«Հրապարակ»․ Ռադիո կվերադառնամ, երբ Արմեն Քոլոյանի փոխարեն լինի ադեկվատ ղեկավար

«Հրապարակ»․ Ռադիո կվերադառնամ, երբ Արմեն Քոլոյանի փոխարեն լինի ադեկվատ ղեկավար

Thu, 19 Mar 2026 09:15:52 +0400


Երեւանի առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Ա. Պետրոսյան) անվավեր է ճանաչել Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի որոշումը՝ «Ռադիոլուր» ծրագրի ավագ լրագրող Ալիսա Գեւորգյանին խիստ նկատողություն տալու մասին։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Կարինե Ղաշանգյանը։ Դատարանի գնահատմամբ, այդ որոշման համար իրավական հիմք հանդիսացած որոշումը կորցրել է իր իրավաբանական ուժը դեռեւս 2020 թվից՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչվելու հետեւանքով, ինչպես նաեւ վիճարկվող հրամանում նշված իրավական հիմքը եւ կիրառված կարգապահական տույժը չեն համապատասխանում միմյանց։

Հիշեցնենք, որ Ալիսա Գեւորգյանին խիստ նկատողություն էին հայտարարել Հովհաննես Իշխանյանի գրառմամբ Ֆեյսբուքում կիսվելու համար։ Հետո մի անգամ էլ կարգապահական տույժ՝ նկատողություն էր կիրառվել` Արամ Աբրահամյանի գրառմամբ կիսվելու համար, որը եւս դատարանի որոշմամբ ճանաչվել է անվավեր:
Ալիսա Գեւորգյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` արդյո՞ք նա կվերականգնվի իր աշխատանքում՝ Հանրային ռադիոյում: Նա նկատեց. «Ես Ռադիոյից դուրս եմ եկել ինքս` նկատողություններից հետո: Նկատողությունները եղել են մեկ տարի առաջ, որոնցից մեկը խիստ նկատողություն էր, մյուսը` ուղղակի նկատողություն: Դատարանը դրանք համարել է անվավեր, ես, դիմելով դատարան, նպատակ չեմ ունեցել աշխատանքս այնտեղ շարունակելու, դեռ այն ժամանակ եմ ասել` ինչ ուզում եք, արեք: Պարզապես այդ քայլով փորձել եմ իրավիճակն ինչ-որ առումով փոխել, քանի որ Ռադիոյում երբեք նման մթնոլորտ չի եղել, ես ուղիղ 30 տարի այնտեղ եմ աշխատել, եւ ոչ մի անգամ ինձ չեն ասել` ինչո՞ւ ես ինչ-որ նյութով կիսվում կամ ինչո՞ւ ես գրառում անում եւ այլն: Ես մշտապես ասել եմ այն, ինչ ցանկացել եմ եւ համարել եմ ճիշտ: Իմ դեմ որեւէ մեկն այդ տարիների ընթացքում նման հանցանք չի կատարել, եւ դատարան դիմելու անհրաժեշտություն երբեք չի եղել: Ի դեպ, ես այն մարդը չեմ, ով կարող է հատել կոռեկտության սահմանը, ընդամենը կոռեկտության սահմաններում գրառումներ եմ կատարել, դատարանը եւս անհիմն է համարել ինձ այդ գրառումների համար նկատողություններ տալը: Ես առանձնապես խուսափում էի դատական երկարատեւ պրոցեսից, ասում էի` ինչ ուզում է, թող անի, սակայն իրավաբան ընկերներիցս մեկը ստանձնեց այդ պարտականությունը եւ ասաց, որ ինձնից ընդամենը լիազորագիր է հարկավոր, ու վերջ…. նա է այդ հարցերով զբաղվել, միակ նպատակս Ռադիոյի իմ գործընկերների խոսքի ազատությունը պաշտպանելն է, ինչը մենք ունեցել ենք 30 տարի շարունակ: Արմեն Քոլոյանի ղեկավարած Ռադիոյում ամեն օր, ամեն բառի համար բացատրություն են գրում, եթե անգամ Ռադիոյի կայքէջում մի տառ ես բաց թողել, աշխատակցին ստիպում է իր բանուգործը թողնել եւ բացատրագիր գրել` այդ մի տառի համար: Իմ կռիվը ֆեոդալական բարքերի դեմ է եղել, ես ոչ մի այլ ակնկալիք չունեմ: Նա միայն պետք է փաստաբանի գումարը փոխհատուցի, ու վերջ, ես միայն պահանջում եմ, որ նկատողություններն անվավեր ճանաչվեն: Հույս ունեմ, որ այս քայլով կօգնեմ իմ գործընկերներին, որոնց վրա նա ամեն վայրկյան խոսում է մատ թափ տալով:

Իսկ այժմ ինչո՞վ եք զբաղվում, ո՞ր դեպքում կվերադառնաք հարազատ Ռադիո։ Մեր զրուցակիցն ասաց. «Աշխատում եմ Արման Թաթոյանի փիառ թիմում: Ռադիո կվերադառնամ միայն մեկ դեպքում, երբ Արմեն Քոլոյանն այնտեղ չի լինի, նրա փոխարեն կլինի ադեկվատ ղեկավար, որի համար խոսքը կլինի արժեք, իսկ լրագրողի մտքի ազատությունը՝ կարեւոր նախապայման: Արմեն Քոլոյանն անդադար ասում էր, որ Հանրային ռադիոյի լրագրողն իրավունք չունի ընդգծված տեսակետներ արտահայտելու, պետք է չեզոք լինի եւ այլն, բայց ես ուզում եմ հիշեցնել Հ1-ի լրագրող Պետրոս Ղազարյանի գործունեության մասին, որը, Հանրային հեռուստաընկերության եթերն օգտագործելով, ամեն օր իր անձնական վերաբերմունքն է արտահայտում, իսկ ես ընդամենը իմ անձնական ֆեյսբուքյան էջում` պարկեշտության եւ կոռեկտության սահմաններում կատարել եմ գրառումներ` ներկայացնելով քննադատական խոսք, ինչն իմ սահմանադրական իրավունքն է: Սա կողմնակալ վերաբերմունք է` մեկին ամեն ինչ կարելի է, մյուսին անգամ չի կարելի իր անձնական էջում գրառում կատարել: Այնպիսի իրավիճակ ստեղծեցին, որ ես հեռանամ Ռադիոյից, որն իմ ընտանիքն է եղել 30 տարի շարունակ: Սիրել եմ Ռադիոն, աշխատել եմ այնտեղ մեծ սիրով: Պատերազմից հետո այն իմ միակ փրկությունն է եղել, վարում էի մի հաղորդում, որի շնորհիվ ուղղակի կարողացա ապրել, այն միտքս անջատելու միակ հնարավորությունն է եղել: Գիշերվա կեսին դեպքեր են եղել, որ Քոլոյանը զանգահարել է իմ ծրագրի ղեկավարին եւ ասել` Ալիսան գրառում է արել, բացատրագիր կազմեք: Նման մթնոլորտ էր ստեղծվել, ինչը չէի կարող երկար հանդուրժել: Սիրով ընդունել եմ պարոն Թաթոյանի առաջարկը, այն ինձ օգնեց՝ այս տհաճ իրավիճակը հաղթահարել»:

Իսկ ի՞նչ մթնոլորտ է այժմ Հանրային ռադիոյում, ինչպե՞ս են լրագրողները հանդուրժում Քոլոյանին։ «Մարդիկ տարբեր են բոլոր կոլեկտիվներում: Որքանով ես տեղյակ եմ, տնօրենն իր դիրքերը հիմա ամրապնդել է եւ իրեն լավ է զգում, հավանաբար, Փաշինյանի հետ իր կապերն ավելի է ամրացրել: Հանրային ռադիոն նիկոլական քարոզչամիջոցի է վերածվել: Երբեմն հետեւում եմ հաղորդումների հյուրերին` զարմանում եմ, որ Ռադիոն երբեք չի եղել այդպիսին: Ես նման Ռադիոյում չեմ աշխատել, մեզ համար լավ հաղորդումը սուր հաղորդումն էր: Հնչեցնում էինք մարդկանց հոգսերի, ցավերի ու խնդիրների մասին եւ դրանից մեզ լավ էինք զգում, քանի որ օգտակար աշխատանք էինք կատարում: Բնական է, որ հանրային լրատվամիջոցում կա ներքին տաբու, եւ առանց դիտողությունների ու կապանքների մենք հասկանում էինք, որ աշխատում ենք մի լրատվամիջոցում, որը չպետք է, օրինակ, բանակին սուր քննադատության ենթարկի, քանի որ մեզ լսում է նաեւ թշնամին, բնականաբար, չէինք հայհոյում եւ այլն, բայց սուր հաղորդում անելը մեզ համար ոչ մի անգամ չի եղել խնդիր: Հիմա այնպիսի իրավիճակ է, որ նախարարին մի սուր հարց տալու համար հայտարարում են, թե սաբոտաժ եք անում իշխանության դեմ: Օրեր առաջ տեսա՝ Արեգ Քոչինյանն էր ելույթ ունենում Ռադիոյով: Նա այն երիտասարդն է, որն առաջարկում է Ադրբեջանին հումանիտար միջանցք տրամադրել, այն Ադրբեջանին, որ ամիսներ շարունակ արցախցիներին պահում էր շրջափակման մեջ, իսկ հետո պատերազմով հայաթափեց Արցախը: Այնպես որ, Ռադիոն վերածվել է Նիկոլ Փաշինյանի հակահայկական քարոզչամեքենայի: Ես ոչ մի անձնական ակնկալիք չունեմ ու չեմ պատրաստվում այդ մարդու հետ աշխատել, սակայն ինձ համար կարեւոր է, որ շուտով 100-ամյակը նշող՝ ինձ անչափ հարազատ Ռադիոն նմանօրինակ ստորացած ու արժեզրկված կերպով չներկայանա հասարակությանը»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գերմանիայի դեղատները գործադուլ են անում

Գերմանիայի դեղատները գործադուլ են անում Mon, 23 Mar 2026 21:00:30 +0400 Գերմանիայում այսօր՝ մարտի 23-ին,…

8 րոպե ago

Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան

Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան Mon, 23 Mar 2026…

22 րոպե ago

Իսրայելի օգտին լրտեսություն անողներ են ձերբակալվել

Իսրայելի օգտին լրտեսություն անողներ են ձերբակալվել Mon, 23 Mar 2026 20:45:35 +0400 Իրանի իշխանությունները հայտարարել…

23 րոպե ago

Միացյալ Նահանգներն այլեւս բարի չէ եւ կանխատեսելի չէ․ տեսակետ

Միացյալ Նահանգներն այլեւս բարի չէ եւ կանխատեսելի չէ․ տեսակետ Mon, 23 Mar 2026 20:30:44 +0400…

38 րոպե ago

Նիկոլ Փաշինյանը հերթական պարահրապարակն է կազմակերպում

Նիկոլ Փաշինյանը հերթական պարահրապարակն է կազմակերպում Mon, 23 Mar 2026 20:25:16 +0400 Այսօր հայտնի դարձավ,…

44 րոպե ago

Հունվարից հետո առաջին անգամ նման գին է գրանցվել

Հունվարից հետո առաջին անգամ նման գին է գրանցվել Mon, 23 Mar 2026 20:15:24 +0400 Comex…

53 րոպե ago