Մարիա Ստյուարտ․ ողբերգականության, ռեալիզմի եւ միֆի սահմանագծին

Մարիա Ստյուարտ․ ողբերգականության, ռեալիզմի եւ միֆի սահմանագծին

Fri, 20 Mar 2026 21:00:18 +0400


Միջնադարյան Եվրոպայի ամենահետաքրքիր պատմական կերպարներից մեկը, անխոս, Շոտլանդիայի թագուհի Մարիա Ստյուարտն է (1542-1587)՝ հակասական կերպար, պարուրված միֆականությամբ, որը հաճախ է ժամանակի գրողների եւ ռեժիսորների ստեղծագործական ներշնչանքի աղբյուր հանդիսացել։ Ստեֆան Ցվայգը, օրինակ, առանձին մենագրություն ունի նրա մասին՝ վիպականացված կենսապատումի ժանրում։ Մարիայի կերպարը նաեւ կինոյում է բավականին արծարծվել՝ կինոարվեստի ավելի քան մեկդարյա պատմության ընթացքում։

Նրա ողբերգական կերպարը, իշխանության համար պայքարը, անձնական կյանքի դրամաներն ու ժամանակի կրոնական հակասությունները, ինչ խոսք, սիրված թեմաներ են ցանկացած կինոռեժիսորի համար։ Այս առումով, հատկապես ուշագրավ է նրա եւ զարմուհու՝ անգլիական Եղիսաբեթ 1-ին թագուհու պայքարը։ Ու այս ամենի համադրությամբ էլ ծնվել է ողբերգական ճակատագրով այս կնոջ (գլխատվել է տեւական բանտարկությունից հետո) կինոկերպարը։ Առաջին կինոնկարներից մեկը, որը նկարահանվել է Մարիա Ստյուարտի մասին, եղել է կինոարվեստի արշալույսին՝ 1895 թվականին։ Այն կոչվում էր The Execution of Mary, Queen of Scots։ Ռեժիսորն է Ալֆրեդ Քլարկը։ Այն կարճամետրաժ համր կինոստեղծագործություն է՝ ընդամենը 18 վայրկյան տեւողությամբ, որը պատկերում է Մարիա թագուհու մահապատիժը։ Չնայած ժապավենի պարզությանը, այն ահռելի մեծ նշանակություն ունի կինոյի պատմության համար, քանի որ այնտեղ առաջին անգամ են կիրառվել մոնտաժի հնարքն ու հատուկ էֆեկտները։

1920-ականներին՝ 1923 թ․, էկրան է բարձրանում The Loves of Mary, Queen of Scots կինոնկարը, որտեղ ավելի շեշտադրվում են թագուհու անձնական կյանքն ու այնտեղ տեղ գտած սիրային դրամաները, դրանց հետ կապված քաղաքական ինտրիգները։ Այստեղ արդեն առաջին անգամ էկրանին տեսնում ենք Մարիային ոչ միայն որպես թագուհի, այլ նաեւ մարդ՝ կին, իրեն հատուկ ապրումներով եւ զգացմունքներով, որոնք նույնիսկ պատմական ընթացքի վրա են ազդեցություն ունենում։ Շոտլանդական թագուհու ողբերգական կերպարի զարգացման հարցում կարեւոր նշանակություն է ունենում 1971-ին էկրան բարձրացած Mary, Queen of Scots կինոնկարը, որի ռեժիսորն էր Չարլզ Ջարոթը։ Այս կինոնկարի առանցքում երկու զարմուհիների՝ Մարիա Ստյուարտի եւ Եղիսաբեթ 1-ինի պայքարն էր։ Այն ոչ միայն քաղաքական, այլ նաեւ սիմվոլիկ մեկնաբանություն ունի՝ կանանց իշխանության երկու մոդելների պայքար։ Այն նաեւ մեկնաբանվում է որպես «տղամարդկանց աշխարհում իշխանավոր կանանց պայքար»։

Ուշագրավ է, որ պատմականորեն երկու զարմուհիներն իրականում երբեք չեն հանդիպել։ Սակայն Ջարոթն այս հարցում շեղվում է պատմականությունից եւ նրանց հանդիպումներն օգտագործում է որպես դրամատուրգիական հնարք։ Սա էլ, թերեւս, ապացուցում է այն, որ կինոն ոչ թե պատմությունն է վերակերտում, այլ այն դարձնում է առավել արտահայտչական՝ հատկապես, երբ կան սուր կոնֆլիկտ եւ դիտարժանություն։

Մեր օրերում արդեն Մարիա Ստյուարտի կերպարը դառնում է առավել բարդ ու հոգեբանորեն ավելի խորքային։ 2013-ին Թոմաս Իմբախի նկարահանած Mary, Queen of Scots կինոնկարում արդեն հանդիսատեսն աշխարհը տեսնում է հենց Մարիայի աչքով՝ փորձելով հասկանալ նրա կասկածները, վախերն ու ներքին ապրումները։ Սա լիովին համահունչ է պատմական կինոյի ժամանակակից ընկալումներին, որտեղ շեշտը հերոսների ներաշխարհի վրա է դրվում։ Ժամանակակից ամենահետաքրքիր էկրանավորումը 2018-ին Սիրշ Ռոնանի եւ Մարգո Ռոբիի Mary Queen of Scots-ն է, որտեղ պատկերված է Մարիա Ստյուարտի վերադարձը Շոտլանդիա եւ պայքարն անգլիական գահի համար։ Առհասարակ, եթե հետեւենք կինոգետների կարծիքներին, ապա պետք է հստակ արձանագրենք, որ միջնադարյան Եվրոպայի այս ամենավառ անձանցից մեկի պատմական կերպարն ու կինոկերպարը խիստ տարբեր են, ու պատմական կերպարն ավելի շատ արդյունք է գեղարվեստական ստեղծագործության եւ միֆականացման համադրության։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եթե Փաշինյանը չէր կարող կանխատեսել պատերազմը, ինչի՞ հիման վրա է այժմ փորձում կանխագուշակել

Եթե Փաշինյանը չէր կարող կանխատեսել պատերազմը, ինչի՞ հիման վրա է այժմ փորձում կանխագուշակել Fri, 20 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով