«Հրապարակ»․ Նոր գրաֆիկը կգործի ընտրություններից հետո
Tue, 14 Apr 2026 11:45:30 +0400

«Կարծում եմ, որ ջրամատակարարման ժամանակացույցի նման փոփոխությունը նախընտրական շրջանով է պայմանավորված»,- ասաց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով ջրամատակարարման 17-ժամյա գրաֆիկին անցման ժամկետը մայիսի 1-ի փոխարեն հուլիսի 1 սահմանելուն։ Հիշեցնենք, որ մեծ աղմուկ բարձրացավ, երբ «Վեոլիա ջուրը» հայտարարեց, որ անցնում է 17-ժամյա գրաֆիկի: Որպեսզի այդ աղմուկը չազդի նախընտրական տրամադրությունների վրա, իշխանության հրահանգով ընկերությունը հայտարարեց, որ նոր գրաֆիկին անցումը հետաձգվում է:
«Ինչո՞ւ որոշեցին ժամկետը փոփոխել, ինչ-որ մոնիտորինգ արվե՞լ է, թե՞ նոր գրաֆիկով որքանով պատշաճ կկարողանան իրականացնել ջրամատակարարումը, որքանո՞վ են պահելու այդ գրաֆիկը։ Ես իմ օրինակով կարող եմ ասել, որ չեն նշում ջրանջատման մասին, բայց ջրանջատում է լինում։ Մի քանի օր առաջ 1 օրով ջրանջատում էր եղել, որի մասին չէին հայտնել»,- ասաց պատգամավորը։ Նրա խոսքով, հայտարարություններով հնարավոր չէ այդ խնդիրները լուծել, եթե խորքային աշխատանքներ չեն կատարվում․ «Դրա մասին ես տարիներ շարունակ խոսել եմ, որ ջրի շատ կորուստներ կան, գծերն անմխիթար վիճակում են, կապիտալ ներդրումներ չեն արվում։ Այսինքն՝ ամբողջը բերելու էր հասցներ այդ կոլապսային վիճակին։ Հիմա, ընտրություններով պայմանավորված, այդ ժամանակահատվածը փորձում են ֆռռացնեն, ինչ-որ կերպ ընտրություններն անցկացնեն, մարդկանց աչքերին թոզ փչեն, հետո լինելու է այն, ինչի մասին միշտ խոսել ենք, դեռ ավելի վատ վիճակ է լինելու, քան մինչ այս։ Խայտառակ վիճակ է, բավականին լուրջ կոռուպցիոն ռիսկեր կան թե՛ ջրային ռեսուրսների կառավարման առումով, թե՛ ընդհանուր ջրային ցանցի՝ ՋՕԵ-ների հետ կապված»։
Հիշեցնենք, որ դեռ փետրվարին «Վեոլիա ջուր» ընկերությունը հրապարակել էր 2026 թ. ջրամատակարարման ժամանակացույցը, ըստ որի՝ Հայաստանի բնակավայրերի գերակշիռ մասում մայիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 15-ը ջրամատակարարումը կլինի 17-ժամյա՝ 07:00-24:00-ն, ինչն առաջացրել էր մարդկանց դժգոհությունը։ Ապա տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարեց․ «Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի»։ Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը նշել էր, թե գրաֆիկը կվերանայվի, բայց 24-ժամյա ջրամատակարարում ապահովել, միեւնույն է, հնարավոր չէ: Բարձրացրած աղմուկից հետո «Վեոլիա ջուր» ընկերությունը պաշտոնական կայքից հեռացրեց ջրամատակարարման գրաֆիկը։
Մենք գրավոր հարցում էինք արել «Վեոլիա ջուր» ընկերություն, թե ինչու նոր գրաֆիկը մինչ այժմ չի հրապարակվել, խնդրել էինք տրամադրել նոր գրաֆիկը։ Նոր գրաֆիկից տեղեկացանք, որ Երեւանի մի շարք վարչական շրջաններում 17-ժամյա ջրամատակարարում է լինելու, այն գործելու է հուլիսի 1-ից։ Մարզերում ջրամատակարարման գրաֆիկը կփոխվի մայիսի 1-ից։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր