«Հրապարակ»․ Կրկին մահ «Արմավիրում»` կարանտինի՞, թե՞ մահվան խուց
Sat, 21 Mar 2026 12:45:39 +0400
Ավտոճանապարհային խախտման համար 7 ամսվա ազատազրկման դատապարտված Գեղամ Պետրոսյանի առողջական վիճակը խիստ ծանր է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, եւ ո՛չ ՔԿՀ ղեկավարությունը, ո՛չ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը նրան չեն օգնում:
Բանն այն է, որ Գեղամ Պետրոսյանն ունի երիկամների քրոնիկ անբավարարություն՝ օրգանիզմում ազոտ է կուտակվում: Հունվարի 9-ին նա սրտի կանգ է ունեցել: Իրավիճակը բարդանում է նրանով, որ, ալերգիա ունենալու պատճառով, սովորական դեղամիջոցները միայն վատթարացնում են դատապարտյալի վիճակը:
Սուր նոպայից հետո Գեղամ Պետրոսյանին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց, հետազոտություններ են արվել «Աստղիկ» ԲԿ-ում, սակայն ո՛չ այս բուժհաստատությունը, ո՛չ մյուսները՝ «Էրեբունի», «Իզմիրլյան», «Արմենիա» ԲԿ-ները, չեն ընդունել Պետրոսյանին: Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում պատմեցին դատապարտյալի հարազատները:
«Մեզ ասացին ՊՈԱԿ-ից, որ ոչ մի հիվանդանոց չի ուզում դատապարտյալ ընդունել: «Աստղիկ» ԲԿ-ում ասել են՝ դատապարտյալ է, չենք ընդունում, «Էրեբունի», «Իզմիրլյան», «Գրիգոր Նարեկացի» ԲԿ՝ ոչ մի տեղ չեն ընդունել: Մեզ ՊՈԱԿ-ից ասում են՝ բոլոր հիվանդանոցները մերժել են, հիվանդանոց գտեք` տանենք: Բայց ես որտեղի՞ց հիվանդանոց գտնեմ: «Աստղիկում» հետազոտություններ են արել, մոտ 60 հազար դրամի, ՄՌՏ եւ այլն, ՊՈԱԿ-ն է արել: Ահագին գումար ծախսեցինք, հակաբորբոքային բուժում պետք է ստանա, սրտի ստենտավորում, բայց մերժել են, որովհետեւ դատապարտյալների հետ չեն աշխատում»,- պատմում է դատապարտյալի կինը:
Նա խնդրել է, որ Քրեակատարողական բժշկության կենտրոնն ազատման ներկայացնի իր ամուսնուն՝ «ակտավորի»: «Գեղամի հիվանդությունները կալանքի հետ անհամատեղելի են, կա՛մ բուժում նշանակեք, կա՛մ ակտիրովկա արեք: Մեզ պատասխանում են՝ որ տուն տանեք, ի՞նչ եք անելու: Կտանենք Գերմանիա, Իսրայել, մի բան կանենք, բայց հիմա ամուսինս մեռնում է բանտում»,- ասում է Գեղամ Պետրոսյանի կինը: Ինքը՝ դատապարտյալը, հացադուլ է հայտարարել՝ պահանջելով բուժում:
ՔԿԾ լրատվականից հայտնեցին. «Դատապարտյալ Գեղամ Պետրոսյանը մարտի 16-ին հացադուլ է հայտարարել եւ ներկայում գտնվում է հացադուլի մեջ, բժշկական հարցերով դիմեք «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին»:
ՊՈԱԿ-ից մեր զանգերին չպատասխանեցին: Գեղամ Պետրոսյանի ճակատագիրն անորոշ է, առողջական վիճակը կտրուկ վատթարացել է: Նա հայտնել է կնոջը, որ շատ վատ է: «Զանգեց ասեց` ես լավ չեմ, ճնշումս հելել ա 170, շատ վատ եմ, կարող ա մնամ տեղում: Նա որ վատանում է, անալգին-դիմեդրոլ են անում: Բերդում հրահանգ կա՝ նրան ոչ մի դեղ չանել, ռիսկային է ալերգիայի պատճառով: Պատկերացրեք՝ ազոտը կտրուկ բարձրանում է, թոքային անբավարարություն է սկսվում, ասթմա, բերանի չորություն ունի, ճնշումը բարձրանում է, շնչահեղձ է լինում: Իրեն «Արմավիրից» էտապ արեցին «Սեւան» ՔԿՀ ու էլի հետ բերեցին: Ո՛չ բուժել կարող են, ո՛չ էլ բաց են թողնում, որ գա տուն: Հիմա բե՞րդ ենք ուղարկել, թե՞ մահվան: Հիվանդանոցները չեն ընդունում դատապարտյալների, հետո՞ ինչ, որ դատապարտյալ է, ուրեմն պետք է մեռնի՞»,- համարյա լաց է լինում Գեղամի կինը: Նա չի հասկանում, թե ինչու են մարդուն ծայրահեղ ծանր վիճակում պահում, այն էլ՝ հացադուլի մեջ: Անգամ կալանավայրի աշխատողներն են զգուշացրել կնոջը, որ այսպիսի «բուկետ» հիվանդություններով Գեղամը կարող է մահանալ խցում:
Ի դեպ, քրեակատարողական հիմնարկներում մահն արդեն սովորական պատմություն է դարձել: Օրերս նույն՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կախվել է մի տղամարդ: ՔԿԾ-ից այս տեղեկությունը հաստատեցին՝ նշելով, որ մարտի 17-ին, ժամը 11։00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային խցում հայտնաբերվել է ս.թ. մարտի 13-ին կալանավորված, 1973թ․ ծնված անձը՝ կախված վիճակում։ Ըստ մեր աղբյուրների, տղամարդը Գեղամ Պետրոսյանի հետ նույն խցում է եղել:
Երեկ գիշերը՝ մարտի 20-ին, կրկին «Արմավիրի» բերդի կարանտինի խցում կախվելու դեպք է գրանցվել: Սավանով կախվելու փորձ է կատարել մոտ 40 տարեկան դատապարտյալ Թորոս Թորոսյանը, սակայն չի կարողացել ավարտել իր չար մտադրությունը: Խցակիցները կտրել են սավանը եւ փրկել կյանքը: Ինքնասպանության փորձի պատճառն առողջական վիճակն է: Դատապարտյալը մի քանի անգամ դիմել է բուժօգնության համար, բայց ոչինչ չի արվել: Մենք կապ հաստատեցինք «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ փոխտնօրենի՝ Նաիրա Բաբայանի հետ: Նա չցանկացավ ոչ մի հարցի պատասխանել եւ հերթապահ խոսքերը նետեց. «Ինչ պետք է, արվում է»: Մնում է հասկանալ` եթե ամեն ինչ անում են, ինչո՞ւ են կալանավայրերում մարդիկ այսքան շատ մահանում: