Ապուցուցել ենք, որ Փաշինյանն ու ՔՊ-ն ստում են ներխուժումների հետ կապված
Wed, 25 Mar 2026 12:31:00 +0400
Ասուլիսի ընթացքում «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածք ադրբեջանական ներխուժումների վերաբերյալ իր նախկինում ներկայացրած փաստերը, իր գնահատմամբ, հաստատվել են նաև անկախ լրատվամիջոցների հետաքննություններով։ Նրա խոսքով՝ այս հանգամանքը վկայում է, որ իշխանությունները չեն ներկայացրել ամբողջական տեղեկատվություն տեղի ունեցածի մասին։
««Դրանով մենք ապացուցեցինք, որ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն ստում են և գաղտնի են պահել մեզանից այս ներխուժումը»,- ասաց նա։
Թաթոյանը նշել է, որ իրենք ոչ միայն քննադատում են, այլև առաջարկում են կոնկրետ լուծումներ՝ ուղղված երկրի անվտանգության ամրապնդմանը և երկարաժամկետ խաղաղության ապահովմանը։ Այդ նպատակով, նրա ներկայացմամբ, մշակվել է գործողությունների ծրագիր՝ բաղկացած մի քանի հիմնական քայլերից։
Առաջին քայլով նախատեսվում է իշխանության գալուց անմիջապես հետո ստեղծել վարչապետին առընթեր հատուկ հանձնաժողով, որը կզբաղվի ռազմական ոլորտի բարեփոխումներով և կունենա վեցամսյա մանդատ։ Հանձնաժողովը պետք է ներկայացնի հստակ ծրագիր և ապահովի դրա կատարման վերահսկողությունը։
Երկրորդ քայլը վերաբերում է հանձնաժողովի գործունեության հստակ ժամկետների և հաշվետվողականության սահմանմանը՝ նպատակ ունենալով կարճ ժամանակում բարձրացնել երկրի պաշտպանունակությունը և հասնել տարածաշրջանային հավասարակշռության։
Ծրագրի հաջորդ կարևոր կետը վերաբերում է պաշտպանական ոլորտում պետական ներդրումներին։ Ըստ առաջարկի՝ նախատեսվում է օրենսդրական փոփոխությամբ սահմանել, որ ռազմական ծախսերը չեն կարող լինել ՀՆԱ-ի 8 տոկոսից պակաս։ Դա, Թաթոյանի գնահատմամբ, կնպաստի բանակի բյուջեի զգալի աճին և ռազմարդյունաբերության զարգացմանը, այդ թվում՝ տեղական արտադրության խթանմանը։
Առանձին կարևոր ուղղություն է համարվում նաև անցյալ ռազմական իրադարձությունների վերաբերյալ ճշմարտության բացահայտումը։ Թաթոյանը նշել է, որ նախատեսվում է հրապարակել ինչպես 2016 թվականի ապրիլյան պատերազմի, այնպես էլ 2020 թվականի պատերազմի վերաբերյալ զեկույցները՝ ապահովելով պատասխանատվության մեխանիզմներ։
Ծրագրի վերջին ուղղություններից մեկը վերաբերում է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը և պաշտպանության նոր մոտեցումներին։ Նրա խոսքով՝ առաջնահերթություն է տրվելու տեխնոլոգիական զարգացումներին, հետախուզական կարողությունների ուժեղացմանը և ավելի արդյունավետ, տեխնիկապես հագեցած բանակի ձևավորմանը։