«Հրապարակ»․ Փաշինյանի մարզային «սթորիների» դժգոհ հերոսները շատանում են
Tue, 14 Apr 2026 09:45:22 +0400

Փաշինյանի ամենշաբաթյա մարզային քարոզչական այցելությունները գնալով ողբերգական շեշտադրումներ են ստանում: Տեսարանները, որտեղ ՔՊ-ականները շրջում են գունավոր մանկապարտեզներով-դպրոցներով, մարդկանց քիչ են հուզում: Փոխարենը աստղաբաշխական դիտումներ են հավաքում վարչապետի ուղիղ եթերներից կտրած «սթորի»-ները, որտեղ այս կամ այն հարցով Փաշինյանի հետ զրույցի բռնվող քաղաքացիները քննադատում են նրան կամ իրենց «անհարմար» հարցերով փակուղի մտցնում: Այդ տեսարանները, որոնք նախկինների ժամանակ թաքցնում էին, մոնտաժում, հիմա վիրուսի արագությամբ տարածվում են ԶԼՄ-ներով, տարբեր հարթակներով:
Անցած շաբաթ-կիրակի էլ, երբ թիմը շրջում էր Տաշիրով, Ստեփանավանով, Վանաձորով, Սպիտակով, Ապարանով, նման անհարմար միջադեպերը շատ էին: Քաղաքացիների անգամ ամենաանմեղ պահանջներին Փաշինյանը պատասխանելու ոչինչ չուներ: «Ի՞նչ ա պետք անել»,- ամեն անգամ հարցնում է իրեն որեւէ խնդրով մոտեցողներին, բայց լսելով մարդուն, անմիջապես հուսախաբ է անում նրան․ ասում է, որ կա՛մ ոչինչ անել հնարավոր չէ, կա՛մ քաղաքացուն օգնելն արգելված է օրենքով ու կարող է կաշառք դիտվել, կա՛մ էլ այն, ինչի մասին քաղաքացին խնդրում է, ապագայի լուծելու հարց է, ոչ այսօրվա:
Այսպես․ Եղվարդում մի տղամարդ Եղվարդի ջրամբարի հարցը բարձրացրեց` դրա մասին խոսում-խոսում են, բայց ոչ մի կերպ չեն կառուցում: «Չի լինի»,- ասաց Նիկոլը ու, ինչպես ասում են, «կյանքը պատմեց», թե բա՝ ջրի մի մասը պետք է մղվեր պոմպակայանով, բայց այժմ նախագիծն անիրագործելի է, այդքան հոսանք չկա։ «Մտածում ենք այնպիսի նախագիծ իրականացնել, որպեսզի ջուրը գա եւ ջրամբարի մեջ լցվի ինքնահոս եղանակով։ Կարող է մասշտաբը փոխելու անհրաժեշտություն լինի։ Ծավալը փոքրացնենք եւ այդպես կառուցենք ջրամբարը»: Հետո ասաց այն, ինչ ասում էր 2019-ին, 2025-ին, գործադիրի նիստերի ժամանակ՝ որ չկա Հայաստանում համայնք, որը ջրի խնդիր չունենա: Վատ վիճակի այս հավերժական արձանագրումները հոգնեցնում են: Այո, Փաշինյանը չի թաքցնում խնդիրները, բայց դրանից սայլը տեղից չի շարժվում: «Դա սլյոզ» գոհ քաղաքացիներ էլ կան, իհարկե: Մի կին, որը Եղվարդում գրեթե սեր խոստովանեց վարչապետին, բառացիորեն ասելով՝ «դա սլյոզ գոհ ենք»: Բայց տպավորությունը զրոյացավ, երբ հայտնվեց մի նոր ողբերգական սյուժե: Աբովյանում Փաշինյանին մոտեցավ մի տարեց կին, խզված, լացած ձայնով պաղատեց, թե թոփալ ոտքով եկել է հանդիպման, որ ասի՝ չի կարողանում լողանալ: «Ես միայնակ, պատերազմի մասնակցի մամա եմ, ամուսինս մահացած է, տղես մասնակցել է Շուշիի ազատագրմանը, ամուսնուս խաբեցին, տարան Ուկրաինա, որ աշխատի` մահացավ: Մայրաբար խնդրում եմ, օգնեք՝ գոնե բաղնիքս սարքեմ, լողանամ, մայրաբար խնդրում եմ, սառնամանիքի մեջ եմ ապրում»,- ասաց նա մռայլված Փաշինյանին, որն ընդամենը կմկմաց, թե բա՝ չի կարող նյութական խոստում տալ, նախընտրական շրջան է: «Օգնեք, ես չգիտեմ, չօգնեք` ես կգամ Ձեզ հետ Ձեր տուն»,- լացում էր տատիկը:
Տաշիրցի մի «դուխով» տղամարդ՝ Սամվել Ավետիսյանը, բարձրաձայնեց այն, որը շատերն են երազում լսել. «Պարոն Փաշինյան, ինձ հետաքրքրում է, ո՞նց եք կարծում՝ ՀՀ-ում դուխով կամ հպարտ քաղաքացի մնացե՞լ է, բացի ձեր ղեկավար անձնակազմից»: Փաշինյանն իր ձեւով՝ փիլիսոփայելով, փորձեց դուրս գալ տակից, տղամարդը նոր, ավելի վատ հարցեր տվեց. «Եթե ամեն օր ինձ ծեծեք, ու դրանից հետո սկսեմ ամեն ինչ տալ, պարզ է, չէ՞, ինձ էլ չեք ծեծի»: Կամ՝ արդյո՞ք մեզ պետք ա խաղաղություն, եթե մի անձի հետ ա կապված էդ խաղաղությունը: Փաշինյանն այս վեճում պարտվեց: Հարցը թողեց մարդու բերանում ու փախավ, կրկնելով դժվար պահերին իրեն փրկող ցիտատը «Շվեյկից»․ «Եթե իմ մորաքույրը տղամարդ լիներ, ես նրան քեռի կասեի»։
ՔՊ-ի վարկանիշին հարվածող էպիզոդներից ամենախայտառակն ապրիլի 11-ի վաղ առավոտյան Քուչակ-Ապարան ճանապարհին «ուրախ ավտոբուսն» ուղեկցող ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսի եւ «Նիսսան» մեքենայի բախումն էր։ Վարորդը տեղում մահացավ, ուղեւորներից 12 անձ վիրավոր է: «Մահաբեր են` դեռ 2018 թվականից»,- առավել տարածված մեկնաբանությունն էր վթարի մասին պատմող նյութերի տակ` ուղղված իշխանություններին:
Տհաճ միջադեպերը Փաշինյանի մարզային քարոզարշավի ժամանակ, որը նա բավականին վաղ էր սկսել` իր ընտրազանգվածն ավելացնելու հույսով, կարծես հակառակ արդյունքն ունեն: Այցելությունից այցելություն դրանք շատանում են, արդյո՞ք չի հասկանում Փաշինյանը կամ նրա իմիջմեյքերները, որ այս ձեւով ի վերջո զրոյացնելու են իրենց վարկանիշը: Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ Փաշինյանը եւ նրա թիմը չեն պատկերացրել, որ այդպես կլինի, եւ ընթացքում եթե տեսնեն, որ շատանում են այդ միջադեպերը, ուղիղ եթերը «կթարգեն»: «Իրենք դա փորձել են ցույց տալ որպես ժողովրդավարության ապոգեյ, որ իրենք այնքան ժողովրդավար են, որ հասկանում են՝ կլինեն դժգոհ մարդիկ, բայց դա իրենց հետ չի պահում ժողովրդավարությունից: Բայց սա մինչ այն պահն է, մինչեւ որ հասկանան, որ այդ դժգոհները ոչ թե 10-ից 1-2-ն են, այլ 10-ից 7-8-ն են»:
Զգո՞ւմ եք ինչ-որ փոփոխություն իր առաջին եւ վերջին մարզային այցելությունների հետ կապված ռեակցիաների միջեւ: «Իհարկե: Հատկապես՝ մարզերում, ովքեր տեսնում են միայն Հ1-ի Հայաստանը, իսկ իրական շփումը լինում է տարին մեկ` ընտրությունից ընտրություն, երբ տարբեր ընդդիմադիր ուժեր գնում ու կոտրում են այն կարծրատիպը, որ օրվա իշխանությանը կարելի է նաեւ քննադատել: Այդ ժամանակ Պանդորայի արկղը բացվում է, այ, հիմա այդ բացվելու պրոցեսն է սկսվել: Էս անգամ՝ մի քիչ ավելի շուտ, որովհետեւ ինքն այն շուտ սկսեց: Սովորաբար դա լինում է վերջին մեկ ամսում»,- ասում է Կարեն Քոչարյանը:
Ըստ նրա, շրջապատի քծնանքն է մեծ դեր խաղում, երբ շրջապատն ասում է՝ շեֆ, գիտե՞ս, թե քեզ ոնց են սիրում: «Երբ որ շեֆը գնում է ու բախվում դառն իրականությանը, ստացվում է այն, ինչ դուք նկարագրում եք: Այդպես է եղել բոլոր ժամանակներում»: Ո՞րն է հիմա Փաշինյանի իմիջը՝ հասարակ մարդ եմ, բոլորիդ նմա՞ն: «Նա իր նախընտրական պայքարն իրականում սկսել է դեռ 2 տարի առաջ, երբ դպրոցներում կախիչներ էր կոտրում: Այս ընթացքում նա շատ բան է փորձել՝ հեծանիվ քշել, սրտիկ ցույց տալ, նվագել, տարբեր խավերի վրա է փորձել ազդել: Հետո տեսավ, որ այդ ամենը չի ստացվում, որ երիտասարդները պարզապես ծաղրում են, որ թոշակառուների ընտրազանգվածը, որն իր ամենակուռ ընտրազանգվածն էր, կորցնում է. երբ ասաց` 10 հազարը տամ, ի՞նչ է անելու, ու հետո բյուջեն հաստատելուց հետո, հասկանալով դա, չգիտես ինչ միջոցներից` ավելացրեց թոշակը: Ապա վերադարձավ հին տաշտակին: Եվ հիմա ուզում է պահել իր ընտրազանգվածը, ոչ թե նորը վերցնել, այլ գոնե պահել այն, որը կա, համոզելով այդ մարդկանց, որ ինքն իրենցից մեկն է, այսինքն, կարող է ուտել, վրան թափել՝ ավտոբուսում, առանց լվացվելու եւ այլն»,- նշեց քաղտեխնոլոգը: Կարեն Քոչարյանը Փաշինյանին առաջարկում է ընտրել հենց այդ կարգախոսը՝ «Ես ձեզնից մեկն եմ», ինչն ավելի ազնիվ կլինի նրա կողմից:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր