Մանիպուլյացիա․ «բարի» վարչապետը և կոպիտ ենթական
Sat, 28 Mar 2026 14:45:35 +0400
Մինչ քաղաքագիտական ու լրատվական աղբյուրները քննարկում են Դեմիրճյան փողոցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպն ու ավելորդ էներգիա վատնում, ուզում եմ ընդհատել նրանց։ Էլի լինելու են նման սցենարներ ու շա՜տ, սպասեք հուզումնալից սերիալների։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի քաղաքական կյանքը վերածել է բազմաժանր սերիալների։ Ամեն սերիալ քննարկելուց առաջ փորձեք հոգեբանորեն հասկանալ, թե ինչու՞ է ռեժիսորը նման լուծում տվել։ Ռեժիսոր ասելով նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանին։
Ալեն Սիմոնյանի դեպքից առաջ հիշեք Նիկոլ Փաշինյանի մետրոյում տեղի ունեցած խայտառակությունը։ Այլ ելք չգտնելով, նա ներողություն խնդրեց՝ հանկարծ աթոռին բան չլինելու սկզբունքով։ Հետո եղավ Ալենի դեպքը։ Հայհոյեց քաղաքացուն։ Հանրությունը սպասում էր, որ նա, Փաշինյանի նման, ներողություն կխնդրի։ Բայց ռեժիսորն այլ լուծում տվեց։ Ալենը չպիտի ներողություն խնդրի, որպեսզի Նիկոլ Փաշինյանի ներողության ֆոնը լիակատար բարություն ճառագի։ Տեսեք՝ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է ու ներողություն է խնդրում, բայց Ալեն Սիմոնյանն անընդհատ արդարանում ու փորձում է իրեն պաշտպանել։ Պարզ, պրիմիտիվ մանիպուլյացիա է, որին գուցե Ալեն Սիմոնյանն էլ Նիկոլի կողմից որպես բարեհոգություն է ընդունել։
Բայց այստեղ ավելի խորքային հոգեբանական շերտ կա, որը հաճախ վրիպում է։ Խոսքը ոչ միայն մանիպուլյացիայի, այլ դերաբաշխման մեխանիզմի մասին է։ Ռեժիսորը ոչ միայն սյուժեն է կառուցում, այլև կերպարների ներսում ձևավորում է ինքնընկալման շրջանակներ։ Երբ համակարգում մեկը «ներողություն խնդրող» է, իսկ մյուսը՝ «հակադրվող» կամ «արդարացվող», ձևավորվում է կոլեկտիվ ընկալման երկբևեռ կառուցվածք՝ «բարի առաջնորդ» – «գռեհիկ ենթակա»։ Սա դասական «լավ ոստիկան – վատ ոստիկան» հոգեբանական խաղի քաղաքական տարբերակն է, որտեղ իրական նպատակը ոչ թե կոնֆլիկտի լուծումն է, այլ հանրային էմոցիայի կառավարումը։ Եթե առաջնորդը ժամանակ առ ժամանակ ընդունում է սխալը, նա սկսում է ընկալվել որպես «մարդկային», իսկ նրա շրջապատում գտնվողները՝ որպես «ծայրահեղ» կամ «պաշտպանական շերտ»։ Այդ շերտը, ըստ էության, դառնում է հոգեբանական բուֆեր՝ կլանելով բացասական էներգիան և թույլ տալով կենտրոնական ֆիգուրին պահպանել համեմատաբար մաքուր իմիջ։ Նիկոլ Փաշինյանը փորձում է իր իմիջը վերականգնել թիմակիցների հաշվին։ Եթե ենթական իմանա, որ պատժվելու է, երբեք նման քայլ չի կատարի։