Ինչ կենտրոններ են միավորվելու
Thu, 26 Mar 2026 11:46:30 +0400
ՀՀ կառավարության նիստում ընդունվել է որոշում, որով նախատեսվում է միավորել տարեցներին և երեխաներին խնամք ու աջակցություն տրամադրող մի շարք կենտրոններ։
Ըստ որոշման՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործող երեխաների սոցիալական հոգածության կենտրոնը և Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը կմիանան «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնին։ Արդյունքում կձևավորվեն Աջափնյակի և Նուբարաշենի մասնաճյուղեր։
Նախատեսվում է նաև միավորել Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը և Երևանի «Մանկան տունը», ինչի արդյունքում կգործի Մարի Իզմիրլյանի անվան մասնաճյուղ։ Միացման գործընթացը կներառի նաև «Հաղթանակ» և «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոնները, որոնց հիման վրա կստեղծվի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի մասնաճյուղ։
Վերակազմավորման շրջանակում փոփոխություններ կկատարվեն նաև Շիրակի մարզում․ կմիավորվեն երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը և Գյումրու «Երեխաների տունը», ինչի արդյունքում կձևավորվի Գյումրու մասնաճյուղ։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ առանձին գործող հաստատությունները հիմնականում իրականացնում են մեկ տեսակի ծառայություն, ինչը դժվարացնում է տարբեր կարիքներ ունեցող անձանց և ընտանիքների համալիր աջակցությունը։ Միևնույն ժամանակ, նույնատիպ ծառայությունների կենտրոնացումը մեկ վայրում հակասում է ներառականության սկզբունքին և խոչընդոտում մասնագիտական ռեսուրսների հավասարաչափ բաշխմանը։