Ամենակարեւոր հարցի պատասխանը չկա

Ամենակարեւոր հարցի պատասխանը չկա

Thu, 19 Mar 2026 19:15:00 +0400


Ընդդիմադիր ուժերն ունեն բոլոր կամ գրեթե բոլոր այն հարցերի պատասխանը, թե ինչ են անելու իշխանության գալու դեպքում, ինչպես են կառավարելու երկիրը, քանի նոր աշխատատեղ են ստեղծելու, ինչպիսի անվտանգության մոդել են կառուցելու, ինչպիսի ներդրումային միջավայր են ձեւավորելու, հանցավորությունն ինչպես են կրճատելու, ինչպես են հասնելու համազգային հաշտեցման եւ համընդհանուր թշնամանքի վերացմանը: Բայց նրանք չունեն ամենակարեւոր հարցի պատասխանը՝ իսկ ինչպե՞ս են գալու իշխանության, ինչպե՞ս են վերցնելու իշխանությունը: Բոլոր այդ ծրագրերը եւ խոստումները հնարավոր է իրականացնել միայն իշխանություն ունենալու դեպքում:

Թվում է, այս հարցի պատասխանը շատ պարզ է. իշխանության գալու մեխանիզմը ընտրություններն են. իրենք հասարակությանը նախընտրական խոստումներ են տալիս, հասարակությունը վստահում է իրենց խոստումներին, հունիսի 7-ին գնում են ընտրատեղամասեր, քվեարկում են ընդդիմության օգտին, հաղթում են ընտրություններում եւ դրանց արդյունքում միայնակ կամ կոալիցիայի միջոցով ձեւավորում են իշխանություն: Բայց իշխանությունը մի քանի օրինակով` Վանաձորի, Ալավերդու, Երեւանի, Գյումրու, Փարաքարի ավագանու ընտրություններ, ցույց է տվել, որ մտադիր չէ հաշվի նստել ընտրության արդյունքների հետ, որ իրենք ամեն ինչ անելու են այդ ընտրության արդյունքները չեղարկելու կամ դրանք իրենց հարմարեցնելու համար: Ճիշտ է` գործող ռեժիմը չի վայելում սեփական հասարակության վստահությունը, բայց դրա փոխարեն ունի աշխարհաքաղաքական կենտրոնների անվերապահ աջակցությունը: Մեր աչքի առաջ տեղի է ունենում աշխարհի նոր վերաբաժանում, երբ աշխարհի ուժեղները կամ իրենց առնվազն այդպիսին համարողները պայքարում են ամեն մի երկրի, ամեն մի երկրում իրենց դրածո իշխանությունն ունենալու կամ այդպիսիներին պաշտպանելու համար: Ինչո՞ւ պետք է իրենք թույլ տան, որ կորցնեն դրածո իշխանությունը, դրանով՝ վերահսկողությունը երկրի նկատմամբ: Իսկ որ Փաշինյանը եւ նրա իշխանությունը Հայաստանում դրածո են, սրա հետ կարծես թե ոչ ոք չի վիճում, դա չեն վիճարկում: Իշխանության տերերն էլ առանձնապես չեն սեթեւեթում, թաքցնում այդ իշխանության պատկանելությունը:

Նախորդ օրը ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հանձնակատար Կայա Կալլասը հայտարարեց, որ Հայաստանի իշխանության խնդրանքով, հիբրիդային հարձակումներին հակազդելու համար, իրենք Հայաստան կուղարկեն արագ արձագանքման խումբ, որ ճնշման տակ գտնվող ժողովրդավարությունները կարող են հույս դնել Եվրոպայի վրա: Կալլասը չի մանրամասնում, թե, օրինակ, ինչով է զբաղվելու այդ խումբը Հայաստանում, ինչով է օգնելու Փաշինյանի իշխանությանը հակազդելու հիբրիդային հարձակումներին, ինչպես է օգնելու՝ պահել իշխանությունը: Իսկ գուցե այդ խումբը վաղուց է Հայաստանում, գուցե դեռեւս 2022 թվականին՝ իբրեւ հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելություն իրականացնելու համար Հայաստան եկած եւ այդպես էլ իրենց երկրներ չվերադարձածները հենց դրանով էլ զբաղվում են, զբաղվում են Փաշինյանի իշխանության պաշտպանությամբ: Իսկ ի՞նչ են անելու նրանք ընտրությունների ժամանակ, ինչպե՞ս են դիմակայելու հիբրիդային հարձակումներին, արդյո՞ք ընդդիմությանը հռչակելու են ռուսական գործակալներ եւ մասնակցելու են հանրահավաքները ցրելուն, ցուցարարներին կալանավորելուն, թե՞ որպես դիպուկահար` գնդակահարելու են հիբրիդային հարձակման մասնակից խաղաղ ցուցարարներին: Չէ՞ որ այդ դիտորդներն իբր նախկին ոստիկաններ են, ուժային կառույցների իբր նախկին աշխատակիցներ:

Կարող են ասել, որ Հայաստանի ընդդիմադիր ուժերը հակաամերիկյան կամ հակաեվրոպական չեն, որ նրանք բոլորն էլ հայտարարում են, որ կառուցելու են գործընկերային հարաբերություններ նույն ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի հետ, Հայաստանի քաղաքական ուժերից որեւէ մեկը, համենայնդեպս՝ հիմնական ընդդիմադիր ուժերից որեւէ մեկը չի հայտարարել անգամ, որ դեմ է Հայաստանի ԵՄ անդամակցությանը, որ իրենց իշխանության գալու դեպքում այդ օրակարգը չեղարկվելու է, եւ Հայաստանը հայտարարելու է իր հավատարմությունը ԵԱՏՄ-ին կամ ՀԱՊԿ-ին: Նույնիսկ ավելի երկրորդական թվացող հարցերում են չափազանց զգուշավոր, օրինակ, որեւէ մեկը չի հայտարարում, որ նոր ատոմակայանը կառուցելու է Ռուսաստանի աջակցությամբ, կամ որեւէ մեկն աջակցություն չհայտնեց Իրանին՝ դատապարտելով ամերիկյան հարձակումները հարեւան եւ բարեկամ երկրի վրա:

Չնայած ընդդիմադիրներն իրենց պահում են չափազանց չեզոք եւ զգուշավոր, բայց դա ամենեւին երաշխիք չէ, որ արտաքին ուժերը կարող են թուլացնել գործող ռեժիմի աջակցությունը կամ անտարբեր լինել նրա տապալման հարցում: Դրա բացատրությունը շատ պարզ է. Փաշինյանի իշխանությունն այնքան թույլ եւ կամակատար է, որ դրանից ավելի կամակատար ուղղակի հնարավոր չէ գտնել: Ռուսական մի առակատիպ պատմություն կա. ռազմական բուհում սովորող տղան հարցնում է գնդապետ հորը` հայրիկ, ես կարո՞ղ եմ լեյտենանտ դառնալ, հայրը դրական է պատասխանում։ Ասում է` իսկ կապիտա՞ն, հայրը նորից է դրական պատասխանում։ Իսկ քեզ նման գնդապե՞տ։ Հայրն ասում է. «Այո, գնդապետ էլ կարող ես դառնալ»։ Իսկ գեներա՞լ` հարցնում է որդին։ «Ոչ, գեներալ չես կարող դառնալ, գեներալները սեփական որդիներ ունեն»,- բացատրում է հայրը: Հիմա հասարակության կողմից մերժված ու բացառապես արտաքին աջակցության հույսին գտնվող Փաշինյանի իշխանությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի համար նման է հարազատ որդու, նրա տեղը ոչ մեկին չեն զիջի:

Սա ամենեւին չի նշանակում, որ ԱՄՆ-ն կամ ԵՄ-ն ամենակարող են, որ եթե նրանք պաշտպանում են փաշինյանական ռեժիմը, ուրեմն այն անհաղթելի է, նրանց որոշումները պարտադիր կատարման ենթակա են: Ընդհակառակը՝ աշխարհում բազմաթիվ դեպքեր կան, երբ երկրները, հասարակությունները հաղթել են արտաքին ուժերի դրածո ռեժիմներին եւ իրենք են որոշել, թե ով պետք է իրենց երկրում լինի իշխանություն, կամ թույլ չեն տվել, որ արտաքին ուժերը տապալեն իրենց երկրների օրինական կառավարություններին: Հենց հիմա մենք նման փայլուն դիմադրության երկու օրինակի ենք հետեւում․ մեկը՝ Կուբայում, ԱՄՆ-ի հենց քթի տակ, մյուսը` մեր հարեւան Իրանում: Ուղղակի ընդդիմությունը պետք է ավելի բաց եւ հասկանալի խոսի հասարակության հետ եւ նրան պատրաստի պայքարի ու դիմադրության:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պողոսը՝ նախընտրական սուպերմարկետում

Պողոսը՝ նախընտրական սուպերմարկետում Thu, 19 Mar 2026 18:45:28 +0400 Քաղաքական ուժերի հարուստ ներկապնակով ենք գնում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով