Իջեւանում սոված շունը հարձակվել է անցորդների վրա
Thu, 19 Mar 2026 12:45:56 +0400
Մարտի 12-ից Իջեւանի կենտրոնական փողոցներից մեկում՝ Անկախության փողոցում, հայտնվել է մի սպիտակ շուն, որն անընդհատ հարձակվում է անցորդների վրա, պատռում նրանց իրերը։ Իջեւանցիներն ասում են, որ շունn սոված է, մարդկանց վրա հարձակումներով իր համար կեր է հայթայթում։ Այդ շունը հարձակվել է նաեւ Իջեւանի համայնքապետարանի 2 աշխատակցուհիների վրա: Նրանցից մեկի ձեռքի փաթեթում մոմեր են եղել, շունը դրանք հոշոտել է։ Պատռել է նաեւ համայնքապետարանի մյուս աշխատակցուհու ձեռքի փաթեթը, որտեղ թխվածքներ են եղել, ու դրանք եւս կերել։ Իջեւանում անհանգստացած են շան վարքից, հարձակումներից։
Քանի որ հիշում են անցյալ տարվա նախադեպը, երբ ամռանը Ռիժիկ անունով շունը Իջեւանում ագրեսիվ վարք էր ցուցաբերում, հարձակվում անցորդների վրա։ 2025թ․ հուլիսին հատուկ ավտոմեքենայով Ռիժիկին տեղափոխեցին Երեւանում գործող շների կացարան։ Իջեւանի համայնքապետարանը թափառող, անտեր շների ստերջացման ծրագրեր է իրականացրել, այդ թվում՝ Հայաստանում առաքելություն իրականացրած եվրոպական դիտորդների աջակցությամբ, սակայն թափառող, անտեր շների խնդիրը չի լուծվում։ Այդ խնդիրն առկա է նաեւ Տավուշի մարզի այլ քաղաքներում։