Գաբրիել Սունդուկյանն ու Ալեքսանդր Օստրովսկին
Tue, 17 Mar 2026 21:00:08 +0400

Գրականագիտական շրջանակներում հաճախ են հայ իրապաշտպան դրամատուրգիայի հիմնադիր Գաբրիել Սունդուկյանին համեմատում ռուս դասական հեղինակ Ալեքսանդր Օստրովսկու հետ, որը ռուսական ազգային թատրոնի հիմնադիրն է։ Սունդուկյանն ու Օոստրովսկին, ի դեպ, ծանոթներ են եղել, երբ Օստրովսկին Թիֆիլսում է եղել՝ 1883 թվականին։ Այն ժամանակվա Կովկասի փոխարքայության «մայրաքաղաքում» Օոստրովսկին ապրել է 1883 թվականի հոկտեմբերին։ Սունդուկյանն այդ ժամանակ էլ այցելել է ռուս հեղինակին, նրան փոխանցել իր ստեղծագործություններից եւ այդ առթիվ արել հետեւյալ գրառումը, որը հետագայում՝ 1911 թվականին, տպագրվել է «Ռուսսկայա ստարինա» թերթում․ «Ալեքսանդր Նիկոլաեւիչը, իմանալով, որ ունեմ իմ «Պեպո» պիեսի ռուսերեն ձեռագիր թարգմանությունը, այն վերցրեց ինձնից Մոսկվա մեկնելուց առաջ եւ խոստացավ նայել, ուղղումներ անել, եթե անհրաժեշտություն լինի՝ լեզվի առումով, եւ բեմադրել այնտեղ։ Սակայն Ալեքսանդր Նիկոլաեւիչի ցանկությունն ի կատար չի ածվում՝ նրա հիվանդության եւ անժամանակ մահվան պատճառով, որը տխրության առիթ դարձավ ողջ Ռուսաստանի մտավորականության համար։ Ալեքսանդր Նիկոլաեւիչի բարի վերաբերմունքն իմ հանդեպ ես երբեք չեմ մոռանա»։ Իսկ որպես նվեր փոխանցված ստեղծագործությունների գիրքն էլ մակագրել է․ «Ալեքսանդր Նիկոլաեւիչ Օոստրովսկուն՝ ի նշան խորին հարգանքի՝ հեղինակից․ 28 հոկտեմբերի, 1883 թվական․ Թիֆլիս»։
Սունդուկյանը շատ ակտիվ մասնակցություն է ունեցել Թիֆլիսում Օստրովսկու պատվին կազմակերպված բոլոր հանդիսավոր միջոցառումներին։ Նա արդեն առաջացած տարիքում էր՝ 83 տարեկան, երբ նրան հրավիրում են Մոսկվա՝ Նիկոլայ Գոգոլի արձանի բացմանը։ Նա խորապես ափսոսում է, որ չի կարողացել մասնակցել այդ միջոցառմանը, քանի որ խորին հարգանք ուներ «Ռեւիզորի» հեղինակի հանդեպ։ «Մտովի տեղափոխվում եմ այն հեռու ժամանակները, երբ, որպես ուսանող, ապրում էի Պետերբուրգում եւ տեսնում Շչեպկինին՝ քաղաքապետի դերում։ Այդ ժամանակներից ամրացավ իմ սերը թատրոնի հանդեպ, որին ես նվիրեցի կյանքիս լավագույն տարիները, որին տվեցի իմ լավագույն ստեղծագործությունները, մտքերն ու ապրումները, հոգու մի մասնիկը։ Գոգոլի հետ են կապված իմ լավագույն հիշողությունները, եւ նրան եմ պարտական նաեւ թատրոնի հանդեպ իմ ունեցած սիրո ձեւավորման համար․․․»,- գրել է Սունդուկյանը։ Ռուսական ազգային թատրոնի մեկ այլ նշանավոր դեմք՝ Միխայիլ Շչեպկինն էլ Սունդուկյանի համար հարազատ մարդ էր։ Նույն՝ 1911-ին նա «Ռուսսկայա ստարինայում» գրում է․ «Ինչ վերաբերում է հայտնի Շչեպկինին, ապա կարող եմ ասել, որ նրան տեսել եմ մի քանի անգամ՝ Ալեքսանդրինյան թատրոնի բեմում, երբ գալիս էր Մոսկվայից։ Չնայած անցել է արդեն վեց տասնամյակ, սակայն տպավորությունները, որոնք ունեմ նրա տաղանդավոր խաղից, երբեք չեն ջնջվել հիշողությունիցս։ Հատկապես հիշում եմ, թե որքան բոցավառ էր «Ռեւիզորում» նա ներկայացնում քաղաքագլխի ամփոփիչ մենախոսությունը»։
Սունդուկյանը Շչեպկինին անդրադառնում է նաեւ պետերբուրգյան թատերական կյանքը ներկայացնելիս․ «Ես սիրեցի թատրոնն ու այդ ժամանակներից բաց չեմ թողել եւ ոչ մի՝ քիչ թե շատ հայտնի պիեսի բեմադրություն, որն իրականացվել է Ալեքսանդրինյան թատրոնում, որտեղ ապշած եմ մնացել Մարտինովի, Կարատիգինի, Շչեպկինի եւ շատ այլոց բեմական խաղով»։ 1898 թվականին Յուրի Վեսելովսկուն գրած նամակում Սունդուկյանը եւս անդրադառնում է Շչեպկինին։ Առհասարակ, իր հայացքներով, ավանդույթներով եւ հոգով՝ Սունդուկյանը կապված էր Մոսկվայի Փոքր թատրոնի հետ, որը նաեւ անվանում են «Օստրովսկու տուն»։ Ու նրան այնտեղ մեծապես հարգում էին՝ ի դեմս Ալեքսանդր Սումբատով-Յուժինի, Ալեքսանդր Յաբլոչկինի։ Ավելին, Սունդուկյանի դուստրը հետագայում դառնում է այդ թատրոնի դերասանուհի։ Խոսքն Ալեքանդր Լենսկու աշակերտուհու՝ Փոքր թատրոնի դերասանուհի Թինաթինա Արմենինա-Սունդուկյանի (1887-1970) մասին է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր