Երեքշաբթի , 14 Ապրիլի 2026

«Հրապարակ». Ուկրաինան էլ Իսրայելին ուղղված իր հարցերն ունի

«Հրապարակ». Ուկրաինան էլ Իսրայելին ուղղված իր հարցերն ունի

Thu, 19 Mar 2026 11:45:40 +0400


«Հրապարակի» զրուցակիցն Ուկրաինայի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտի (ՌՀԱԻ) արտաքին հետազոտությունների կենտրոնի նոր մարտահրավերների բաժնի ղեկավար Ելենա Բորդիլովսկան է։

– Մերձավոր Արեւելքում պատերազմական իրավիճակը՝ կապված Իրանի դեմ Իսրայելի եւ ԱՄՆ-ի ռազմական արշավի հետ, ամբողջ աշխարհի ուշադրությունը սեւեռել է իր վրա։ Ակնհայտ է, որ այն միջազգային հանրության եւ ԱՄՆ ուշադրությունը շեղել է ռուս-ուկրաինական հակամարտության բանակցային գործընթացից։ Ի՞նչ ռիսկեր եւ հետեւանքներ եք տեսնում Ուկրաինայի համար։

– Մի քանի դիտարկում․ առաջինը՝ այո, իսկապես շեղում է ուշադրությունն Ուկրաինայից։ Եվ մեր խաղաղ բանակցություններն ԱՄՆ-ի հետ, որոնք առանց այդ էլ, անկեղծ ասած, դժվար է հաջողված համարել, չգիտես, թե ուր են անհետացել, հայտնի չէ՝ որտեղ դրանք կանցկացվեն, ինչպես, հիմա արդեն ոչ ոք ոչինչ չգիտի։ Մյուս ասպեկտը․ Ուկրաինան նոր հնարավորություններ է ստացել՝ իրեն հայտարարելու շատ կարեւոր խաղացող անվտանգության ոլորտում, որովհետեւ մենք բազմաթիվ հարցումներ ենք ստանում՝ համագործակցել Իրանի կողմից Շահեդ-ներով հարձակումների դեմ պայքարում, առաջին հերթին Պարսից ծոցի երկրներից, որոնց հետ Ուկրաինան բավականին կառուցողական հարաբերություններ ունի։ Օրինակ, ԱՄԷ-ն ակտիվորեն մասնակցում է գերիների փոխանակման եւ ուկրաինացի ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու գործընթացին։ Մեր երկիրը բացառիկ փորձ ունի իրանական Շահեդ-ներ խոցելու հարցում, ուրիշ ոչ մի երկիր նման փորձառություն չունի։ Մենք դրանց ձայնը լավ գիտենք, այն լսում ենք 2023-ից ի վեր եւ գիտենք՝ ինչպես վարվել այդ ԱԹՍ-ների հետ։ Մենք ոչ միայն ունենք որսացող դրոններ, այլեւ այդ ամենը կատարում ենք համակարգային կերպով։ Մեր մասնագետներն արդեն մեկնել են Ծոցի մի քանի երկրներ, որպեսզի խորհրդատվություն տրամադրեն, եւ կարծում եմ՝ այդ համագործակցությունը երկար կշարունակվի։ Եվ երրորդ գործոնը․ այդ պատերազմը մեզ ձեռնտու չէ, որովհետեւ որքան երկար է տեւում, այնքան մեծանում են ռիսկերը, օրինակ, նավթի գների աճի առումով, իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանը շարունակելու է գումար աշխատել եւ դա ուղղել մեր դեմ պատերազմին։ Ուստի՝ այս պատերազմը մեզ պետք չէ։

– Թրամփն ակնարկել է, որ Իրանի դեմ պատերազմը շաբաթներ կտեւի։ Դուք ի՞նչ եք կանխատեսում։

– Անկեղծ ասած, չգիտեմ այդ հարցի պատասխանը, եւ ասել, թե Ուկրաինան ազդեցության իրական լծակներ ունի Իսրայելի կամ ԱՄՆ-ի վրա, դժվար է պնդել։ Մենք գիտենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց ունենալու խնդրանքով դիմել է մեր նախագահին՝ քննարկելու որոշակի համագործակցության հարցեր, այդ թվում՝ ռազմական ոլորտում, բայց այս ամենը շատ բարդ է, որովհետեւ Ուկրաինան բազմիցս օգնության խնդրանքով դիմել է Իսրայելին եւ 2022-ից ի վեր ստացել բազմաթիվ մերժումներ։ Նույնիսկ այն դեպքերում, երբ ԱՄՆ-ից օգնություն ստանալու համար ընդամենն անհրաժեշտ էր ստանալ Թել Ավիվի համաձայնությունը, օրինակ, կապված ամերիկյան հին հրթիռների հետ, որոնք Իսրայելին այդքան պետք չէին, մենք դրա կարիքն ավելի շատ ունեինք, հատկապես՝ պատերազմի առաջին տարիներին, Իսրայելը դա թույլ չտվեց։ Մերժում էր մեր ՊՆ ղեկավարի հետ հանդիպման խնդրանքը, Իսրայել չհրավիրեցին մեր նախագահին եւ այլն։ Այնպես որ, մենք էլ Իսրայելին ուղղված մեր հարցերի ցանկն ունենք։ Չգիտեմ՝ ինչպես կշարունակվի այս ամենը, բաց քննարկում չկա, առայժմ որոշ բանակցություններ տեղի են ունենում դեսպանատների մակարդակով, հետագան՝ կտեսնենք։ Արդյո՞ք կազդի դա պատերազմը դադարեցնելու վրա, դժվար է ասել, իսկ մնացյալն Ուկրաինայից կախված չէ։ Առավել եւս՝ ԱՄՆ-ի վրա մենք չենք կարող ազդել։

– Ժամանակին աշխատել եք Պակիստանում Ուկրաինայի դեսպանատանը, նաեւ` Հնդկաստանում։ Պակիստանը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չուներ՝ ղարաբաղյան հակամարտության ողջ պատմության ժամանակ Ադրբեջանին սատարելու պատճառով։ Այսօր աստիճանաբար հզորանում է Պակիստան-Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական դաշինքը, կարելի է ասել՝ «3 պետություն՝ 1 ազգ» սկզբունքով։ Ինչպիսի՞ն են Կիեւի հարաբերություններն Իսլամաբադի եւ Դելիի հետ։

– Այո, գիտենք, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Պակիստանը մեծապես գործակցել է Ադրբեջանի հետ։ Գիտենք նաեւ, որ Ադրբեջանն իր հերթին օգնել է Պակիստանին՝ անցյալ տարի Հնդկաստանի դեմ ռազմական առճակատման ժամանակ, Բաքուն եւ Իսլամաբադը սերտորեն համագործակցում են, օրինակ՝ ինքնաթիռների հետ կապված պայմանագրեր ունեն, բայց չեմ կարծում, որ Պակիստանն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունները կառուցում է մեկ ազգի սկզբունքով, որովհետեւ Պակիստանը թյուրքական պետություն չէ։ Այո, այս երեք երկրները շատ ընդհանրություններ ունեն, օրինակ՝ սուննի իսլամ, բայց խոսքը հզոր ռազմատեխնիկական համագործակցության մասին է, գործընկերային հարաբերությունների, որոնք փոխվստահելի են դարձել ընդհուպ մարտական գործողությունների ժամանակ։ Միաժամանակ Պակիստանը շատ ակտիվ կապեր է ստեղծում մյուս իսլամական երկրների հետ, օրինակ՝ անցյալ տարվա սեպտեմբերին ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր կնքեց Սաուդյան Արաբիայի հետ։ Այս օրերին եղան պաշտոնական փոխայցեր, եւ հաստատվեց, որ շարունակելու են հանձնառու լինել այդ համագործակցությանը։ Միաժամանակ, Պակիստանը շարունակում է երկխոսել Իրանի հետ, որին հարեւան բարեկամ երկիր են համարում, այնպես որ՝ Պակիստանը հեշտ իրավիճակում չէ․ այնպես անել, որ մի կողմից կատարվեն պարտավորվածությունները, մյուս կողմից՝ այդ կոնֆլիկտը չսպառնա բուն Պակիստանին։ Ինչ վերաբերում է Հարավային Ասիայի վերաբերյալ Ուկրաինայի դիրքորոշմանը, ապա այն հստակ է․ մենք համագործակցել ենք թե՛ Հնդկաստանի եւ թե՛ Պակիստանի հետ, այնտեղ, որտեղ դա բխել է մեր շահերից, մենք երկու երկրների հետ էլ պահել ենք համագործակցությունը, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում, ճիշտ է՝ մի փոքր տարբեր ուղղություններով։ Օրինակ՝ Հնդկաստանի դեպքում խոսքն ավելի ավիացիայի մասին է, Պակիստանի դեպքում՝ տանկաշինության։ Գյուղատնտեսական ոլորտում էլ այդ երկրների հետ առնչություն ունենք, մատակարարում ենք ձեթ, ալյուր, հացահատիկ եւ այլն։ Կրթական ոլորտում էլ, նախքան պատերազմը, բազմաթիվ հնդիկ եւ պակիստանցի ուսանողներ ունեինք։ Ինչ վերաբերում է Ուկրաինայի պատերազմին այդ երկրների դիրքորոշմանը, Հնդկաստանն էլ, Պակիստանն էլ պաշտոնապես չեզոք մոտեցում ունեն, թեեւ կարող եմ ասել՝ Պակիստանում մեզ ավելի լավ են ընկալում, քանի որ մենք ընդհանրություններ ունենք եւ ունենք հարեւաններ, որոնք բազմիցս գերազանցում են ուժի գործադրումը, որից պետք է պաշտպանվել, դրա համար նրանք գիտեն, որ մենք մարտնչում ենք մեր անկախության, գոյատեւման համար։ Միաժամանակ, Հնդկաստանը սերտ հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ՝ զուգահեռաբար չեզոք դիրքորոշում հայտնելով ռուս-ուկրաինական պատերազմի հարցում։ Ուկրաինայի եւ Պակիստանի համագործակցությունն ընդգրկում է դեղորայքի ոլորտից մինչեւ գյուղատնտեսական եւ ռազմատեխնիկական։

– Պակիստանն ընկալվում է որպես ռազմականացված պետություն։ 2026 թ․ դրությամբ Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ հարաբերությունները շարունակում են մնալ լարված՝ հատկապես Քաշմիրի հարցի եւ սահմանային բախումների պատճառով: 2025 թ․ գարնանային էսկալացիայից հետո երկու միջուկային տերությունների միջեւ հակամարտությունների ռիսկը մնում է բարձր: Ի՞նչ սցենար եք կանխատեսում։

– Չեմ կարծում, որ պատճառ կա մտահոգվելու, թե Պակիստանի եւ Հնդկաստանի առճակատումը կարող է վերածվել միջուկայինի, նախորդ գարնանը 2 երկրների միջեւ էսկալացիան հերթականն էր` ո՛չ առաջինը, ո՛չ էլ, ցավոք սրտի, վերջինը։ Յուրաքանչյուրը համոզված է, որ հենց ինքն է հաղթել այդ հակամարտությունում։ Ամեն դեպքում, կառավարություններն այդպես են վստահեցնում սեփական ժողովուրդներին։ Պակիստանը ցույց է տվել իր առավելությունները՝ գործակցելով Չինաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի հետ, որոնք օգնել են Իսլամաբադին՝ Հնդկաստանի դեմ ռազմական կոնֆլիկտի պարագայում։ Հնդկաստանն իր հերթին հայտարարում է, որ ինքնուրույնաբար է պայքարում սպառնալիքների դեմ։ 2 երկրների միջեւ հարաբերություններն իրոք շատ լարված են, եւ հույս ունեմ՝ միջուկային առճակատման չեն վերածվի։

– Օրերս էլ կրկին սրվեց Պակիստան-Աֆղանստան հակամարտությունը, կան մարդկային կորուստներ։ Այս էսկալացիայի պատճառը ո՞րն է։

– Պակիստանա-աֆղանական հակամարտությունն էլ նոր չէ․ կան հին հակասություններ՝ կապված սահմանային գոտու հաստատման հետ, որոնք Պակիստանը չի կարողանում լուծել Աֆղանստանի եւ ոչ մի կառավարության հետ՝ թագավորից մինչեւ մոջահեդներ, առաջին թալիբների ու հիմա՝ երկրորդ թալիբների օրոք։ Պակիստանն Աֆղանստանին մեղադրում է իր երկրի տարածքում պարբերաբար ահաբեկչություններ կատարելու մեջ, եւ մեծ խնդիր է աֆղանացի փախստականների հոսքը, որոնց սկսել են ուղարկել երկրի արեւմտյան մասը։ Այնպես որ, խնդիրներն ու տարաձայնությունները շատ են ու բազմաշերտ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գագիկ Ծառուկյանն ընտրվել է Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի նախագահ

Գագիկ Ծառուկյանն ընտրվել է Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի նախագահ Sat, 11 Apr 2026 20:13:42 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով