ԱԱԾ֊ի ուղղությամբ տղամարդը «Մոլոտովի կոկտեյլ» էր նետել` ուշադրություն գրավելու համար
Sat, 28 Mar 2026 14:15:30 +0400

Մարտի 6-ին ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլ» էր նետել 31֊ամյա Րաֆֆի Մանդալյանը։ Դատարանը բավարարել է նրա նկատմամբ երկու ամսով կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։
Իրավապահները նրա գործողությունները որակել էին որպես ահաբեկչություն։ Տղամարդու նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչությունը)։
Մեղադրյալի պաշտպան Հրաչ Առաքելյանը «Հրապարակ»֊ի հետ զրույցում ասաց, որ կալանավորման որոշումը բողոքարկել են Վերաքննիչ դատարան, դեռեւս տեղեկություն չունեն` այն ում է մակագրվել։
Մեր հարցին ի պատասխան`թե մեղադրանքն ընդունո՞ւմ է իր պաշտպանյալը եւ ինչու էր բենզինով պայթուցիկը նետել ԱԱԾ֊ի ուղղությամբ, ասաց. «Մեղադրանքը չի ընդունում»։
Պաշտպանը նշեց` դա արել է` ուշադրություն գրավելու նպատակով։
Ըստ փաստաբան Առաքելյանի` իր պաշտպանյալի` հոգեկան առողջական խնդիրներ ունենալու հետ կապված փաստաթղթեր առկա չեն, սակայն քննիչին միջնորդելու են համապատասխան փորձաքննություն նշանակել։
Րաֆֆի Մանդալյանի մայրը մահացած է, նա ապրում էր հոր հետ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր