«Հրապարակ»․ 254 տղան հե՞չ, որ մեր սուվերեն տարածքում զոհ գնացին` Վարդենիս, Ջերմուկ…
Thu, 19 Mar 2026 10:15:09 +0400

«Հրապարակի» զրուցակիցը 2022-ի սեպտեմբերյան մարտերի ժամանակ զոհված Սերյոժա Ղազարյանի հայրն է` Սերժ Ղազարյանը:
– Իշխանությունները որդեգրել են մի քաղաքական գիծ, համաձայն որի` արգելված է խոսել Արցախի մասին, արգելված է խոսել Հայոց ցեղասպանության մասին, արգելված է Արցախի պատմության մասին գրքեր կարդալ, արգելված է Մասիս սարն անվանել հայկական, եւ այսպես շարունակ: Վաղը գուցե ադրբեջանցիներին եղբայրաբար չընդունելու համար մարդկանց բանտարկեն, եթե հունիսի 7-ին ՔՊ-ն վերընտրվի: Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը դրա մասին է: Դուք ի՞նչ կարծիք ունեք այս ամենի մասին:
– Ես Նիկոլ Փաշինյանին չեմ համարում երկրի ղեկավար, ու, առհասարակ, Հայաստանն անտերության մատնված երկիր է, որը ոչ մի կառավարիչ չունի` թողնված է բախտի քմահաճույքին: Ընտրարշավների, նախկին քարոզարշավների ժամանակ նա մեր ժողովրդին լրիվ այլ բան էր խոստանում, հիմա այլ բան է խոստանում, նա այդ աթոռին տիրացավ ստի միջոցով: Անցան տարիներ, նա իր ոչ մի խոստումը չկատարեց, դրան էլ գումարած՝ հանձնեց Արցախն ու հայկական դիրքերը: Ինչից խոսում ես, ասում են` ասֆալտ, բայց մի՞թե մեր ազգային արժանապատվությունը, մեր թասիբը, մեր տղերքի արյունը կարելի է համեմատել ասֆալտի հետ: Ես դեմ չեմ, թող իրենց զավակների կյանքը համեմատեն ասֆալտի հետ, բայց իմ երեխայի կյանքը թույլ չեմ տալիս…. էդ ի՞նչ հեծանիվ են հայտնաբերել, ասֆալտ, հա ասֆալտ, զզվեցինք արդեն, էլի: Քանդված փողոցը բա պիտի ասֆալտ անեք, բա ի՞նչ պետք է անեք, հերիք եղավ, էլի, աչքներիս թոզ փչեք, վերցրեք ձեր ասֆալտն ու հեռացեք, մեզ ո՛չ դուք եք պետք, ո՛չ էլ ձեր անտեր ասֆալտը: Երկիրը՝ տնտեսական կորուստների մեջ, աղքատությունը՝ շատ, մարդիկ սոված են, սրանք սաղ օրը՝ ասֆալտ ենք անում, հա՝ ասֆալտ ենք անում, ասֆալտով հարց լուծվո՞ւմ է: 8 տարի շարունակ Հայաստանի վարչապետն ինքն է, եթե Արցախը մերը չէր, ինչո՞ւ էր ուղարկում մեր երեխեքին պատերազմ, դե թող միանգամից ասեր` Արցախը մերը չի, Ադրբեջանին ենք տալու, ժողովուրդն էլ էդ ժամանակ արդեն գիտեր՝ ինչ կաներ ու ոնց կաներ, ինչի՞ համար մսաղացը գցեց մեր տղերքին: 90-ականներից սկսած, պայքարում ենք Արցախի համար, հետո քառօրյա պատերազմը տեղի ունեցավ, էլի դիմադրեցին մեր տղերքը, 44-օրյան տեղի ունեցավ, բոլորն այդ մասին են միայն խոսում, բայց պետք է նաեւ ամեն հարմար առիթով հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերին թուրքը մտել է մեր տների մեջ, մեր երեխեքին սպանել ա: Այո, մեր տան մեջ, մեր սուվերեն տարածքը մեր տունն ա: Մարդ չի՞ զոհվել սեպտեմբերյան մարտերի ժամանակ, հա՞, 254 տղան հե՞չ, որ մեր սուվերեն տարածքում զոհ գնացին: Վարդենիս, Ջերմուկ, Վերին Շորժա եւ այլն:
– Ի դեպ, Արման Թաթոյանը վերջերս հայտարարեց, որ ադրբեջանցիները Ջերմուկի եւ Գեղարքունիքի ուղղությամբ առաջ են եկել:
– Ես գիտեմ ամեն բան: Իմ տղան կոնկրետ մեր դիրքերում է զոհվել, մեր տարածքի մեջ, դա ի՞նչ է նշանակում` եկել են մեր տարածքի մեջ, իմ երեխային սպանել են, ո՞վ պետք է դրա համար պատասխան տա, լավ, ինչքա՞ն կարելի է այսպես անտարբերության մատնել, եղավ, անցավ, ու վե՞րջ, հա՞, էդպես հեշտ մոռացա՞ն:
– Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն այդքան շատ վախենում Իլհամ Ալիեւից:
– Մի շիզոֆրենիկը՝ սա, մի շիզոֆրենիկը` Ալիեւը, ուղղակի սա էնքան ապուշ ա, որ դիվանագիտությունից ընդհանրապես տեղյակ չի: Ալիեւն ասում է, որ ամեն ինչ իրենցն է, սա ոչ մի խոսք չի ասում ու դեռ մի բան էլ խոսում է խաղաղության մասին, էլ չենք խոսում այն տարածքների մասին, որոնք նույն Ադրբեջանը գրավել է: Ո՞վ է վերադարձնելու դրանք: 100 տարին մեկ նույն բանն է տեղի ունենում, մարդիկ անգրագետ չեն, լավ հասկանում են, թե ինչ է տեղի ունենում: Ուղղակի ուզում եմ մի բան հասկանալ՝ ինչո՞վ է զբաղված ԱԱԾ-ն: Հիշո՞ւմ եք` տարիներ առաջ Գյումրիում մտան, մի ամբողջ ընտանիքի սպանեցին, եթե այսպես շարունակվեց, նման դեպքեր էլի են լինելու, որովհետեւ թուրքերը շատ հեշտ մտնում են Հայաստան, կարող են մտնել ցանկացած տուն, երկիրը ո՛չ տեր ունի, ո՛չ ԱԱԾ:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր