Կարող է 102-րդ ռազմաբազան օգտագործվել ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի

Կարող է 102-րդ ռազմաբազան օգտագործվել ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի

Sat, 21 Mar 2026 18:15:51 +0400


Ռուսաստանի Դաշնության կառավարությունը Պետ­դումա է ներկայացրել օրինագիծ, որը նախագահին լիազորություն է տալիս՝ զինված ուժերն օգտագործելու արտասահմանում՝ պաշտպանելու օտարերկրյա դատարանների կամ միջազգային մարմինների որոշումներով ձերբակալված կամ հետապնդվող Ռուսաստանի քաղաքացիներին, որոնց իրավասությունը հիմնված չէ Ռուսաստանի Դաշնության հետ կնքված պայմանագրերի կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի վրա։ Այս փաստաթուղթը փոփոխություններ է մտցնում «Քաղաքացիության մասին» եւ «Պաշտպանության մասին» օրենքներում․ նախագահի որոշմամբ, պետական մարմինները պարտավորվում են միջոցներ ձեռնարկել նման քաղաքացիներին պաշտպանելու համար, իսկ բանակի օգտագործումն ընդլայնվում է՝ ներառելով նրանց ազատ արձակման հետ կապված խնդիրները։ Պետդումա ուղարկված նախագծի բացատրական գրառման մեջ նշվում է, որ նախաձեռնությունն ընդլայնում է «Անվտանգության մասին» օրենքի դրույթները՝ ավելացնելով հատուկ գործիք՝ զինված ուժերի արտատարածքային օգտագործումը՝ Ռուսաստանի եւ նրա քաղաքացիների շահերը պաշտպանելու համար։

Նման նախագծի փոփոխության անհրաժեշտությունն առաջացավ, երբ տարբեր երկրներ սկսեցին կալանավորել Ռուսաստանի Դաշնության դրոշի տակ նավարկող նավեր, որոնց անձնակազմերը համալրված էին Ռուսաստանի քաղաքացիներով: Վերջին շրջանում Բալթիկ ծովի ջրերում եւ այլ տարածքներում նման իրավիճակները դարձել են հաճախակի, եւ նման օրենք ընդունելով, Ռուսաստանը ցանկանում է զգուշացնել իր դեմ թշնամական գործողություններ իրականացրած երկրներին, որ եթե նման դեպքերը շարունակվեն, ապա Ռուսաստանը պատրաստ կլինի զինված ուժեր կիրառել՝ իր երկրի եւ քաղաքացիների օրինական շահերը պաշտպանելու համար:
Օրինակ, եթե Լիտվայի, Նորվեգիայի, Դանիայի կամ որեւէ այլ երկրի մտքով անցնի կալանավորել ռուսական նավթով բարձված լցանավ եւ ազատությունից զրկել նավի վրա գտնվող Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող անձնակազմի անդամներին, ապա Ռուսաստանը կարող է այդ երկրները, դրանց ենթակառուցվածքները, պետական եւ կառավարական հիմնարկները ենթարկել հրթիռային հարվածների կամ նման հարվածներ չհասցնելու դիմաց պահանջել ազատ արձակել իրեն պատկանող նավը եւ անձնակազմը:

Միջազգային իրավունք այլեւս գոյություն չունի, վիճելի հարցերն այլեւս չեն լուծվում միջազգային հարթակներում, եւ երկրներից յուրաքանչյուրը փորձում է իր ունեցած միջոցներով եւ հնարավորություններով պաշտպանել իր աշխարհաքաղաքական եւ տնտեսական շահերը, այդ թվում՝ իր քաղաքացիների իրավունքները եւ ազատությունները: Մանավանդ, որ կյանքը ցույց տվեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքը եւս անգործունակ է, եւ այդ դաշինքի հիմնական անդամ երկիրն այնքան էլ շահագրգռված չէ պաշտպանել դաշինքի անդամ մանր երկրների շահերը, եթե նրանք պատրաստ չեն ԱՄՆ-ի հրահանգով նետվել Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի կողմից վառված կրակի բոցերի մեջ:
Մեզ այս օրենքի հետ կապված՝ հետաքրքրում է մեզ վերաբերող հատվածը: Գաղտնիք չէ, որ Հայաստանում արդեն 9 ամիս կալանավորված եւ ազատությունից զրկված Սամվել Կարապետյանը, բացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, ունի նաեւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն: Սամվել Կարապետյանի կալանավորման որոշումը կայացրած դատարանների իրավասությունը հիմնված չէ Ռուսաստանի Դաշնության հետ կնքված պայմանագրերի կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի վրա․ ՄԱԿ ԱԽ-ն Սամվել Կարապետյանին կալանավորելու սանկցիա չի տվել: Բացի դա, Ռուսաստանի բազմաթիվ պաշտոնական ներկայացուցիչներ հայտարարել են, որ Կարապետյանի կալանավորումը համարում են ոչ իրավաչափ, նրան տրամադրվել է հյուպատոսական աջակցություն:

Հիմա հարց. այս նախագծի ընդունումից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարո՞ղ է օգտագործել իր լիազորությունը եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերն օգտագործել՝ իր քաղաքացի Սամվել Կարապետյանին պաշտպանելու համար: Տեսականորեն, իհարկե, կարող է: Գործնականում կտա, թե չի տա, դժվար է ասել: Բայց հարցին պատասխանելիս պետք է հաշվի առնել, որ Հայաստանի տարածքում օրինական հիմքով գտնվում են ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումներ`102-րդ ռազմաբազան: Ռազմաբազայում գտնվող հատուկ նշանակության ուժերը հրաման ստանալու դեպքում կարող են հատուկ գործողություն իրականացնել՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի:

Իհարկե, Հայաստանը եւս ունի զինված ուժեր, այդ զինված ուժերի կազմում եւս կան հատուկ նշանակության ուժեր, որոնք կարող են հակազդել Ռուսաստանի զինված ուժերին: Բայց այդ դեպքում մենք ականատես կլինենք մի աննախադեպ իրավիճակի՝ հայ-ռուսական ռազմական բախման, որն աննախադեպ կլինի հայ ժողովրդի պատմության մեջ, իսկ մյուս կողմից կպայթի Փաշինյանի փչած խաղաղության փուչիկը:
Սա այնքան էլ տեսական իրավիճակ չէ, երբ մեծ երկրներն ինչ-որ օրենքներ են ընդունում, դրանց հետեւում կան որոշակի գործողությունների պլանավորում եւ նախապատրաստություն: Այնպես որ, ոչինչ բացառել պետք չէ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եվրամիության արագ արձագանքման խումբն օժանդակելու է Փաշինյանի վերընտրությանը՝ Մոլդովայի օրինակով

Եվրամիության արագ արձագանքման խումբն օժանդակելու է Փաշինյանի վերընտրությանը՝ Մոլդովայի օրինակով Sat, 21 Mar 2026 15:45:00 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով