Ինքնիշխանությունը՝ ամերիկյան մուրճի ու իրանական սալի արանքում

Ինքնիշխանությունը՝ ամերիկյան մուրճի ու իրանական սալի արանքում

Fri, 20 Mar 2026 18:15:20 +0400


Հայաստանի կամ, ավելի ճիշտ՝ փաշինյանական ռեժիմի ինքնիշխանությունը ենթարկվում է հերթական փորձությանը: Ամերիկյան The Washington Post պարբերականը, հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտից ստացված հեռագրին, գրում է, որ Պետդեպարտամենտն իր դիվանագետներին հանձնարարել է հորդորել այլ երկրների կառավարություններին՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) եւ լիբանանյան «Հեզբոլլահը» ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություններ: Ըստ պարբերականի, «Երկուշաբթի օրը բոլոր ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչություններին ուղարկված հեռագրում Պետդեպարտամենտը հանձնարարել է դիվանագետներին՝ հորդորել ընդունող կառավարություններին՝ ԻՀՊԿ-ն եւ Լիբանանի «Հեզբոլլահը» ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություններ», ընդ որում՝ դիվանագետներն այս ցուցումը պետք է փոխանցեն մինչեւ ուրբաթ օրը, «ամենաբարձր մակարդակով»։ Սա նշանակում է, որ երբ դուք կարդում եք այս հոդվածը, Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն արդեն Հայաստանի կառավարությանը, իսկ քանի որ կառավարությունը Նիկոլ Փաշինյանն է, հենց նրան է հանձնել ԱՄՆ Պետդեպարտամենտի այս ցուցումը:

Վերադասից ստացված այս ցուցումի հետ ինչպե՞ս պետք է վարվի Հայաստանին ինքնիշխանություն պարգեւած հզոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Լիբանանյան «Հեզբոլլահն» այդ պետության առանցքային կառույցներից է, այդ կազմակերպությունը ներկայացված է ինչպես երկրի խորհրդարանում, այնպես էլ կառավարությունում: Այդ կազմակերպությունն ահաբեկչական ճանաչելը կնշանակի հարվածի տակ դնել լիբանանահայությանը: Փաշինյանին, իհարկե, լիբանանահայության ճակատագիրն առանձնապես չի հետաքրքրում, նա օժանդակեց Արցախի հայաթափմանն ու ոչնչացմանը, դրա համեմատությամբ լիբանանահայության ճակատագիրը ոչինչ է: Ավելի բարդ է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հարցը, որը նույնպես Իրանի պետական կառույցներից է`ամենահզորն ու հարգվածը: ԻՀՊ կորպուսն ահաբեկչական ճանաչելը համարյա նույնն է, որ Իրանի պետությունը որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչես: Մի կողմից, ամերիկյան տերերի ճնշումն է, մյուս կողմից՝ հարեւան Իրանի հետ հետագա հարաբերությունների հարցը: Եթե փաշինյանական ռեժիմը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ճանաչի ահաբեկչական կազմակերպություն, դա նշանակելու է, որ պետք է համապատասխան միջոցներ կիրառվեն ահաբեկիչներ հռչակված անձանց դեմ, սահմանին հսկվեն, թե արդյոք տվյալ անձն ԻՀՊԿ անդամ չէ՞ կամ ի՞նչ առնչություն ունի այդ կազմակերպության հետ: ԱՄՆ-ն Հայաստանին եւ մյուս երկրներին, փաստացի, Իրանի հետ հակամարտության է մղում: Եթե Իրանից շատ հեռու գտնվող Լիտվայի կամ Էստոնիայի համար դա այնքան էլ մեծ խնդիր չէ, ապա Հայաստանի դեպքում կարող է ունենալ կոնկրետ հետեւանքներ: Որովհետեւ եթե դու Իրանի պետական որեւէ կառույց ճանաչում ես ահաբեկչական, ամենայն հավանականությամբ, դրան ի պատասխան՝ Իրանը փաշինյանական ռեժիմի որեւէ կառույց կամ հենց ռեժիմը կճանաչի ահաբեկչական, դրանից բխող հետեւանքներով:

Թե ինչպիսի որոշում կկայացնի փաշինյանական ռեժիմը, գտնվելով ամերիկյան մուրճի եւ իրանական սալի արանքում, մենք դեռ կտեսնենք: Բայց որ Հայաստանը զրկված է տարրական ինքնիշխանությունից եւ ենթարկվում է ամերիկյան թելադրանքին, արդեն իսկ պարզ է: Մարտի 2-ին Իրանի դեմ ամերիկյան հարձակումից ընդամենը երկու օր հետո Հայաստանի ԱԳՆ-ն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Արարատ Միրզոյանը զրույց էր ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչիի հետ եւ, ըստ այդ հաղորդագրության, հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը՝ այս իրավիճակում ցուցաբերելու ցանկացած անհրաժեշտ հումանիտար օգնություն: Այս հաղորդագրությունից անցել է 18 օր, եւ այդ ընթացքում Հայաստանը պետական մակարդակով չի տրամադրել որեւէ մարդասիրական օժանդակություն: Եվ դա՝ այն դեպքում, երբ չորս օր առաջ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը մի հայտարարություն տարածեց, ըստ որի՝ «Իրանի Իսլամական Հանրապետության «Կարմիր մահիկ» ընկերությունն իր պատրաստակամությունն է հայտնել՝ հրատապության կարգով ստանալու ցանկացած անհրաժեշտ դեղորայք եւ բժշկական պարագաներ անհատներից, ինչպես նաեւ՝ մարդասիրական կազմակերպություններից, բժշկական սարքավորումների մատակարարներից, դեղագործական ընկերություններից եւ փրկարար կազմակերպություններից»:

Հայտարարության իմաստն այն էր, որ Իրանին հրատապ անհրաժեշտ են դեղորայք եւ բժշկական պարագաներ, Արարատ Միրզոյանի ասած «անհրաժեշտության դեպքում»-ը հիշեցիք, չէ՞: Իրանի իշխանությունը, օգնության համար դիմելով Հայաստանի հասարակությանը, Հայաստանի կառավարությանն ասում է, որ դուք ստախոս ստրուկներ եք, դուք այնքան հզոր ու ինքնիշխան եք, որ չեք կարող ձեր տված խոստմանը հավատարիմ լինել եւ մի քանի մեքենա դեղորայք ուղարկել Իրան: Դե ինչպե՞ս կարող է ինքնիշխան Հայաստանը մարդասիրական օգնություն ուղարկել Իրան, եթե այդ դեղորայքը կարող է օգտագործվել որեւէ ահաբեկիչ ԻՀՊԿ անդամի բուժման նպատակով:
Մարտի 2-ից հետո Արարատ Միրզոյանն Աբաս Արաղչիի հետ չի խոսել ու երեւի էլ երբեք էլ չխոսի: Ի՞նչ իմաստ ունի խոսել մի ռեժիմի ներկայացուցչի հետ, որի խոսքն արժեք չունի, որեւէ արժեք չունի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է

700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է Fri, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով