«Հրապարակ». «Տավուշ» ՋՕԸ գործադիր տնօրենի դատի վերջը չի երեւում
Wed, 18 Mar 2026 12:45:23 +0400

2021թ․ նոյեմբերի 23-ից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Բերդ համայնքի Այգեձոր գյուղի բնակիչ, «Տավուշ» ՋՕԸ նախկին գործադիր տնօրեն, դրանից հետո «Էյ Ի Ջի սերվիս» ՍՊԸ-ի Տավուշի գազասպառման համակարգի Իջեւանի մասնաճյուղի տեղամասի պետ, 1960թ․ ծնված Յուրի Որսկանյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ․ փետրվարի 9-ին «Տավուշ» ՋՕԸ վարչական խորհրդի նախագահի հետ կնքած թիվ 1 աշխատանքային պայմանագրի համաձայն նշանակված լինելով «Տավուշ» ՋՕԸ գործադիր տնօրենի պաշտոնում, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ունենալով ընկերության ֆինանսական միջոցները կառավարելու, ֆինանսական փաստաթղթերը ստորագրելու լիազորություն, 2017թ․ ամռանը «Տավուշ» ՋՕԸ-ի կողմից Տավուշի մարզի Ոսկեվան բնակավայրում կառուցված 1032 մետր ընդհանուր երկարությամբ ոռոգման օժանդակ ջրագծի կապակցությամբ 2017թ․ հոկտեմբերի 3-ին ներկայացրել է կատարողական ակտ, որի համաձայն՝ ջրագծի կառուցման համար հատկացվել է 6 միլիոն 592 հազար ՀՀ դրամ, կատարողական ակտում նշված, սակայն փաստացի չկատարված աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 460 հազար 586․47 դրամ, նշված ջրագծի կառուցման կատարողական ակտում, որպես իրականացված աշխատանքներ, ներկայացվել է կատարվածից ավելի ծավալով եւ վատնել է 664 հազար 799․65 դրամ՝ «Տավուշ» ՋՕԸ-ին պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին (Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով) եւ 3-րդ կետերով (Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է խոշոր չափերով), 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 դրվագով) եւ 325 հոդվածի 1-ին մասով (Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաեւ՝ ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
2024թ․ ապրիլի 15-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Մարդանյանը վճռել է ճանաչել եւ հռչակել Յուրի Որսկանյանի անմեղությունը 01.08.2003թ. ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Հ․ Միրզոյանի դրվագով) եւ քրօրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ, Յուրի Որսկանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Ս. Սարգսյանի դրվագով), Յուրի Որսկանյանին ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Յուրի Որսկանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին, եւ ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգում առկա սահմանահատումների վրա դրված արգելքը թողնել անփոփոխ` մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Քաղաքացիական հայցը՝ Յուրի Որսկանյանից, հօգուտ «Տավուշ» ՋՕԸ-ի 1.059.283․65 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, բավարարել մասնակի` Յուրի Որսկանյանից, հօգուտ «Տավուշ» ՋՕԸ-ի, բռնագանձել 140 հազար ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի գումար: Յուրի Որսկանյանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել, որով խնդրել է մասամբ բեկանել կամ փոփոխել իր հանդեպ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024թ. ապրիլի 15-ին կայացրած դատավճիռը։ 2024թ․ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանը որոշել է սույն քրեական գործն ըստ առարկայական ընդդատության փոխանցել ՀՀ վերաքննիչ hակակոռուպցիոն դատարան։ 2025թ․ սեպտեմբերի 15-ին հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը որոշել է հանրային մեղադրող Վ. Գրիգորյանի միջնորդությունը՝ դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու մասին, բավարարել, քրեական գործով նշանակել դատահաշվապահական փորձաքննություն՝ դրա կատարումը հանձնարարելով «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Հակակոռուպցիոն դատարանում սույն քրեական գործով դատական հաջորդ նիստը նշանակված է ապրիլի 14-ին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր