշխիք, որ հրթիռակոծություններ այլևս երբեք չեն լինի: Այս պահանջների կատարումը նախահարձակ կողմերի համար հավասարազոր է կապիտուլյացիայի: Այդքան միլիարդներ ծախսեցին, մարդկային զոհեր տվեցին, որ արժանանան այսպիսի պարսավանքի՞: Ի՞նչ կորոշեն Թրամփն ու Նեթանյահուն (եթե դեռ ողջ է), ոչ ոք չի կարող ասել: Ոչ պատերազմը շարունակելն է մի բան, ոչ էլ գլխահակ փախչելը: Համաշխարհային լրահոսն էլ գուժում է մոտակա ջրերում ռուսական սուզանավերի հայտնվելն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հայտարարությունը Իրանի հետ ռազմական համագործակցության մասին: Ռեալ սպառնալիք է ստեղծվել նաև Ծոցի երկրներում, որոնք ամերիկյան ռազմաբազաների պատճառով են հայտնվել իրանական հրթիռների թիրախում: Պատերազմը սպառնում է վերաճել 3-րդ համաշխարհայինի:

Այս ամենի ֆոնին ծանր կացության մեջ է հայտնվել նաև երկու համաշխարհային պատերազմ տեսած Եվրոպան: Այնտեղ դեռ ռումբեր չեն պայթում, բայց նավթն ու նավթամթերքն այնքան են թանկացել, որ առանձին եվրոպական առաջնորդներ արդեն խոսում են հակառուսական պատժամիջոցներից հրաժարվելու մասին՝ հույս ունենալով այդկերպ լրացնել էներգակիրների դեֆիցիտը: Մոռացել են անգամ Ուկրաինայում չդադարող պատերազմը և Զելենսկուն: Եվրոպական առաջնորդներին էլ կարելի է հասկանալ: Եվրոպական երկրներից մեկում մի փոքրիկ սոցիալական պայթուն, և դա կարող է հանգեցնել արդեն իսկ փխրուն ԵՄ-ի վերջնական փլուզման:
Օրերս համացանցում մի լուր կարդացի (իսկությունը չեմ կարող երաշխավորել), ըստ որի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Մոսկվայում բուժում ստացող Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ և խնդրել՝ ֆրանսիական տանկերները դուրս թողնել Հորմուզի նեղուցից: Ի՞նչ է պետք դրա համար՝ հարցրել է Ֆրանսիայի նախագահը: Դրանից հետո, ըստ լուրի, այսպիսի երկխոսություն է տեղի ունեցել երկու առաջնորդների միջև.

-Իսկ Դուք կարո՞ղ եք ԱՄՆ-ին և Իսրայելին խնդրել, որ չռմբակոծեն Իրանը,- հարցրել է Իրանի առաջնորդը:

-Ոչ, դա մեր ուժերից վեր է:

-Այդ դեպքում Ձեր երկրից վռնդեք ԱՄՆ-ի և Իսրայելի դեսպաններին:

Ես, ինչքան էլ դժվար էր հավատալ այդ լուրի իսկությանը, խղճացի Մակրոնին: Նա իսկապես հայտնվել է անելանելի կացության մեջ, ավելի ստույգ՝ բախվել ինքն իրեն հարգող և իր ժողովրդի անվտանգության համար ամեն ինչի պատրաստ պետության պատին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ցավալի է․ ինչու՞ է Արաղչին քննադատել Մակրոնին

Ցավալի է․ ինչու՞ է Արաղչին քննադատել Մակրոնին Thu, 19 Mar 2026 12:30:59 +0400 Իրանի արտաքին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով