Ֆիլմ, որը հատկապես այսօր արժե դիտել
Thu, 16 Apr 2026 20:00:30 +0400

Ռեժիսոր Վլադիմիր Բորտկոյի նկարահանած «Շան սիրտը» կինոնկարն էկրան է բարձրացել 1988 թվականին։ Ֆիլմի հիմքում Միխայիլ Բուլգակովի համանուն վիպակն է։ Կինոնկարը Բուլգակովի գրական ժառանգության ամենաճշգրիտ էկրանավորումներից է։ «Շան սիրտը» հատկապես կարեւոր մշակութային եւ պատմական նշանակություն է ձեռք բերում այն պատճառով, որ էկրան է բարձրացել խորհրդային պետության վերջալույսին՝ «ուշ պերեստրոյկայի» ժամանակներում։ Մասնագետներն այն համարում են ոչ միայն դասական տեքստի էկրանավորում, այլեւ՝ որպես ողջ սովետական դարաշրջանի սոցիալ-փիլիսոփայական մեկնաբանություն։
«Շան սիրտը» վիպակը Բուլգակովը գրել է 1925 թվականին։ Սովետական Միությունում, սակայն, այն երկար ժամանակ չէր հրապարակվում՝ գրաքննության սահմանափակումների պատճառով։ Առաջին անգամ արտասահմանում հրատարակվել է 1968-ին։ Խորհրդային իրականությունում տպագրվել է միայն 80-ականների վերջերին։ Վիպակն էկրանավորել է «Լենֆիլմը», հեռուստատեսությամբ ցուցադրվել է 88 թվականին։ Ռեժիսոր Բորտկոն ձգտել է առավելագույնս ճշգրտորեն արտացոլել վիպակի տեքստը՝ պահպանելով նույնիսկ երկխոսությունների մեծ մասը։ Սյուժեի համաձայն, վիրաբույժ գիտնական Ֆիլիպ Ֆիլիպովիչ Պերոբրաժենսկին գիտական փորձ է կատարում եւ անտուն շանը պատվաստում է մարդկային հիպոֆիզ եւ սերմնագեղձեր։ Արդյունքում շունն աստիճանաբար վերածվում է մարդու եւ դառնում Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչ Շարիկով։ Սակայն պարզվում է, որ այդ նոր «մարդը» կոպիտ բնազդների եւ պրիմիտիվ աշխարհայացքի կրող է։ Նրա վարքագիծը հակասության մեջ է մտնում պրոֆեսորի միջավայրի հետ, որն աչքի է ընկնում մշակութայնությամբ եւ ինտելեկտուալությամբ։ Պրոֆեսորի եւ Շարիկովի հարաբերություններն էլ դառնում են գործի գլխավոր դրամատիկ գիծը՝ արտացոլելով ժամանակի սոցիալական հակասականությունը։ Դեպքերը ծավալվում են 1920-ականների Մոսկվայում, եւ կինոնկարում ոսկերչական ճշգրտությամբ են վերարտադրվել ժամանակի ոգին, միջավայրն ու մթնոլորտը։ Կինոնկարում հանդես են եկել Եվգենի Եվստիգնեեւը, Վլադիմիր Տոլոկոննիկովը եւ այլք։ Ֆիլմին ուղեկցող երաժշտությունը եւս շատ կոլորիտային է՝ 20-ական թվականների մոսկովյան ռոմանսներ, որոնք ավելի են ընդգծում մշակութային կոնտեքստն ու գործի սատիրական ուղղվածությունը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր